Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

«Եռյակ»-ը ոչինչ չի առաջարկում, միայն ասում է եկեք անկարգություն անենք

Սեպտեմբեր 30, 2014թ. 21:18

Vahram-BaghdasaryanԱզգային ժողովի շենքի դիմաց երեկ բողոքի ցույց էին անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ բողոքն ուղղված էր կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ: Կան կարծիքներ, թե հիշյալ ակցիան ՙեռյակ՚-ի ձեռքի գործն էր, որը մարզային հանրահավաքներին զուգահեռ փորձում է բոլոր ուղղություններով հասարակությանը հանել փողոց: Ի դեպ, վարչապետը ևս ակնարկել էր, թե կան քաղաքական ուժեր, որոնք հրահրում են փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Նախ, փոքր բիզնեսի ներկայացուցիչների ներկայացրած պահանջներում, իրոք, կա տրամաբանություն, ու ես չեն ժխտում, որ նոր օրենքը՝ ՙՇրջանառության հարկի մասին՚ պետք է դառնա քննարկման առարկա: Քաղաքական մեծամասնությունն ունի իր առաջարկները, ինչպես նաև ոչ իշխանական ուժերն ու այլընտրանքը ևս ներկայացրել են իրենց տարբերակները, այնպես, որ անկախ այն բանից, որ օրենքը հոկտեմբերի 1-ին կմտնի ուժի մեջ, դա ամենևին չի խանգարի նրա վերանայմանը: Մենք պատրաստվում ենք առաջարկություն ներկայացնել կառավարությանը, որպեսզի սույն օրենքը մեկ անգամ ևս քննարկենք:
Սակայն այս աշխատանքին զուգահեռ ոչ իշխանական եռյակ-ը փորձում է առիթից օգտվել և նման երևույթները օգտագործել սեփական քաղաքական PR-ի համար: Դա, իրոք, ցավալի փաստ է, նրանք ուղղակի ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ: Երբ մի տեղ հավաքված մարդիկ են տեսնում, գնում ու նրանց կողքին են կանգնում, իբրև թե, ժողովրդի հետ են: Բոլորի համար ակնհայտ է, որ սա նրանց քաղաքական հերթական ՙտրյուկներից՚ մեկն է, որոնք մեզ համար վաղուց դարձել են սովորական մի բան: Դրա համար էլ մենք որևէ նշանակություն չենք տալիս, թե ովքե՞ր և ի՞նչ կոչեր կհնչեցնեն փողոցում: Այսօր իշխանության կարևոր խնդիրն է՝ գտնել ոսկե միջինը ու խնդրին տալ այնպիսի լուծում, որից ո՜չ պետական բյուջեն կտուժի, ո՜չ փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Մենք չենք կարող ընդունել այնպիսի օրենք, որով կասենք՝ գնացեք ու հանգիստ աշխատեք ստվերում: Բայց նաև չենք կարող մարդկանց կանգնեցնել դժվարին վիճակի առաջ: Այսինքն, պետք է կարողանալ գտնել այնպիսի մեխանիզմներ, որից չտուժեն փոքր բիզնեսով զբաղվող հազարավոր մեր քաղաքացիները:

-Չնայած ՀՀԿ-ի պատրաստակամությանը՝ վերանայել ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքը, սակայն ոչ իշխանականները որոշել են այս հարցով արտահերթ լիագումար նիստ հրավիրելու գործընթաց սկսել. արդեն իսկ ձեռնամուխ են եղել 44 ստորագրություն հավաքելուն:

-Բայց մինչ ոչ իշխանականները կփորձեն արտահերթ նիստ գումարելու գործընթացը առաջ մղել, քաղաքական մեծամասնությունը ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքը կդարձնի քննարկման առարկա, քանի որ, ինչպես ասացի՝ ՀՀԿ-ն հակված է նման քննակման կազմակերպման: Այնպես որ, քառյակի՝ արտահերթ նիստ հրավիրելու ջանքերը կարող են հօդս ցնդել:

-Մինչդեռ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը փոքր և միջին ձեռնարկատերերին վստահեցնելով, թե քաղաքական մեծամասնությունը, միևնույն է, չի վերանայելու օրենքը ու բոյկոտելու է արտահերթը, բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորում էր՝ չհեռանալ Ազգային ժողովի շենքից, պաքարել ու մինչև վերջ լինել վճռական:

-Դե, սա ՀԱԿ-ի գործելաոճն է. հարյուր հոգի մարդ են տեսնում թե չէ, շտապում են նրանց կողքին կանգնել, որ ՙեղանակ՚ ստեղծեն: Իշխանության համար ոչ մի նշանակություն չունի, թե ՀԱԿ-ի ներկայացուցիչները ի՞նչ հայտարարություններ ու կոչեր կանեն, իշխանության համար կարևորն այն է, որ օրենքը արդյունավետորեն վերամշակվի:

–<<Եռյակ>>-ում կան ուժեր, որոնց նպատակն է շուրջօրյա հանրահավաքների կազմակերպումը, ոմանք կարծես ՙմայդան՚-ական տրամադրություններ ունեն, չնայած ՙզգուշավորները՚ շտապում են սրբագրել, թե թավշյա հեղափոխություն ասելով հասկանում են խաղաղ իշխանափոխություն: Այնուհանդերձ, քաղաքական մեծամասնությունը մտավախություն չունի՞, որ երկրում կարող է բռնկվել անկայուն իրավիճակ:

-Ամենևին, ՀՀԿ-ն նման անհանգստություն չունի, որովհետև <<եռյակ>>-ի հանրահավաքներն իրականում բովանդակազուրկ են:<<ՙԵռյակ>>-ի ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար, իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ, որ երևի ոմանց <<մայդան>>-ը շատ է դուր եկել: Ուրեմն, իրենց անձնական շահերից ելնելով կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության: Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է: Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը:
Ես շատ եմ ուզում, որ<<ՙեռյակ>>-ի հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիասթափվելու են: Մի բան է, երբ մարդիկ մամուլի միջոցով են ծանոթանում նրանց մտքերին, որոնք հաճախ լինում են լավ խմբագրված, մեկ այլ բան է, երբ անմիջականորեն տեսնում ու լսում են նրանց: Այդ դեպքում, մեր ժողովուրդը իր կարծիքը ՙեռյակ՚-ի մասին շատ արագ կկազմի, քանի որ մարդիկ ներկա լինելով կտեսնեն, կլսեն, թե ո՞րն է նրանց իրական օրակարգը, ի՞նչ են առաջարկում: Իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում: Ասում են՝ եկեք անկարագություններ անենք, ներքաղաքական իրավիճակը սրենք, որ կարողանանք գալ իշխանության: Եթե ուշադիր լսեք ՙեռյակ՚-ի ներկայացուցիչների ելույթները, կհամոզվեք, որ երեք քաղաքական ուժերը բոլորովին տարբեր կարծիքներ են հայտնում:
Իսկ երբ տեսնում են, որ այլևս խոսելու բան չունեն, սկսում են ականջ շոյող արտահայտություններ անել, անգամ՝ հայհոյել: Փորձում են իրենց պոպուլիստական ելույթներով սիրաշահել ժողովրդին: Իսկ մեր ժողովուրդը իմաստուն է, կլսի ու կհասկանա, որ նրանք իրենց անձնական շահերի համար պատրաստ են նույնիսկ արյունահեղության գնալ: Բայց ես համոզված եմ՝ ո՜չ մեր հանրությունը, ո՜չ էլ ՀՀԿ-ն չեն անի այնպիսի քայլեր, որով հագուրդ կտան ՙեռյակ՚-ի ցանկություններին: Մի՞թե ուզում են մեր երկիրը 30 տարով հետ տանել ու կրկնել այն ցավալի իրողությունները, որոնք կատարվեցին մեր հարևան երկրներում:<<Եռյակ>>-ը իրեն պետք է հաշիվ տա, ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնում է՞ միջոցները: Իսկ մենք հոգնել ենք նրանց կկնվող բառապաշարից՝ ՙթավշյա հեղափոխություն՚, ՙթավշյա իշխանափոխություն՚: Դրանով միջազգային հանրությանն ե՞ն հասկացնում, թե իրենք արյուն թափել չեն ուզում, բայց մոռանում են ասել ամենկարևորի մասին, որ Հայաստանում թավշյա հեղափոխության համար հիմքեր չկան:

Ըստ <<եռյակ>>-ի՝ հիմքը երկրում առկա սոցիալական լարվածությունն է, ինչն էլ հարմար առիթ համարելով, փաստորեն, ոչ իշխանականները երեք տարի շուտ սկսել են իրենց նախընտրական քրոզարշավը:

-Ճիշտ նկատեցիք, իրոք, նրանց քայլերին հետևելիս համոզվում ես, որ սկսել են ընտրաշավ: Դրա համար էլ հարմար պահեր ու առիթներ են փնտրում ինքնադրսևորվելու համար: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա իհարկե, դրանք կան մեր երկրում, ու ՀՀԿ-ն երբևէ չի թաքցրել այդ մասին, բարձարաձայնել ենք և ասել, որ առկա խնդիրները գտնվում են Հանրապետական կուսակցության և կառավաության ուշադրության կենտրոնում:
Տեսեք, թե աշխարհում այսօր ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում, իսկ Հայաստանի իշխանություններին հաջողվել է մեր երկրում կայուն իրավիճակ ապահովել, մինչդեռ ՙեռյակ՚-ի նպատակն է անկայունացնել մեր ներքին կայունությունը, և դա անում են հանուն իրենց քաղաքական նպատակների: ՀՀԿ-ն բազմիցս է ոչ իշխանականներին առաջարկել հանուն մեր երկրի առաջընթացի ու խնդիրների լուծման, եկե՜ք, նստենք համատեղ քննակումների, բայց երբ նրանք տեսնում են, որ այդ քննակումները կարող են դրական արդյունքներ ունենալ, միանգամից հրաժարվում են: Սա է նրանց իրական քաղաքականությունը:

Ազգային ժողովի նիստերում զգացվում է՞ քաղաքական ՙթեժ աշնան՚ շունչը, թե՞ այն ամբողջությամբ փողոց է տեղափոխվել:

-Խորհրդարանում այսօր հանգիստ աշուն է, թեպետ կուզենայի, որ լիներ թեժ, իսկ ՙթեժ՚ ասելով ես հասկանում եմ արդյունավետ, ակտիվ քննակումների ծավալում, որոնք միայն կարող են օգտակար լինել կառավարությանը: Իսկ այն, որ խորհրդարանում չկա այդ օգտակար թեժությունը պատճառն այն է, որ եռյակ-ը շեղվել է դեպի փողոց, անտեսել Ազգային ժողովի ամբիոնն ու քննակումների համար հարթակ է ծառայեցնում հրապարակները: ՀՀԿ-ն ուղղակի անտեսում է նրանց փողոցային հայտարարությունները և վերստին պատրաստակամություն հայտնում նրանց հետ տարբեր օրենքներ ու նախագծեր քննարկելու: Փողոցի տրամադրությունները մենք բոլորովին չենք բերի խորհրդարան ու կշարունակենք շարժվել բնականոն հունով: Մինչդեռ տարվելով փողոցային հանրահավաքներով ՙեռյակ՚-ի պատգամավորները հետնահանջ են ապրում իրենց օրենսդրական գործունեության մեջ, քանի որ զբաղված են փողոցով ընկել է նրանց աշխատանքի արդյունավետությունը: Ուզում են իրենք գործունեությունը տեղափոխել հրապարակ, որը չի կարող լավ բանի հանգեցնել:

Մինչդեռ ցանկալի կլիներ, որ ՙեռյակ՚-ը իր բոլոր հարցերը հնչեցներ ոչ թե փողոցում, այլ դրանք քննարկելի դարձներ հենց խորհրդարանում, ոչ թե դրսևորեր անիմաստ ագրեսիա, այլև մտածեր՝ ի՞նչ անել, որ համատեղ ուժերով հաղթահարենք երկրում առկա խնդիրները: Բայց քանի որ նրանց նշանաբանն է՝ ՙԵթե ՀՀԿ-ն կողմ է, ուրեմն,<<եռյակ>>-ը դեմ է՚, այսպես ոչ մի արդյունք չի կարող լինել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն