Թաթուլ Մանասերյան. Կառավարության <<քառակուսի>> թվացող անիվը սկսեց պտտվել
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի ուշագրավ գրառում: Այն ներկայացնում ենք ստորև:
<<Պետք է նաև ծառ տնկել... ու երկար, շատ երկար սպասել, որ այն պտուղ տա: Երբեմն նաև՝ 17-18 տարի ու ամեն օր ջրել, խնամել ծառը, որ երկար սպասված պտուղը հասնի: Ռուսներն ասում են. "Гора родила мышь". Գրեթե երկու տասնամյակ Հայաստանի իրար փոխարինող բոլոր կառավարություններին փորձել եմ համոզել, որ սահմանապահ գյուղերն ազատեն հարկերից, որ դրանք հռչակվեն Հերոս-գյուղեր և օրենքով ամրագրվի դրանց կարգավիճակը՝ որպես Ազատ տնտեսական գոտիներ /վկան՝ երեք մենագրություններ և տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ/: Հարկայինի պատասխանատուներն ասում էին՝ առանց այն էլ փոքր երկիր է, ու՞ր մասնատենք, վարչապետերն ասում էին՝ այնտեղ բիզնես կգրանցեն, Երևանում կաշխատեն ու առիթից օգտվողներ կլինեն: Ստիպված եղա Օրենքի նախագիծ մշակել, ուր ասվում է. <<Հարկային արտոնություններից օգվում են այդ գյուղերում գրանցված և ԳՈՐԾՈՂ ընկերություններն ու անհատ ձեռներեցները>>: Իսկ դա հարկային մարմինները կարող են հեշտությամբ վերահսկել:
Նախ՝ սահմանամերձ գրեթե ոչ մի գյուղ ի վիճակի չէ պահանջվող չափով հարկեր ու տուրքեր մուծել պետական բյուջե: Ավելին, դրանք բոլորն էլ ՛՛նստած են՛՛ պետբյուջեի վրա՝ դոտացիաներ, սուբսիդիաներ և սուբվենցիաներ ստանալով: Մարդկանց արտագաղթը սկսվում է հենց այդ գյուղերից. սկզբից տեղի է ունենում ուրբանիզացիա կոչվածը՝ գյուղից մեկնում են քաղաք, իսկ հետո այնտեղ էլ չինտեգրվելով և աշխատանք չգտնելով, արտագաղթում:
Պարզվում է՝ գրչի մի շարժումով, ՀՀ Կառավարության մի որոշմամբ ու վարչապետի ստորագրությամբ կարելի է կյանքի կոչել այն, ինչի արդյունքում գյուղացին կմնա գյուղում, նրա նախկին համագյուղացին, որ արտագաղթել է, որոշ գումար վաստակած, կվերադառնա՝ ներդրում անելու: Եթե մի բան ստացվի, փոքր, խոշոր ու միջին բիզնեսներն էլ շահագրգռված կլինեն /հարկային արտոնություններ ստանալու համար/ ինչ-որ գործ ձեռնարկել:
Երբ աշխատատեղեր ստեղծվեն, բանակն ամուր թիկունք կունենա, պետական բյուջեից ավելի քիչ գումարներ կվատնվեն, կկանխվի պետությանն ու ժողովրդին կազմալուծող արտագաղթը, կկրճատվի համայնքների զարգացման անհամաչափությունը… Էլ ի՞նչ ենք ուզում:
Ինչևէ, փառք Տիրոջ, կառավարության արդեն <<քառակուսի>> թվացող անիվը սկսեց պտտվել: Հիմա մտածում եմ, իսկ ձեր խոնարհ ծառայի կողմից մշակված ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ մյուս առաջարկները կամ իմ մյուս գործընկերների խորհուրդները ե՞րբ կյանքի կկոչվեն: Հուսով եմ՝ ավելի արագ, քան այս մեկը:
Ուզում եմ շարունակել լավատես մնալ>>:












