Գործոններ, որոնք բացասաբար են ազդում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վրա
«Նովոստի» մամուլի կենտրոնում «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով երեկ կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ նշեց մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վրա:
«Մի կողմից՝ կարելի է ասել, որ անդամակցությամբ Հայաստանի համար բացվում է հնարավորությունների նոր պատուհան, սակայն, մյուս կողմից, տեսեք, թե եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին որքան զգուշավորությամբ է վերաբերվում Ղազախստանը: Կարող եմ ասել, որ ռուս-ղազախական հարաբերություններում կան լուրջ խնդիրներ, որոնք կարող են դանդաղեցնել եվրասիական ինտեգրացիան»,- ասաց նա: Չլուծված հարցեր կան մասնավորապես «Բայկոնուր» տիեզերակայանի, միջուկային ոլորտում համագործակցության հետ կապված:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ այժմ, ըստ էության, Եվրամիության եւ Ռուսաստանի շահերը մտել են կոշտ դիմակայության մեջ, որը դրսեւորվում է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ տարածաշրջաններում. «Ես չեմ հավատում, թե առանց Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ երկխոսություն հաստատելու, հնարավոր է զարգացնել ԵՏՄ-ն: Կարծում եմ, որ եվրասիական ինտեգրման գործընթացը լրջորեն կարող է կախված լինել ուկրաինական ճգնաժամից: Իսկ տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակն այնտեղ ավելի կբարդանա»:
Ըստ Վ.Եվսեեւի, եվրասիական ինտեգրման գաղափարը բախվում է լուրջ դժվարությունների, եւ ավելի ճիշտ կլինի Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը չպայմանավորել միայն ինտեգրացիոն գործընթացներով.
«Եթե մենք, անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում ԵՏՄ-ում, զարգացնենք մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, իմ կարծիքով, կարող ենք հասնել լուրջ հաջողությունների նույնիսկ այն դեպքում, եթե եվրասիական ինտեգրման գործընթացները ինչ-որ մի փուլում կանգ առնեն: Ուկրաինական ճգնաժամը կարող է երկու տարի ձգվել եւ բացասաբար ազդել Եվրասիական ինտեգրացիայի վրա: Մենք չենք կարող երկու տարի սպասել: Այս առումով պետք է մտածել, թե ինչպես կարող ենք առաջ գնալ»։
Ըստ նրա, հայ-ռուսական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը կարող են նպաստել աբխազական երկաթուղու վերաբացումը, նաեւ Իրանի հետ ակտիվ փոխգործակցությունը: «Եթե մենք կարողանանք փոխմերձեցման ճիշտ քաղաքականություն վարել, համոզված եմ, որ հետագայում, երբ վերադառնանք Եվրասիական միությանը, կարող ենք լիարժեքորեն այն զարգացնել:
Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին դրական է, սակայն ես դեռ չեմ տեսնում, որ այն կարող է արդյունավետ լինել առաջիկա մեկ-երկու տարում: Դրա համար էլ, կարծում եմ, Եվրասիական ինտեգրացումը կարելի է ամրապնդել՝ ուժեղացնելով Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները: Դեմ չեմ Եվրասիական տնտեսական միությանը, բայց տեսնում եմ, որ կան պատճառներ, որոնք կարող են հետ գցել այդ ինտեգրացիոն գործընթացներն առնվազն երկու տարով»,- ասաց նա:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում վերջին տարիների տեղաշարժերը դրական են:
«Չնայած կան հարցեր, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հետ կապված, որի մասին հաճախ է խոսվում: Սակայն այդ խնդիրը կարելի է ասել, որ ոչ այնքան հայ-ռուսական հարաբերություններին է վերաբերում, որքան ռուս-ադրբեջանական:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ պետք է նաեւ ասեմ, որ օգոստոսին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, որը նպաստեց շփման գծում լարվածության թուլացմանը, ցույց տվեց, թե որքան կարեւոր է Ռուսաստանի դերը ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում, այլեւ տարածաշրջանային բազմակողմ հարաբերություններում:
Իսկ ինտեգրացիոն գործընթացների մասին կասեմ, որ դրանք պետք է նոր դինամիկա հաղորդեն ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ դրական միտումներ ստեղծեն միության անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- նշեց նա:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԸ ուկրաինական ճգնաժամը խոչընդոտ չի համարում ինտեգրացիոն գործընթացների համար. «Եթե այդ ճգնաժամն էական նշանակություն ունենար, Ղազախստանն ու Բելառուսը չէին մտնի միության մեջ եւ տարբեր պատճառաբանություններ կգտնեին պայմանագիրը չստորագրելու կամ հետաձգելու համար:
Նրանք իրականում բազմավեկտոր քաղաքականություն են վարում, քանի որ հասկանում են, որ Արեւմուտքին իրենց քաղաքական ռեժիմները դուր չեն գալիս: Ե՛վ Ղազախստանը, ե՛ւ Բելառուսը գունավոր հեղափոխությունների համար պոտենցիալ տարբերակներ են, որեւէ մեկն այդ հարցում պատրանքներ չպետք է ունենա: Սրանից ելնելով է, որ Ղազախստանն ու Բելառուսը մասնակցում են ԵՏՄ ինտեգրացիային: Այդ միությունը կզարգանա անկախ այն բանից, թե ինչ գործընթացներ տեղի կունենան Ուկրաինայում»:
Քաղաքագետը թերահավատ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում. «Աբխազների հետ կարելի է պայմանավորվել, իսկ Վրաստանի հարցում խնդիրներ կլինեն, հաշվի առնելով, որ այդ երկիրը լրջորեն տարված է արեւմտյան տարբեր նախագծերով: Բացի դրանից, կա Ադրբեջանի գործոնը, որի շահերից բոլորովին չի բխում երկաթուղու վերականգնումը, եւ ադրբեջանական կողմն ամեն ինչ կանի, որ այն չվերականգնվի»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












