Գլխավոր » Society, Հասարակություն

ՄԵԾ ՁՈՒԿԸ ԹՈՂԱԾ` ՓՈՔՐԻՆ ԵՆ ԲՌՆՈՒՄ

Սեպտեմբեր 25, 2014թ. 21:12

սոցիալականԵրեւանի տոնավաճառներում առեւտուր անող հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն ու բողոքն են հայտնում շրջանառության հարկի մասին օրենքի նոր դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
Առեւտրականները երկու օր առաջ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց, անգամ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` նրան ներկայացնելով փոփոխված օրենքի հետ կապված իրենց մտավախությունները:
Փոքր ու միջին առեւտրականները համոզված են, որ օրենքը իրականում հենց իրենց դեմ է ուղղված եւ միտում ունի իրենց դուրս մղել առեւտրի ոլորտից:

«Սա իրականում մոնոպոլ, խոշոր ընկերություններին սիրաշահելու, նրանց ավելի շատ շահույթներ ունենալու հնարավորության համար է արվում։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը նպաստել է, որ զգալիորեն նվազի ապրանքաշրջանառությունը, սպառողների թիվը կրճատվել է ու շարունակում է կրճատվել: Այդ պայմաններում անգամ խոշոր տնտեսավարողներն են տուժում, քանի որ իրենց առաջարկը գերազանցում է երկրում եղած պահանջարկը, եւ նրանց բիզնեսը դրանից տուժում է:

Հիմա փոքր ու միջին առեւտրականներին մեջտեղից հանելով` սպառողները ստիպված կլինեն օգտվել խոշորների առաջարկից, այսինքն՝ նրանք նպատակ ունեն գողանալ մեր սպառողներին: Իսկ դրա համար շատ ավելի լավ սցենար հնարավոր չէր մտածել, քան հիմա փորձում են իրագործել»,- ասում է տոնավաճառներից մեկում երկար տարիներ առեւտրով զբաղվող ու դրանով բազմազավակ ընտանիք պահող ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (մեր զրուցակիցների անունները միտումնավոր փոխել ենք, քանի որ որոշ տոնավաճառների ղեկավարներ ակնհայտ ճնշում են գործադրում բողոքողների ու բողոքի ակցիաներին մասնակցողների նկատմամբ` սպառնալով տաղավարն այլեւս վարձով չտրամադրել եւ թողնել առանց աշխատանքի):

«Ռոսիա մոլ» տոնավաճառի առեւտրական ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, որի հետ մեզ հաջողվեց խոսել տոնավաճառի սահմաններից դուրս, վստահեցնում է, որ օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը: «Առանց այդ օրենքի էլ առեւտրականը հազիվ է կարողանում մի քիչ գումար աշխատել օրվա ապրուստը հոգալու համար: Օրերով գալիս-կանգնում ենք տոնավաճառների տաղավարներում, սակայն առեւտուր անող չկա, ապրանքաշրջանառությունը խիստ նվազել է: Դա էլ քիչ է` հաճախակի հարկայինն է գալիս կանգնում մեր գլխին ու պարտադրում ինչ-որ հարկեր վճարել: Մեր աշխատած գումարից չնչին բան է մնում: Չնայած աշխատածն էլ չնչին գումար է:

Բոլորս վարկերի ու պարտքերի տակ ենք արդեն: Եվ երբ նոր օրենքը գործադրվի` մեզ մնացող գումարն էլ հարկայինի բաժին կդառնա, երբ տույժեր կիրառվեն ու առեւտրականին պարտադրեն ավելացված արժեքի հարկ վճարել: Այդ դեպքում հազարավոր աշխատատեղեր կփակվեն, ու այդքան էլ մարդ գործազուրկ կդառնա: Շատերն էլ արդեն խոսում են արտագաղթելու մասին, որովհետեւ նրանց ապրելու այլ ելք չեն թողնում»:

Տոնավաճառի աշխատակիցները վստահեցնում են, որ ներմուծող խոշոր ընկերություններն իրենց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն տալիս, դա իրենց ձեռնտու չէ: Եվ իրենք վստահ չեն, որ օրենքը կիրառվելուց հետո նրանք կզգաստանան:
«Ներմուծողները խելքի չեն գա ու կշարունակեն թաքցնել ապրանքաշրջանառությունը: Կտուժենք մենք` հարկային ավելորդ բեռի տակ ընկնելով: Իսկ ներմուծողի դեմ եթե ինչ-որ տուգանքներ էլ կիրառվեն` նրա ունեցած եկամտի դիմաց չնչին պատիժ կլինի` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ տնտեսավարողը ստվերային գործունեությամբ ավելի շատ եկամուտներ է ունենում: Նա այսպես թե այնպես շահագրգռված չի լինի ցույց տալու իր ամբողջ շրջանառությունը:
Այնպես որ մեր միջոցով խոշոր ձեռնարկատերերին ջրի երես հանելու ու հարկային դաշտ բերելու մեխանիզմը չի աշխատի»,- ասում է տոնավաճառի մեկ այլ աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ:
Եվ հետո՝ փաստաթղթային գործունեություն իրականացնելու համար ձեռներեցներին հավանաբար հաշվապահներ անհրաժեշտ կլինեն, քանի որ նրանք միշտ չեն կարողանա ժամանակ տրամադրել ապրանքները փաստաթղթավորելու համար: Առեւտրականներից մեկի հավաստմամբ՝ միջին չափի տաղավար զբաղեցնող ապրանքը փաստաթղթավորելու համար գրեթե մեկ ամիս կպահանջվի: Իսկ հաշվապահ ունենալն էլ ավելորդ ծախսեր է ենթադրում, որի հնարավորությունը փոքր ու միջին ձեռնարկատերը չունի:

«Եթե ուզում են խոշոր տնտեսավարողներին բռնել, թող անմիջապես նրանց վերահսկող օրենք կիրառեն, այլ ոչ թե փոքր ու մանր ձեռնարկատերերին միջնորդ դարձնեն դրա համար: Մանավանդ ներմուծողներն այնքան էլ շատ չեն` ընդամենը երեք կազմակերպություն է: Մեկը Չինաստանից է ապրանք ներկրում, երկուսը` Թուրքիայից: Կառավարությունում շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ ներմուծողները, ու կարող են անմիջականորեն նրանց վերահսկելու լծակներ կիրառել»,- ասում է Մալաթիայի տոնավաճառի աշխատակից ԱՐԳԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Նոր օրենքով ՓՄՁ-ներին թակարդը գցելու միտում է տեսնում նաեւ մեկ այլ տոնավաճառի աշխատակից, որը զգուշության նկատառումներով նույնպես չցանկացավ ներկայանալ: Նա փոքր ու միջին բիզնեսմենների միջոցով մեծերի պոչից բռնելն անհեթեթություն է համարում եւ վստահեցնում, որ օրենքը ներդրվել է հենց ՓՄՁ-ների դեմ, կռիվը նրանց հետ է: Այլապես ինչպե՞ս բացատրել օրենքի թերի լինելը, ինչը մի շարք աճպարարությունների պատճառ կարող է դառնալ:

«Օրենքը պարտադրում է ապրանքագույքագրում կատարել, ապրանքի ձեռքբերման ակտեր ներկայացնել: Բայց այդ օրենքը չի հստակեցնում, թե ապրանք ներմուծողից ինչպե՞ս պետք է այդ թղթերը վերցնենք, ի՞նչ փաստաթղթեր պետք է վերցնել: Օրենքը կարծես միտումնավոր անկատար է գրվել, որպեսզի որեւէ փոքր տնտեսավարող չկարողանա խուսափել պատժվելուց: Մենք չենք հասկանում` ինչպես պետք է աշխատենք, որ խախտումներ չլինեն։ Որ կողմից էլ դիտում ենք այդ օրենքը` խախտումներն անխուսափելի են լինելու, թեեւ մենք չենք ցանկանում խախտումներ անել»:

Դժգոհ ձեռնարկատերերը վարչապետի հետ հանդիպելու ժամանակ նրան հորդորել են վերանայել շրջանառության հարկի մասին օրենքը, շտկել բացերն ու հաշվի առնել նաեւ ՓՄՁ-ների շահերը, որպեսզի նրանք չտուժեն եւ կարողանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը: Դրա համար նրանք առաջարկել են աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կներառեն նաեւ իրենց ներկայացուցիչներին, քանի որ օրենքի փոփոխությունն իրականացնելիս իրենց հետ չեն խորհրդակցել ոլորտի առկա խնդիրների ու դրանց լուծման համար հնարավոր միջոցների մասին, հաշվի չեն առել իրենց իրավունքները: Եվ եթե այդ ամենը հաշվի առնվեր` փոքր ու միջին գործարարները վստահ են, որ կառավարության ու իրենց միջեւ հակասություններ չէին առաջանա:
Այժմ նրանք սպասում են վարչապետի որոշմանը եւ հույս ունեն, որ այն խելամիտ կլինի, որ նա կընդունի իրենց հորդորները եւ օրենքը վերանայման կուղարկի: Հակառակ դեպքում պայքարը շարունակելու են:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն