Արմենիա հեռուստաընկերությունը վարկաբեկում է հայ կնոջ, հայ աղջկա կերպարը
Վերջերս, թե’ մայր հայրենիքում և թե’ Լոս Անջելեսում մեծ աղմուկ է բարձրացել USarmenia և հայաստանյան հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող Glendale life reality show-ի շուրջ: Վստահ եմ , որ այս բարձրացված խնդրի մասին տեղյակ է USarmenia հեռուստաընկերության տնօրինությունը, ովքեր զգալիորեն կորդինացիոն որոշիչ դեր ունեն ֆիլմի ստեղծման և այն այսօր հանրությանը ներկայացնելու գործընթացում: Ցավալի է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին սփյուռքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, հայ մարդու արժանապատիվ կերպարը նման ֆիլմով է արժևորվում: Հայի տեսակը վարկաբեկելու, արժանապատվությունը ոտնահարելու գործընթացին իր ուրույն տեղն ունի USarmenia հեռուստաընկերության տնօրինությունը: Ի դեպ USarmenia-ն մի հեռուստաընկերություն է, որտեղ տարիներ շարունակ աշխատում են ընտանեկան կապալով:
«Մեր լեզուն մեր խոսքը» ծրագրի շրջանակներում, հեռուստաընկերության Հայրիկը` Արտեմ Սարգսյանը, քարոզում է լեզվի անաղարտության, մաքրության և այն սերունդներին փոխանցելու պատգամը: Նույն քարոզչամեքենան աշխատացնում է նաև հեռուստաընկերության Մայրիկ` Ալինա Խաչատրյանը, ով տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանից ստացել էր շնորհակալական <<մեդալ>> լեզուն անաղարտ պահելու և այն սերունդներին փոխանցելու աշխատանքի համար: Նախկին նախագահը հաշվի չէր առել, որ տված մեդալը նպատակին չէր ծառայելու, հակառակը` ընտանիքին պատկանող հեռուստաընկերության եթերներով եթեր հեռարձակվեցին ու դեռ հեռարձակվում են մարդասպանություններով, տարբեր հանցագործություններ ուսուցանող ժառգոնային, փողոցային բառապաշարով ֆիլմերի սյուժեներ, որոնք անխոս իրենց շտրիխն են դրել ոչ միայն հայրենիքում, այլ նաև սփյուռքում ապրող մատաղ սերնդի դաստիարակությանը:
Ամենասարսափելին այն է, որ, այսօր, մեծ աղմուկ հանած Glendale life reality show-ն մեծ արագությամբ վարկաբեկում է հայ կնոջը, հայ աղջկան` ամբողջ աշխարհով մեկ: Միթե՞ հայի տեսակը սա է: Միթե՞ հայ աղջկա մեջ չկա դրական, բարոյական արժեքներ, որոնց հիմքում նա ստեղծում է լավ ընտանիք, լինելով լավ մայր և լավ կին: Ցավոք, այսօր այդ ամենը դրվել ու շարունակվում է USarmenia հեռուստաընկերության թեթև ձեռքով , այն դեպքում, երբ 1915 թվականին հայ կույս աղջիկները ինքնասպան եղան, թուրքի յաթաղանին զոհ գնացին` չտրվելով թշնամուն: Այսօր Գլենդել քաղաքի սրտում, ոչ միայն հայության կիզակետում, այլ ամբողջ աշխարհով մեկ Glendale life reality show-ով հայ աղջիկը բարձրաձայնում է, ի լուր աշխարհի, որ եթե իր սիրած տղան իրեն ծովափ չտանի, ինքը բիկինին կհագնի ու Գլենոակսի փողոցի մի ծայրից մյուս ծայրը մերկ ման կգա: …Բռավո նման ֆիլմի ստեղծագործողի մտահղացմանը…
Ապշել ուղղակի կարելի է, ինչու է լռում Գլենդել քաղաքի քաղաքային իշխանությունը, մասնավորապես նորանշանակ քաղաքապետ` ազգությամբ հայ, կրթված, արժանապատիվ ընտանիքի զավակ` Զարեհ Սինանյանը:
Հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերություները գտնվում են քաղաքապետի տարածքային տիրույթում: Միթե՞ նա, կամ իր ընտանիքի անդամները չեն դիտում այդ ռեալիթի շոուն: Ինչու՞ են լռում ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները, ինչո ւ՞ են լռում ռեստորաններում իրենց հոբելյանական առիթները նշող մտավորականները, Գրողնեի միությունը, սփյուռքում հայկական կրթօջախների տնօրենները, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ սրբազան երկու առաջնորդները, և վերջապես ինչու՞ են լռում հեռուստակայանի Հայրիկն ու Մայրիկը: Միգուցե իրենց դրսից լավ են վճարում հային վարքաբեկելու պատվերի համար, միգուցե իրենց հեռուստակայանի ռեյտինգն են ցանկանում բարձրացնել, գուցե ընտանեկան կապալի համար դոմինանտը բիզնեսն է, ոչ թե հայ մարդու արժանապատվությունը, սերունդներին մաքրամաքուր, ոսկեղենիկ հայերենը փոխանցելու կարևոր նշանակությունը:
Գուցե…գուցե… գուցե…
Հարց, որը իրոք մեզ բոլորիս խորհելու և մտածելու տեղիք է տալիս` պարտադրելու հեռուստաընկերության տնօրինությանը, հանձինս Սարգսյան եղբայրների` դադարեցնել ֆիլմի ցուցադրումը:
Հ. Գ.
Արտեմ Սարգսյանը «Մեր լեզուն մեր խոսքը» հեղինակային իր ծրագրում, սրբագրում է մյուս կայաններով եթեր հեռարձակվող հաղորդումների, ֆիլմերի, սցենարի բառապաշարը` ուղղումներ հղելով Հ. Աճառյանի բառարանից, իսկ այսօր անհնար է հայկական բացատրական, ուղղագրական որևէ բառարանում գտնել իրենց կայանով հեռարձակվող հաղորդումների, ֆիլմերի մեջ օգտագործվող բառապաշարի համարժեք բառի բացատրությունը:
Սարգսյան ընտանիքն, ընկնելով բիզնեսի հետևից, չի գիտակցում, որ հեռուստատեսությունը լինելով ստերիոտիպ մի համակարգ, մի գործոն, անմիջականորեն է աշխատում հանրության հետ` լավը լավ, վատը, վատ: Ցավալի է, բայց միևնույն ժամանակ նաև փաստ, որ ներկայիս մատաղ սերունդը, թե’ մայր հայրենիքում, և թե’ սփյուռքում կրթվում ու դաստիարակվում է Glendale life-ի և նմանատիպ մյուս սերիալների բառապաշարի ազդեցության ներքո:
Դեռևս ամիսներ առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան էր հրավիրել արտերկրում գտնվող ՀՀ բոլոր դեսպաններին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին էլ ավելի կիզակետում պահելու, լոբբինգ անելու` Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման գործընթացը, իսկ այսօր, ի շնորհիվ Լոս Անջելեսում գործող USarmenia հեռուստակայանի, Սարգսյան ընտանիքի, հակառակ ուղություն է վերցվել` ցուցադրելով այս անբարո ֆիլմը, օտարներին ներկայացնելով հային խորթ տեսակը, հային խորթ կյանքը:
Հեղինակ`Գայանե Մանուկյան,
Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես












