Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը խափանեց հարաբերությունների կարգավորումը
Հարցազրույց թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-2008թվականին Հայաստանը որդեգրեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու քաղաքականություն, իսկ 2009-ին իհայտ եկան Ցյուրիխյան հայտնի արձանագրությունները: Եվ այս տարիներին Հայաստանն արեց հնարավորը այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է սակարկել: Կարո՞ղ ենք փաստել, որ հայ- թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերն այլևս ավարտված են:
-Նախ, մեկ ճշտում, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման քաղաքականությունը որդեգրվել է Հայաստանի անկախացումից անմիջապես հետո: Մեր երկիրը մշտապես ջանացել է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Բայց ամեն անգամ այդ ջանքերը պսակվել են անհաջողությամբ: Հարաբերություններում քիչ, թե շատ դրական առաջընթաց արձանագրվեց ՙֆուտբոլային՚ դիվանագիտության շրջանում: Այնուամենայնիվ, անցած տարիներն ապացուցեցին, որ Թուրքիայի ապակառուցողական մոտեցման պայմաններում հնարավոր չէ հարաբերություններ կարգավորել:
Ըստ իս, հայ-թուրքական արձանագրությունների իհայտ գալն ուներ բոլորովին այլ նպատակ: Եթե հարցը վերլուծենք մաքսիմումի ու մինիմումի տրամաբանության մեջ, ապա առաջին դեպքում նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն էր, ինչն ի սկզբանե հայտնի էր, որ չի ստացվելու, երկրոդ պարագայում նախատեսվում էր սկսել մի գործընթաց և փորձել դրանից հնարավոր դիվիդենտներ շահել` խնդիրներ հարուցելով Թուրքիայի համար: Այս առումով, մենք հասանք որոշակի հաջողությունների: Սակայն ներկայիս իրողությունները` մի կողմից Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, մյուս կողմից մոտեցող 2015թվականը մեզ պարտադրում են ավելի կոշտ մոտեցումներ ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում և անել ավելի կտրուկ քայլեր: Ինչի ականատեսն ենք արդեն:
-Ասացիք` որոշակի հաջողություններ ենք արձանագրել, որո՞նք են դրանք, և ի՞նչ կասեք հնչող այն գնահատականների առնչությամբ, թե Հայաստանը Թուրքիայի հետ վարվող քաղաքականության մեջ պարտություն գրանցեց:
-Ես դեմ եմ շրջանառվող այդ ձևակերպումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի պարտությունն են, կամ հաղթանակը: Իմ համոզմունքն է` այն ո՜չ հաղթանակ է, ո՜չ էլ պարտություն: Արձանագրենք փաստերը, որոնք հաստատում են, որ թե ինչո՞ւմ շահեց Հայաստանը: Ինքնուրույն խաղ սկսելով
Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես եկավ որպես առավել պատասխանատու գործընկեր, միջազգային չափանիշներին ավելի հավատարիմ պետություն: Մինչդեռ Թուրքիան Հայաստանի սկսած քաղաքական խաղի արդյունքում աշխարհին ցուցադրեց իր երկդիմի քաղաքականությունը, ներկայացավ որպես իր ստանձնած պարտավորությունները չկատարող երկիր, որը կարող է, անգամ ամենաբարձր մակարդակով, առաջնորդվել շարքային խաբեբայի մտածողությամբ: Այս տարիներին Թուրքիան հայտնվեց բարդ իրավիճակներում, տարբեր գերտերությունների ղեկավարներ նրան կոչ էին անում կատարել իր պարտավորությունները, հիշեցնում, թե որտե՞ղ է գտնվում գնդակը: Իսկ Հայաստանն այս խաղում առավել շահեկան դիրքերում էր: Այսքանով էլ կարող ենք գործընթացը համարել դրական, բայց ոչ հաղթական, քանի որ մենք ևս ունեցանք որոշակի խնդիրներ, դրանցից ամենակարևորն այն է, որ արձանագրությունները պատճառ դարձան սփյուռքահայության ու Հայաստանի հայության միջև անջրպետի առաջացման:
-Ինչպես նաև այս տարիներին նկատելիորեն կանգ առավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
-Գիտեք, այստեղ երկու խնդիր կա. առաջինն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ և այդ գործընթացը չի կարող լինել պերմանենտ: Կան երեք պետություններ` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Իզրայելը, որոնց կողմից Ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է, բայց այս երկրներն իրենց քաղաքական կարևոր խնդիրները չէին պայմանավորելու ինչ-որ արձանագրությունների գոյությամբ կամ չգոյությամբ: Երկրորդ, հերթական անգամ ականատես եղանք այն բանին, որ քաղաքակիրթ աշխարհը, որպեսզի չընդունի հայ ժողովրդի հանդեպ իրագործված մեղքը, փնտրում ու գտնում է տարբեր պատրվակներ: Այս առումով, հայ-թուրքական արձանագրությունները դարձան հերթական պատրվակը, որպեսզի իրենք դադարեցնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այդ պետությունների նման պահվածքը, ինչ խոսք, անկեղծ չէ:
-Սերժ Սարգսյանը Հայաստան-սփյուռք, ապա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, թե պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Հիշյալ հայտարարությանն ի՞նչ գործընթաց է հաջորդելու:
-Ի սկզբանե հայտարարված էր, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում ու այդ ժամկետները չեն կարող լինել հավերժ: Ակտիվ դերակատարում ունեցող պետությունների միջնորդություններով էր, որ այդ ժամկետները մի քանի անգամ երկարացվեցին: Բայց ի սկզբանե պարզ էր, որ մոտեցող 2015-ը պետք է լիներ այն վերջնաժամկետը, երբ կա՜մ դրանք պետք է լինեին վավերացված, կա՜մ Հայաստանի խորհրդարանից հետ կանչված. ներկայումս գործընթացը հենց այս փուլում է: Վերջին շրջանում Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից միջազգային հարթակներում հնչող կոշտ հայտարարություններն արդեն իսկ վկայում էին այն մասին, որ մենք գնում ենք արձանագրությունների հետկանչման ուղղությամբ, և ոչ թե այն համոզմամբ, թե արձանագրությունները մեզ համար բացասական հետևանքներ են ունեցել, այլ որովհետև Թուրքիայի ապակառուցողական պահվածքի պատճառով հնարավոր չէ այլևս դրական հեռանկար ակնկալել: Ինչպես ասում են <<Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա>>, այս նույն սկզբունքով արձանագրությունները պետք է դուրս գան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ելույթը եկավ հաստատելու Հայաստանի քաղաքական դիրքորոշումը:
-Քաղաքական նոր իրողություններում «հայկական հարցը» կրկին միջազգային օրակարգում է ու գտնվում է տարածաշրջանում ընթացող խոշոր գործընթացների համատեքստում: Փաստորեն, Հայաստանը փակելով արձանագրությունների էջը, հայտնվում է այդ նոր <մարտադաշտում>: Ստեղծվում է միջազգային նոր կոալիցիա իսլամիստ ծայրահեղականների դեմ, չեք կարծում որ Հայաստանը պետք է օգտվի իրավիճակից ու ոչ միայն անդամ դառնա հիշյալ կոալիցիայի, այլև ստանձնի ակտից դեր:
-Ցավոք, Թուրքիան միջազգային ասպարեզում բավական հմուտ երկդիմի քաղաքականություն է վարում: Չնայած որ մինչ այս ակտիվորեն սատարում էր ծայրահեղ իսլամիստնեին` ահաբեկիչներին, այսօր շատ արագ վերափոխվում է ու շուտով, կարծում եմ, կդառնա հակաիսլամիստական ճամբարի խաղացողներից մեկը: Հիշեցնեմ, որ նման երկդմի խաղ Թուրքիան խաղաց Երկրորդ համաշխարհայինի տարիներին, երբ ողջ ընթացքում սատարում էր ֆաշիստական Գերմանիային, բայց պատերազմի ավարտի պատերազմ հայտարարեց Գերմանիային, որն ընդամենը <<թանաքային>> պատերազմ էր, այսինքն` մնաց թղթի վրա: Բայց Թուրքիան գնաց այդ քայլին հետևյալ հաշվարկով. հայտարարվել էր` ստեղծվելիք ՄԱԿ-ի անդամ կարող են դառնալ այն երկրները, որոնք եղել են հակաֆաշիստական կոալիցիայում ու հանդես են եկել Գերմանիայի դեմ:
Այսօր նույն իրավիճակն է: Ստեղծվում է մի յուրահատուկ կոալիցիա` քաղաքակիրթ աշխարհի համախմբում ուղղված ծայրահեղ իսլամիզմի դեմ: Ու Թուրքիան դարձյալ կոկորդիլոսի արցունքներով կներկայանա ու հանդես կգա կոալիցիայի առաջամարտիկի դերում: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, մեև խնդիրը ոչ միայն համամարդկային չարիքի` ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարելու համար ստեղծվող կոալիցիային միանալն է, այլև մեր խնդիրները լուծելը, դա այն է, որ Մերձավոր Արևելքում ոչնչացվում են քրիստոնյաները, այդ թվում և հայկական համայնքներն ու մեր պատմամշակութային ժառանգությունը գտնվում է իսլամիստների թիրախում: Ուրեմն, մենք պարտադրված ենք պաշտպանելու մեր հայրենակիցներին ու մեր ժառանգությունը:
Ինչ վերաբերում է կոալիցիայի անդամ դառնալուն,ապա պետք է նախ հաշվարկել այդ քայլի դրականն ու բացասականը: Մենք պարտավոր ենք կատարել հավասարակշռված քայլեր, հակառակ դեպքում Հայաստանի ու հայության կորուստները կլինեն անհամեմատ ավելին, քան կոալիցիայի անդամ գերհզոր տերություններինը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












