Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի ՍԴ կողմից Սիսի նստավայրը վերադարձնելու հայցը մերժելու դեպքում կդիմենք ՄԻԵԴ. Արամ Առաջին

Սեպտեմբեր 29, 2014թ. 23:28

Արամ կաթողիկոսՄեծ Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը հոկտեմբերին պաշտոնապես կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան` Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրն ու կալվածքները վերադարձնելու հայցով:

Հունաստան հովվապետական այցի շրջանակներում «Ազատ օր» պարբերականի հետ հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Արամ Առաջինը նշել է, որ հայցը չբավարարելու դեպքում կդիմեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մենք չենք սպասի դրական մոտեցումների Թուրքիայի կողմից և պատրաստ ենք գործը մինչև վերջ տանել և դիմել ՄԻԵԴ»,- շեշտել է Արամ Առաջինը` հավելելով, որ ժամանակն է հանգրվանային կերպով Հայ Դատի աշխատանքը տեղափոխել իրավական դաշտ:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները պետք է մոռացության տրվեն, սակայն ճանաչումը պետք է ենթադրի հատուցում: Ահավասիկ, ժամն է, որ լինենք իրավապաշտ: Եթե մենք այդ քայլին չդիմենք, մենք շուտով կհայտնվենք փակ շրջանակի մեջ: Ճանաչում, ճանաչում` հետո ի՞նչ: Ի՞նչ պետք է լինի դրանից հետո: Անհրաժեշտ է, որ Հայ Դատն այդ փակ շրջանակից դուրս գա»,- ասել է նա:

Արամ Առաջինը ընդծել է նաև, որ բազմաթիվ վայրերում, հատկապես ԱՄՆ կոնգրեսականներից տեղեկացել է, որ Թուրքիայում եկեղեցիների, հայկական կալվածքների վերադարձի հետ կապված որոշակի տրամադրվածություն, մթնոլորտ կա: Հետևաբար, այդ մթնոլորտը պետք է առավելագույն ձևով օգտագործել:

«Եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է ձեռնարկներով, հանդեսներով և հրատարակություններով անցկացնենք, ապա, կարծում եմ, որ մենք ոչինչ չենք կատարի: Ինչպես Երևանում ասացի, 100-րդ տարելիցը պետք է կազմակերպել երեք ուղղությամբ` հիշել, հիշեցնել և պահանջել: Մենք 100-րդ տարելիցը հիշեցինք և հիշեցրեցինք, ժամանակն է, որ մենք պահանջենք, սակայն գործնական քայլերով, իրավական մոտեցումներով և մեր իրավունքները պաշտպանելով: Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ է Կաթողիկոսարանը նախաձեռնել այս քայլը. որովհետև Կաթողիկոսարանը խորհրդանշական իմաստ ունի` քաղաքական, իրավական և հոգևոր առումներով, որպես Կիլիկիայի հայության կենտրոն»,- ասել է Արամ Առաջինը:

Քրիստոնեական համայնքներին պատկանող գույքի բռնագրավումը Թուրքիայում եղել է ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հալածանքների ու ճնշումների քաղաքականության բաղադրիչներից մեկը։ 1936 թվականից Թուրքիայում արդեն օրենքով պետությունն սկսեց բռնագրավել կրոնական փոքրամասնությունների գույքը: Հայերին և հայկական հաստատություններին պատկանող մեծ քանակությամբ գույք Հայոց ցեղասպանության հետևանքով և դեռևս դրանից առաջ համիդյան ջարդերի ժամանակ բռնագրավվել է Թուրքիայի կողմից: Բռնագրավումներ տեղի են ունեցել նաև 1955 թվականի Ստամբուլի ջարդերի հետևանքով և 1975 թվականին: Ներկայումս գործող միջազգային իրավական չափանիշներով այդ գույքը պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Վերադարձի նման օրինակներ Բեռլինյան պատի փլուզումից հետո տեղի են ունեցել Արևելյան Եվրոպայի պետություններում` Չեխիայում, Լեհաստանում, մերձբալթյան պետություններում:

Հիշեցնենք, որ Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հայտարարել էր, Կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- նշել էր Արամ Ա-ն:


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն