ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎՈՒՄ
Սեպտեմբերի 19-21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի արդյունքների շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումները ի ցույց դրեցին աշխարհացրիվ հայության կազմակերպման ու համախմբման գործընթացում ստեղծված իրավիճակի ողջ բարդությունն ու հակասականությունը։
Արտաքուստ արդեն «համազգային արարողակարգի» նման մի բան է դարձել նման համաժողովների հրավիրումը, ուստի թվում է, թե դրանք ուղղակի պարզ ստուգատեսների դեր են խաղում՝ ի ցույց դնելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը։
Եթե Հայաստանը գտնվեր կայուն վիճակում «նիրհող» տարածաշրջանում, իսկ Սփյուռքի գաղթօջախներն ապրեին անհոգ կյանքով, ապա նման համաժողովների անցկացումը կարելի էր դիտել որպես անհրաժեշտ ու օգտակար՝ հանգիստ կերպով հավաքվելու եւ համազգային հանձնառությունները վերահաստատելու համար։ Մինդեռ այսօր, երբ մի իսկական խառնարանի վրա է հայտնվել Մերձավոր-Միջին Արեւելքի հայությունը եւ այդ պայթյունավտանգ գործընթացի ազդեցությունը սկսել է նկատվել նաեւ մեր տարածաշրջանում, ներկա հանգիստ ու անվրդով պահվածքը ավելի քան ժամանակավրեպ է։
Հայաստանն ու Սփյուռքը չեն հասցնում անգամ արձագանքել իրար հետեւից կուտակվող մարտահրավերներին, քանզի մի գաղութին բաժին ընկած աղետի վերքերը չբուժած՝ հարվածներ են տեղում մյուսի վրա։ Դրան գումարվում է նաեւ մեր երկրի տնտեսական բարդ կացությունը եւ արտագաղթը, որի հետեւանքով նվազում են նաեւ Սփյուռքին աջակցելու ներքին հնարավորությունները։
Վերջին օրինակը սիրիահայերի հետ տեղի ունեցած ողբերգությունն էր, որն այլ պայմաններում կարող էր ցնցել ողջ հայությանը եւ հանգեցնել նրա իրական համախմբմանը։ Մինչդեռ Սփյուռքը կարծես բավարարվեց տեղերում՝ Հալեպում կամ Քեսաբի շրջակայքում մնացածներին աջակցելով, իսկ Հայաստանում հնարավոր չեղավ պայմաններ ստեղծել սիրիահայ փախստականներին տեղավորելու համար։ Մասնավորապես «Նոր Հալեպի» կառուցման ծրագիրը տեղատվություն է ապրում միջոցներ ներդնելու ցանկության բացակայության պատճառով։
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը հարմար առիթ էր նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու ընթացքը համակողմանիորեն քննարկելու համար։ Սակայն այստեղ նույնպես պահպանվող անորոշությունները հաղթահարելու նպատակ ունեցող միակ գործնական քայլը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթում առաջ քաշված նախաձեռնությունն էր։
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ձեւավորված ծանոթ աշխատակարգերը եւ դրանց իրականացման համար ստեղծված կառույցները չափից ավելի դանդաղաշարժ են՝ արագորեն փոփոխվող աշխարհի բազում մարտահրավերներին արձագանքելու համար։ Դրանց հիմքում ընկած ազգային միասնության սկզբունքը, անշուշտ, վիճարկման ենթակա չէ, սակայն միասնությունը աստիճանաբար վերածվել է կարգախոսի եւ ոչ թե բովանդակության։
Ավելին՝ այն տառապում է չափազանց ընդգծված «գիգանտոմանիայով», քանզի բացակայում են «Հայաստան» կամ «Սփյուռք» հասկացությունների ընդհանրությունը կոնկրետացնող եւ հստակեցնող աշխատակարգային ու գաղափարախոսական մոտեցումները։
Սփյուռքը սկսել է հոգնել մեզանից անընդհատ նույն բանը լսելուց, նույն պաշտոնյաների կազմակերպած միջոցառումները դիտելով ու ճառերն ունկնդրելով, կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքները չնկատելով։
Հոգնածություն է նկատվում նաեւ Հայաստանում, որտեղ օրեցօր կուտակվող պրոբլեմները ստիպում են ավելի «պրագմատիկ» կերպով չափել սեփական հնարավորությունները։
Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա մոդուսը ավելի շատ արտացոլում է ողջ աշխարհի մարտահրավերները։
Ներկա պայմաններում համայն հայության հնարավորությունների համախմբման եւ գալիք մարտահրավերներին պատրաստ լինելու համար զգացվում է նոր եւ թարմ մոտեցումների եւ ամենակարեւորը՝ դրանք մարմնավորող գործիչների կարիքը։ Ժամանակի ռիթմերը սկսել են արագանալ, եւ դրանց բաբախումները այլեւս չեն համապատասխանում մեր ազգային կյանքի դանդաղ ու միալար ընթացքին։
Հայաստան-Սփյուռք համաժողովների միալար ընթացքին պետք է փոխարինեն կոնկրետ համայնքներում ու Հայրենիքում ամեն օր աշխատող կառույցների առջեւ դրվող հստակ խնդիրները եւ նրանց իրականացման կոնկրետ ժամկետները ոչ թե Երեւանից եկող թելադրանքի, այլ ինքնաբուխ նախաձեռնությունների եւ նրանց փորձի տարածման միջոցով։
Նման գործելակերպի առաջին հանգրվանն ու միաժամանակ նրա հիմնական առաջնահերթությունը կարող է դառնալ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախապատրաստման ընթացքը՝ որպես ազգի նոր համախմբման բարոյական լրջագույն խթան եւ ներկա տեղատվության մթնոլորտն ու հոգնածության նախանշանները հաղթահարելու առիթ։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












