Ռիսկեր և ակնկալիքներ
Հաշված օրեր հետո Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը, ըստ ամենայնի, իրողություն կդառնա։
Ինչպես հայտնի է, պայմանագրի նախագծի վերջնական տարբերակը մեկ ամիս առաջ ուղարկվել էր անդամ երկրների կառավարություններին՝ ներպետական վավերացումների գործընթացով անցկացնելու համար։ Օրերս պայմանագրի նախագծին հավանություն տվեց նաեւ Հայաստանի կառավարությունը։
Սպասվում է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը ներպետական վավերացումների գործընթացը կավարտվի եւ պայմանագրի նախագիծը կներկայացվի ԵՏՄ անդամ երկրների նախագահների ստորագրմանը։
Դրանով, սակայն, անդամագրման գործընթացը չի ավարտվի։ Պայմանագրի ստորագրումից հետո անհրաժեշտ կլինի իրականացնել մեծածավալ օրենսդրական փոփոխություններ եւ գործող օրենքներն ու կանոնակարգերը, սահմանված չափանիշները համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության պահանջներին։
Ենթադրվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ հունվարի 2-ից Հայաստանի տնտեսությունը կսկսի գործել նոր տնտեսական տարածքի կանոնակարգերին համապատասխան։
Իհարկե, ԵՏՄ-ին ինտեգրման ճանապարհին Հայաստանը կստանա որոշակի արտոնություններ, որոնք հնարավորություն կտան մեղմելու անցումային շրջանի դժվարությունները։
Խոսքը վերաբերում է առաջին հերթին ներմուծման մաքսատուրքերին։ Ինչպես հայտնի է, սա Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրման ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Հաշվի առնելով գործող մաքսատուրքերի տարբերությունները՝ այն կարող էր Հայաստանում զգալիորեն ավելացնել սոցիալական լարվածությունը։
ԵՏՄ անդամ երկրների հետ այս ուղղությամբ տեւական բանակցությունները հանգեցրին նրան, որ Հայաստանը շուրջ 800 ապրանքատեսակի համար ստացավ 5-7 տարվա արտոնյալ ժամանակահատված։ Ապրանքների մեծ մասի դեպքում առաջին չորս-հինգ տարիներին մաքսատուրքերի գործող դրույքաչափերը հիմնականում կմնան նույնը, իսկ հետո կսկսեն աստիճանաբար բարձրանալ։
Համաձայնեցված պայմանագրի նախագծով միայն 2022 թվականից Հայաստանում ամբողջությամբ կսկսեն գործել ապրանքների ներմուծման ժամանակ ԵՏՄ-ում գործող մաքսային բոլոր պահանջները։ Սա թույլ կտա սկզբնական շրջանում խուսափել գնաճային լուրջ ճնշումներից։
Իհարկե անդամագրման գործընթացում եղած ռիսկերը չեն սահմանափակվում միայն մաքսատուրքերով։ Պայմանագրի ստորագրումից հետո, ըստ էության, տարեսկզբից Հայաստանի տնտեսությունը կսկսի գործել բոլորովին նոր պայմաններում, որոնց պետք է պատրաստվել։ Առավել եւս, որ միասնական տնտեսական տարածքի գործունեությունը մեկնարկում է ոչ այնքան բարենպաստ պայմաններում։
Հանրահայտ է, որ ԵՏՄ առանցքը Ռուսաստանն է։ Միության անդամ մյուս երկրների ակնկալիքները կապված են առաջին հերթին ՌԴ տնտեսության հետ։ Այնինչ այստեղ ձեւավորված իրավիճակը վերջին շրջանում այնքան էլ հուսադրող չէ։ Մի բան, որ նվազեցրել է տնտեսական տարածքին անդամակցող մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի սպասումները, որոնք առնչվում են տարբեր ոլորտներին։
Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելով՝ Հայաստանն ակնկալում է ստանալ լայն շուկա հայկական ապրանքների իրացման համար։ Ինչպես հայտնի է, ԵՏՄ անդամ երկրներից արտահանման ամենաընդգրկուն հարաբերությունները Ռուսաստանի հետ են։
Սակայն վերջին շրջանի զարգացումներն այնքան էլ բարենպաստ չեն այդ առումով։ Պատահական չէ, որ Ռուսաստանի տնտեսության մեջ ձեւավորված իրավիճակի հետեւանքով արտահանումն այս տարի ոչ միայն չի ավելացել, այլեւ կրճատվել է։ Դա նվազեցրել է ՌԴ տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կառուցվածքում։ Եթե անցած տարի այն գերազանցում էր 21 տոկոսը, ապա այս տարի 19 տոկոսի շրջակայքում է։
Այս փուլում նվազել են նաեւ Ռուսաստանի տնտեսությունից սպասվող ներդրումային ակնկալիքները։ Կիրառվող պատժամիջոցների հետեւանքով առաջացած ֆինանսական լարվածությունը սահմանափակել է նախատեսվող ներդրումների հավանականությունը։ Եթե մի քանի ամիս առաջ միանգամայն իրատեսական էր համարվում «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտում» ներդրումային ծրագրի իրականացումը, որի մասին մի քանի անգամ հայտարարվեց նաեւ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, ապա այս փուլում դա այլեւս արդիական չէ։
Սպասողական վիճակ է նաեւ մյուս ներդրումային ծրագրերի հետ կապված։ Խոսքը վերաբերում է ինչպես երկաթգծին, այնպես էլ ատոմակայանին։ Չնայած կա պայմանավորվածություն ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման համար 300 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու վերաբերյալ, այնուհանդերձ այս ծրագիրը եւս դանդաղ է տեղից շարժվում։ Պատճառները բնականաբար հասկանալի են։
Հակառակ դրան, արդեն այս փուլում լուծված կարելի է համարել էներգակիրների ներկրման խնդիրը։ Հայաստանը տարեսկզբին ստացավ առանց արտահանման տուրքերի ռուսական վառելիք ներմուծելու հնարավորություն։ Ինչպես հայտնի է, նման արտոնություն գործում է ալմաստի հումքի ներմուծման համար։ ԵՏՄ անդամագրմամբ ամբողջությամբ կլուծվեն նաեւ հայաստանյան միգրանտների խնդիրները։
Չնայած այս փուլում առաջացած որոշակի դժվարություններին, այնուհանդերձ կասկած չկա, որ Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրումը սպառման նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսության համար։ Շուկայի գոյությունը եւ առեւտրային հարաբերությունների դյուրացումը լուրջ խթան կարող է լինել։ Բնականաբար միայն դա բավարար չէ տնտեսական իրավիճակը փոխելու համար։ Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել տնտեսական նոր տարածքի ընձեռած հնարավորությունները։ Այլապես անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալը։
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ












