ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՏՄ-ԻՆ
Երեկվա լրահոսում ուշագրավ տեղեկություններից մեկն այն էր, որ Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն:
Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան: «Հայաստանի անդամակցության պայմանագիրը արդեն իսկ պատրաստ է եւ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ»,- հայտարարել է ռուս պաշտոնյան:
Նրա խոսքով, զուգահեռաբար տեղի է ունենում պայմանագրի վավերացումը, քանզի դա հնարավոր չէ իրականացնել միաժամանակ եւ մեկ օրում: «Բայց ընդհանուր առմամբ ակնկալում ենք, որ երբ հոկտեմբերի 10-ին նախագահները հանդիպեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրները ավարտել են վավերացումը եւ պատրաստ են 2015 թվականից անդամագրման պայմանագրի կիրարկմանը»,- նշել է Սիսոեւան, հավելելով, որ ակնկալվում է, որ Ղազախստանը պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը` հոկտեմբերի 7-ին:
Եթե ամեն ինչ ընթանա համաձայն նախատեսվածի, ապա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում հոռետեսական կանխատեսումներ անող ու ավելի շուտ արեւմտամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող վերլուծաբանների կանխատեսումները փուչ դուրս կգան:
Նկատենք, որ առանձին վերլուծաբաններ առհասարակ հարցականի տակ են դնում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, մյուսները նշում են, թե այդ գործընթացը անասելի կձգձգվի, երրորդները, կարծես իրենց ասածից հավելյալ հաճույք ստանալով, վրա են բերում, թե Հայաստանը կկորցնի անկախությունն ու Արցախը, եւ այսպես շարունակ:
Սակայն որքան ավելի ակնհայտ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին, Մինսկի հանդիպման ժամանակ, կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, այնքան ավելի է խորանում տպավորությունը, որ նշված շրջանակները պարզապես զբաղված են ցանկալին իրականության տեղ մատուցելով, քան լուրջ վերլուծությամբ: Այսինքն՝ նշված շրջանակները խնդիր ունեն ըստ հնարավորության «տորպեդահարել» (գոնե հանրային կարծիքի եւ ընկալման դաշտում) ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը այս կամ այն նկատառմամբ:
ԵՏՄ-ի հետ կապված մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ օրերս հրապարակվեց այդ միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրի նախագիծը: Զարմանալի է, բայց այն հանրային լայն արձագանք չստացավ: Այնպես, մի քանի «թեթեւ» գրառում սոցցանցերում, 1-2 փորձագետի ակնարկ՝ ավել կամ պակաս չափով հիմնավորված գնահատականներով: Դժվար է ասել, գուցե փաստաթղթի ու հավելվածների ծավալուն լինե՞լն է խանգարել: Բայց, կարծում ենք, նրանց, ում հետաքրքիր է, ծայրից ծայր կարդացել են, երեւի նույնիսկ երկու անգամ: Ու զարմանալի պասիվություն:
Այս համատեքստում, անկասկած, չափազանցված են ներկայացվում ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքները, այդ թվում՝ անկախության կորստի վերաբերյալ պնդումները: Եվրամիությանը անդամակցելու պարագայում էլ, ի դեպ, անդամ-պետությունները որոշակի «զիջումներ» են կատարում՝ մինչ այդ բացառապես ինքնիշխանաբար լուծվող հարցերում, ըստ որում՝ զուտ տնտեսական թվացող հարցերում (բյուջեի, դրա դեֆիցիտի, այս կարգի այլ խնդիրների հետ կապված): Չհաշված արդեն օրենսդրական համապատասխանության ու միատարրության խնդիրները:
Մյուս կողմից՝ հաճախ մոռացության է տրվում (նաեւ միտումնավոր), որ խոսքը տնտեսական միությանը անդամակցելու մասին է: Քաղաքական բաղադրիչը ոչ մի տեղ չի անհետանում, բայց հենքը այնուհանդերձ տնտեսականն է: Ու այստեղ էական հարցը թերեւս ոչ թե կամ ոչ այնքան այն է, թե ինչ մաքսատուրքեր կգործեն այս կամ այն՝ ԵՏՄ-ին չանդամակցող երկրներից ներկրվող ապրանքների պարագայում, որքան այն, թե Հայաստանի տնտեսական համակարգը որքանով ճկուն եւ կենսունակ կգտնվի այդ միության պայմաններին հնարավորինս արագ հարմարվելու եւ տվյալ պայմաններում զարգացում արձանագրելու համար:
Այստեղ նկատենք, որ չկա չարիք՝ առանց բարիքի: Եթե ԵՄ չափանիշներին համապատասխանելը հաճախ դիտվում է լուրջ խնդիր, հատկապես նոր անդամների պարագայում, ապա ԵՏՄ չափանիշները պետք է որ ավելի հասանելի լինեն, հետեւաբար ավելի քիչ ծախսատար ու ժամանակատար:
Երեկ, ի դեպ, գրող Վահրամ Մարտիրոսյանը, որը ԵՏՄ-ին անդամակցելուն կտրականապես դեմ է արտահայտվում, նշել է, որ միայն հանրաքվեի միջոցով պետք է այդ հարցը կարգավորվի: Սկզբունքորեն վատ չէր լինի, չնայած այս դեպքում արդեն կարծես դա ձեւական բնույթ է ունենալու, քանզի իրական քաղաքական գործընթացը հասել է պայմանագրի ստորագրմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ 10 օրից:
Հանրաքվեն հանրաքվե, բայց այսօր եթե Հայաստանում նման բան կազմակերպվի, ապա կարելի է չնչին չափով անգամ չկասկածել, որ մեծամասնությունը կողմ կարտահայտվի ԵՏՄ-ին՝ առաջին հերթին մտքում ունենալով Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական ու տնտեսական համագործակցությունը: Առավել եւս, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ հարյուր հազարավոր, եթե ոչ ավելի քան մեկ միլիոն հայություն, ՀՀ քաղաքացիներ այսօր իրենց ու հարազատների ապրուստը հոգում են հենց Ռուսաստանում աշխատանք ունենալու միջոցով:
Եվ վերջում մի տեղեկություն, որը կարծում ենք, այնքան խոսուն է, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք էլ չի զգում:
Ինչպես հայտարարել է Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հատվածում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ժամանակավոր կիրառումը հետաձգելու մասին պաշտոնական որոշում է կայացրել: Ըստ որում՝ խոսքն ընդամենը մի 15 օր առաջ երկուստեք վավերացված (այսինքն՝ լրիվ ընթացակարգերն անցած) գրավոր պայմանավորվածությունը հետաձգելու մասին է:
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ












