Խաղն անիմաստ է դառնում, եթե մի կողմը չի խաղում
«Առաջին բանը, որ հաճելիորեն աչք զարնեց նախագահի ելույթում, այն է, որ նա իր խոսքում չկիրառեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ձեւակերպումը, որը սովորաբար բոլորն են օգտագործում: Կարծում եմ, որ սկզբունքորեն ճիշտ է այդ արտահայտությունից հրաժարվելը, քանի որ հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլեւ նրա սահմաններից դուրս:
Օսմանյան կայսրությանը փոխարինելու եկած Թուրքիայի Հանրապետությունը նույնպես հայատյաց քաղաքականություն է վարել: Այնպես որ Հայոց ցեղասպանությունը միայն Օսմանյան կայսրության հետ չկապելը ճիշտ է»,- երեկ «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Ըստ Ա.Մանասյանի, նախագահի ելույթում ճիշտ շեշտադրությամբ ներկայացվեցին Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի նախապայման լավ է քննադատված: Իմ կարծիքով, շեշտադրումները ճիշտ են:
Այնուամենայնիվ կարելի էր նաեւ շեշտել, որ Հայաստանը չէ, որ Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, կարող է զիջել Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնուրույն, կայացած պետություն է, ինքն է որոշում իր խնդիրները: Սա, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ ավելի կուժեղացներ այն ճիշտ դրույթները, որոնք առաջ են քաշված նախագահի կողմից այդ հարցի կապակցությամբ»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն. «Կարծում եմ, որ դա գուցե ավելի շուտ պետք է անեինք: Ինչպես ասում են՝ գնդակը երկար ժամանակ թուրքական դաշտում էր: Խաղն անիմաստ է դառնում, եթե մի կողմը չի խաղում»:
Ըստ Ա.Մանասյանի, հայկական կողմի բոլոր քայլերը ճիշտ են եղել. «Համոզված եմ, որ պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում քայլ անեինք, ցույց տայինք մեր պատրաստակամությունը: Մեր քայլերը բացահայտել են Թուրքիայի, նաեւ Ադրբեջանի ագրեսիվ բնույթը: Առանց այդ քայլերի խնդիրը մեր օգտին չի աշխատի»:
Նախագահի ելույթում անդրադարձ կար Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ կրոնական եւ ազգային փոքրամասնությունները դարձել են ատելություն դավանող խմբերի թիրախ:
Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բնակչությունը, տարածաշրջանի քրիստոնեական ողջ մշակույթը վտանգի տակ է, եւ այդ հարցը, ըստ Ա.Մանասյանի, պետք է բարձրացվեր. «Ելույթը կառուցված էր լավ ընտրված նյութի վրա: Ուզում եմ նշել, որ կա հայտնի տեսություն, որի համաձայն ապագա պատերազմները, դիմաբախություններն իրենց բնույթով քաղաքակրթական են լինելու: Կարծում եմ, հենց այսօր Մերձավոր Արեւելքում տեղի է ունենում քաղաքակրթությունների դիմաբախություն»:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից մեկը հանրաքվեն է:
«Բերվեց Շոտլանդիայի օրինակը: Համաձայն եմ, որ այս հարցում կարեւորն արդյունքները չեն: Նույնիսկ կասեի՝ բացասական արդյունքներն ավելի կարեւոր են, որովհետեւ ժողովուրդն է որոշել, որ դեռ պատրաստ չէ ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրն անկախ պետականության ձեւով:
Բայց երբ Շոտլանդիայի օրինակը համեմատում ենք Ադրբեջանի քաղաքական վարքի հետ, ավելի ակնհայտ է դառնում, թե այդ երկիրն ինչ արժեքներ է դավանում: 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղը ընդամենը խնդրանքով դիմեց Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին, եւ մենք գիտենք, թե դրանից հետո ինչ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանը»,- նշեց Ա.Մանասյանը։
Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Ոմանց կարծիքով ստացվում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է լինի մաքսակետ: Լրագրողական այս դիտարկման առնչությամբ Ա.Մանասյանն ասաց հետեւյալը.
«Ճիշտն ասած, ես կողմ եմ, որ մաքսակետ լինի: ԼՂՀ-ն կարող է մաքսակետ դնել ու ասել, որ ինքն անկախ պետություն է: Այսօր Հայաստանի հետ սահմանի վրա է այդ մաքսակետը, վաղն այն կարող է լինել Ադրբեջանի կամ Իրանի հետ սահմանի վրա: Այդ մաքսակետերը կարող են աշխատել Հայաստանի հետ մի ռեժիմով, մեկ ուրիշ պետության հետ՝ մեկ այլ ռեժիմով: ԼՂՀ-ի հետ մենք գտնվում ենք նույն դրամի գոտում, միասնական, ընդհանուր տնտեսական դաշտում, այնպես որ Հայաստանի հետ այդ մաքսակետը կարող է աշխատել բոլորովին այլ ռեժիմով»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












