Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

Հուլիս 13, 2014թ. 21:35

Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ)

-Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք:
Իսկ սահմանային դիվերսիոն գործողությունների նպատակը լայնածավալ պատերազմի վերսկսումն է՞:
-Այո, բայց դա ոչ միայն Ադրբեջանն է ուզում, այլև այն ուժերը, որոնք Ադրբեջանին զինում ու Հայաստանի դեմ են հրահրում: Ադրբեջանը գործիք է այդ ուժերի ձեռքին: Իսկ, թե որոնք են այդ ուժերը դժվար չէ կռահելը, տեսեք, թե ո՞ր երկրներ են զինում Ադրբեջանին. դա և Ռուսաստանն է, և Ուկրաինա, Թուրքիան, Իզրայելն ու Պակիստանը:
-Սերժ Սարգսյանը արգենտինյան լրատվամիջոցին տված հարցազրույցում շատ պարզ ասել է այդ մասին, որ մեր ժողովուրդը խիստ մտահոգված է, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա չի բացառել ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը:
-Դեռ 1994-ից սկսած ես մշտապես ասել եմ, որ պատերազմը վերսկսվելու է: Այն ժամանակ բոլորն ինձ հակադարձում էին, թե պատերազմի տեսած մարդ ես, դրա համար ես ասում: Իսկ հիմա, երբ վառոդի հոտն ավելի մոտ է զգացվում, պատերազմի վերսկսման վտանգը բոլորն են զգում: Ինջ մտահոգում է և այն, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը կարողանում են թափանցել մեր սահմանից այս կողմ: Սա վերլուծման կարիք ունի: Բայց միայն վերլուծելով ու կարծքներ հայտնելով ոչինչ չենք անի, հարկավոր են կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեն իրավիճակի փոփոխմանը:
-Ի՞նչ եք առաջարկում:
-2010-ին ազատամարտիկների հետ միասին ես կանգնեցի նախագահականի դիմացն ու պահանջեցի ստեղծել աշխարհազորային, մի բան, որ կարող է միայն պետությունն անել: Այսօր դարձյալ նույնն եմ հայտարարում, դա է մեր փրկությունը: Ողջ ժողովրդով պիտի պատրաստ լինենք ու կարողանանք մեր սահմանները, մեր բնակավայրերը պաշտպանել: Հիշենք, որ սահմանը մեր մայրաքաղաքից՝ Ստեփանակերտից հեռում է ընդամենը 25 կմ: Բանակը մեր ազգի մի հատվածն է, մի կառույցը, իսկ մենք ամբողջ ազգով պետք է պատրաստ լինենք կռվելու: Անվերջ բարձրաձայնեք, ահազանգեք այս մասին:
-Առաջարկում եք ներդնել մի համակարգ, որով հնարավոր կլինի ժամանակին մոբիլիզացնել մեր ուժերը:
-Այո, այո: Համակարգը կա, մնում է իրականացնել: Պետք է ձերբազատվենք ռուսական գործող համակարգից, դա սխալ է, հարց չի լուծում ու ստեղծենք մեր աշխարհազորը: Մյուս կարևոր խնդիրը հետևյալն է, պետք չէ հույսներս ինչ-որ մեկի վրա դնենք, թեկուզ ռուսների, միայն ինքներս ենք մեր պաշտպանը: Այն, որ ռուսներն Ադրբեջանին հարձակողական զենքեր են տալիս, բայց ոչ պաշտպանական, սա մեզ ոչինչ չի ասո՞ւմ: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին տանկ չտա, այլ ֆագոտ, ես կմտածեի, որ խաղաղություն են ուզում, բայց երբ Ադրբեջանին տալիս են տանկ, իսկ ֆագոտը ուղարկում Հայաստան, նշանակում է ադրբեջանցիներին քշում են մեր դեմ: Պարզ չէ՞:
Ալիևը հպարտորեն ասում է, թե իրենք ինչ զենքեր ունեն ու ռազմական ի՞նչ գործողություններ կարող են կատարել, իսկ մերոնք չեն խոսում, ընդամենն ասում են, թե բալանսը պահպանված է, հիմա ես չգիտեմ, թե դա ո՞րն է: Եթե բացատրեն, գուցե հասկանա՞մ: Եթե ասեն, որ Սմերչի դիմաց ռուսները մեզ մեկ այլ հզոր զինատեսակն են տվել, բնականաբար, կհասկանամ ու ինչ- որ տեղ նաև կհանգստանամ: Բայց քանի դեռ նման տեղեկություն չունեմ՝ խիստ մտահոգ եմ:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն