Գլխավոր » Society, Լրահոս, Հարցազրույցներ

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ

Սեպտեմբեր 25, 2014թ. 21:48

Լևոն Հայրապետյան Հարցազրույց Լեւոն Հայրապետյանի փաստաբան ԻԳՈՐ ԿՈՄԱՐՈՎԻ հետ

-Պարոն Կոմարով, սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին Բասմանյան դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, եւս երեք ամսով երկարացրեց Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը` մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ի՞նչ հիմքով դատարանը նման որոշում կայացրեց:

-Ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր, որոնք նախաքննական մարմնին թույլ են տալիս երկարացնել կալանքի ժամկետը, եւ դրա համար հատուկ որեւէ հիմք կամ մեղադրանք անհրաժեշտ չէ: Այս դեպքում հետաքննությունը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել է այն պատճառաբանությամբ, որ կարողանա պարզել կասկածյալին ներկայացված մեղադրանքները հաստատելու համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները եւ ապացույցներ գտնել:

-Այդ դատական նիստի ժամանակ Լեւոն Հայրապետյանին նաեւ երկրորդ մեղադրանք ներկայացվեց, իբր նա ցմահ դատապարտված Իզմեստեւի մորից 700 հազար դոլար գումար է կորզել` իր որդուն ազատելու խոստումով: Դատապարտվածի մոր ցուցմունքը կարո՞ղ է բավարար հիմք համարվել մեղադրանք ներկայացնելու համար:

-Հետաքննությունն այդ ցուցմունքներին ծայրահեղորեն է վերաբերվում: Իհարկե դրանք դատարանին ներկայացնելու համար հարկավոր է նաեւ այդ ցուցմունքները հաստատող մի շարք ապացույցներ ներկայացնել, որոնք չկան: Համենայն դեպս դատական նիստին Լեւոն Հայրապետյանին վերագրվող այդ մեղադրանքը հաստատող այլ փաստեր ու հանգամանքներ այդպես էլ չներկայացվեցին: Հետաքննությունը բավարարվեց միայն Իզմեստեւի մոր ցուցմունքներով:

-Իսկ նախորդ մեղադրանքներն ապացուցող փաստերը, եթե այդպիսիք կան, որքանո՞վ են համոզիչ:

-Քրեական գործի հարուցման համար բացի նրանից, ինչի հետ մեզ ծանոթացրել են որպես դատապաշտպանների, այլ ապացույցներ մենք դեռ չենք տեսել: Հետաքննության ներկայացրած հիմնական փաստը Իզմեստեւի ցուցմունքներն են: Եվ Լեւոն Հայրապետյանին երեք հոդվածներով ներկայացված մեղադրանքների ամբողջական ապացույցներ դեռեւս չկան:

-Ինչո՞ւ հնարավոր չէ Լեւոն Հայրապետյանին քննչական մեկուսարանից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց կամ գոնե փոխել կալանքի միջոցը` հաշվի առնելով նրա հիվանդությունները: Չէ՞ որ ըստ 2011թ. հունվարի 14-ի` Ռուսաստանի կառավարության թիվ 3 հրամանով հաստատվել է այն ծանր հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը մեղադրյալներին ազատում է կալանավորվելուց: Իսկ Լեւոն Հայրապետյանը այդ հիվանդություններից մի քանիսն ունի:

-Դա շատ բարդ խնդիր է: Երբ Բասմանյան դատարանը սկսեց քննել Լեւոն Հայրապետյանին կալանավորելու համար հետաքննության ներկայացրած միջնորդությունը, մենք` կասկածյալի դատապաշտպաններս, անմիջապես հարց բարձրացրինք կա՛մ տնային կալանքի, կա՛մ գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին` պատճառաբանելով Լեւոն Հայրապետյանի տարիքն ու հիվանդությունները: Հետագայում էլ բողոքարկեցինք դատարանի որոշումը նույն հիմքով:

Անգամ դատարանի որոշումը բողոքարկելու ժամանակ Հայաստանից հրավիրեցինք նրան բուժող բժշկին` Հենրի Բակունցին, որը հաստատեց ծանր հիվանդությունների առկայությունը:
Բայց դեռեւս դատարանը մեզ չի լսում, այն ֆորմալ հիմքերը, որոնք դատարանին ներկայացնում է հետաքննությունը, դատարանն ավելի համոզիչ է համարում: Բայց մենք չենք հանձնվում եւ բողոքարկման մասին մեր ներկայացրած այն միջնորդությունը, որը դատարանը չբավարարեց, ու այդ հարցն այդպես էլ անորոշ մնաց, պետք է փորձենք լուծել դատական կանոնակարգով:
ՌԴ գործող քրեական օրենսգիրքը թույլ է տալիս դիմել դատարան եւ համապատասխան կարգով ապացուցել, որ մեր պաշտպանյալը համապատասխան բժշկական հետազոտության կարիք ունի` հենվելով ՌԴ կառավարության 2011թ. թիվ 3 հրամանի վրա: Այսինքն՝ նա պետք է համալիր հետազոտվի, եւ ոչ թե բանտային հիվանդանոցում, այլ հատուկ բժշկական հատատությունում համապատասխան բժշկական սարքավորումների օգնությամբ եւ համապատասխան մասնագետների կողմից, ինչպես սահմանում է օրենքը:
Եթե դուք ուշադիր հետեւում եք դատական գործընթացներին, ապա տեղյակ եք, որ Լեւոն Հայրապետյանի փաստաբան Ռուդոլֆ Համբարձումովը մեր ընդհանուր համաձայնությամբ մեր պաշտպանյալի հիվանդությունների մասին բժշկական փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան մասնագետներին` բժշկական եզրակացություն է ստացել, որտեղ նշված է, որ այն հիվանդությունները, որ ունի Լեւոն Հայրապետյանը, բավական լուրջ են եւ ավելի լուրջ գնահատականի կարիք ունեն:
Դա հաշվի առնելով` մենք օրենքի շրջանակներում կդիմենք դատական մարմնին, որպեսզի դատարանի որոշմամբ հետաքննությունը Լեւոն Հայրապետյանին բժշկական անկախ հետազոտության ուղարկի:

-Այսօր մամուլում շատ են գրում Բասմանյան դատարանի` կաշառված լինելու եւ մարդկանց գլխին սարքված գործերը հմտորեն նրանց վերագրելու մասին: Համամի՞տ եք այդ ձեւակերպմանը, եւ արդյոք Լեւոն Հայրապետյանի գործը պատահաբար չէ՞, որ հայտնվել է հենց այդ դատարանում:

-Ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի դատարանի գործունեության այդպիսի մեկնաբանությանը: Կարծում եմ, որ դատարանը գոնե ձեւականորեն գործում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Իսկ այն, որ մենք դեռ չենք կարողանում հասնել խափանման միջոցը փոխելուն, ոչ թե դատարանի նախատրամադրվածության խնդիրն է, այլ ժամանակի: Պետք է ժամանակ անցնի, որի ընթացքում պաշտպանող կողմը ավելի համոզիչ փաստեր կհավաքի ու կներկայացնի դատարանին` նրան համոզելով փոխել կալանքի միջոցը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, անում ենք այն, ինչ կարողանում ենք:
-Ի՞նչ է պատրաստվում առաջիկայում ձեռնարկել պաշտպանող կողմը:
-Մենք կփորձենք դատարանի միջոցով բողոքարկել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին մջնորդությունը եւ հասնել նրան, որ անկախ դատաբժշկական հետազոտություն նշանակվի:
Երկրորդ քայլով, որը մեզ համար շատ կարեւոր է, կբողոքարկենք կալանքը երեք ամսով երկարացնելու մասին Բասմանյան դատարանի որոշումը:
-Թերեւս տեղյակ եք, որ Հայաստանում հասարակական մակարդակով տարբեր ակցիաներ են իրականացվել` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: Եղել է բողոքի երթ, համապատասխան բովանդակությամբ նամակներ են հանձնվել տարբեր ատյանների ու մարդկանց` հորդորով, որ նրանք Լեւոն Հայրապետյանի շահերը պաշտպանելու նպատակով դիմեն ռուսաստանյան իրենց գործընկերներին: Այդ քայլերը կարո՞ղ են դրականորեն ազդել արդարադատության վրա:

– Ես համոզված եմ, որ նման իրադարձություններին հասարակության արձագանքը կստիպի հետաքննությանն առավել զգուշորեն ու պատասխանատվությամբ վերաբերվել քրեական գործի հետաքննությանը, ավելի մանրամասնորեն քննել գործի հանգամանքները: Կարծում եմ, որ այդ միջոցառումները պետք է շարունակական լինեն, միայն թե ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում անել, որպեսզի Լեւոն Հայրապետյանի գործին վնաս չհասցվի: Հակաօրինական ոչինչ չպետք է անել: Դա մեր պաշտպանյալի շահերից է բխում:
-Եվ վերջում` ինչպե՞ս է իրեն զգում մեր հայրենակիցը մեկուսարանում: Դուք ժամանակ առ ժամանակ այցելում եք նրան:

-Չնայած վրա հասած տհաճություններին ու դժվարություններին` նա աշխատում է արժանապատվորեն պահել իրեն, աշխատում է ամուր լինել: Առողջական վիճակը բավարար է, բայց ամեն անգամ հանդիպելիս եւ նրա առողջությամբ հետաքրքրվելիս նա պատասխանում է, որ իրեն ցանկալի է տանը լինել, որտեղ ավելի որակյալ բժշկական օգնություն կարող է ստանալ:
Ինչ խոսք` քննչական մեկուսարանը այն վայրն է, որտեղ մարդ զրկված է ազատությունից, եւ այդպիսի պայմաններում մարդու ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությունը կխաթարվի ուր մնաց՝ արդեն առողջությունը կորցրած մարդու: Դա բոլորն էլ լավ հասկանում են:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն