Եկել է պետության գործելու ժամանակը
Գալուստ Սահակյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով` հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման շարժառիթները տնտեսակա՞ն էին, թե՞ քաղաքական հարցին` ասաց. «Դժվար է բաղադրիչները իրարից հեռացնել: Սկզբունքորեն գիտակցում ենք, որ խնդիրը վերաբերում է ճանապարհների բացմանը: Փորձում ենք տնտեսական մեկաբանություններ տալ, բայց շեշտը դնել միայն տնտեսականի կամ քաղաքականի վրա` ճիշտ չէ: Կարելի է ասել 70 միլիոնանոց շուկա ենք ունենալու: Ոմանք ասում են, թե պոմիդոր կվաճառեն, հիմա էլ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը միայն պոմիդորով կբարգավաճի»:
Անդադառնալով փակ սահմանների առկայությամբ Թուրքիայից` այլ ճանապարհներով տարեկան շուրջ 250-260 միլիոն դոլարի ապրանքի ներմուծմանը, ասաց, որ գործընթացն իր բնականոն ճանապարհն է հարթել և պետք չէ վախենալ` հակառակ դեպքում, լուրջ քայլ անելու կարողությունից զուրկ լինելով, դադարում ենք նաև պետություն լինել:
Եվ հավելեց, թե պահանջատիրության ժամանակն անցել է և եկել է որպես պետություն գործելու ժամանակը: Armar.am-ի հարցին, թե ինչ նկատի ունի ասելով` անցել է պահանջատիրության ժամանակը` Սահակյանն ասաց. «Բավական է օտար պետությունները մեր երկրով զբաղվեն: Մեր ժողովուրդը` այո է ասել անկախության հանրաքվեին և Հայաստանի Հանրապետությունն է որոշելու իր հետագա անելիքը: Պահանջատիրության դադարեցումը ենթադրում է օտար պետություններից լացով ու աղերսով մեր խնդիրները լուծելու խնդրանքից հրաժարում: Իսկ որքան հետաձգենք սահմանի բացումը` այնքան մեծ կորուստներ ենք ունենալու»:
Գ. Սահակյանը վստահ է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկրի ձեռքբերումն է լինելու, որով հայը ազատվելու է վախի սինդրոմից, զոհի կարգավիճակից, իսկ հայրենատիրությունը և պահանջատիրությունը նույն դաշտում պետք է դնել: Ինչպես նաև ավելացրեց, որ ենթադրյալ կամ իրական վտանգների դեպքում Ազգային ժողովն ի զորու է վավերացված փաստաթուղթը չեղյալ հայտարարել, իսկ բացառիկ դեպքերի համար հնարավոր է անգամ նոր օրենք ընդունել:
Արմենուհի Կարեյան












