Նազարբաևի նոր մտահղացումը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մերձկասպյան պետություններին մտածել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ հայտարարությունը նա արել է Աստրախանում սեպտեմբերի 29-ին բացված կասպյան համաժողովի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
«Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հարցը, փոխադարձ առևտրում ներգրավումը: Դրա հետ մեկտեղ մինչ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը կարելի է դնել տնտեսական համագործակցության հիմքը»,- հայտարարել է Ղազախստանի առաջնորդը:
Նազարբաևի խոսքով՝ «այդ հարցը կարող է դառնալ մեր երկրների կառավարությունների մակարդակով առարկայական քննարկման թեմա»:
Իր հերթին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մերձկասպյան երկրները կարող են ավելի սերտ համակարգել գործողություններն ածխաջրածինների համաշխարհային շուկայում գնագոյացման և համաշխարհային ու տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում:
Պուտինից և Նազարբաևից բացի մերձկասպյան պետությունների վեհաժողովին են ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:












