ԵՏՄ-ին անդամակցության մարտահրավերները բազմաթիվ են
«Որքանո՞վ ենք պատրաստ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս հարցի պատասխանից շատ բան է կախված, քանի որ մարտահրավերները բազմաթիվ են»,- կարծում է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:
Խոսքը միայն պայմանագրային փաստաթղթերում ամրագրված տեխնիկական չափորոշիչների մասին չէ, որոնք արդեն ներդաշնակեցվել եւ միության անդամ երկների հետ համաձայնեցվել են:
«Հայ գործարարները պետության աջակցությամբ` իրազեկման առումով, պետպատվերների, պայմանագրերի հնարավորություն պետք է ունենան: Պատվեր եմ ասում, որովհետեւ պետությունները, որոնք այդ միության կազմում են, իրենց տնտեսություններում դեռ կիրառում են համայնավարական մոտեցումներ:
Բելառուսում, Ղազախստանում, նաեւ Ռուսաստանում պետպատվեր բառը գործածական է, ի տարբերություն Հայաստանի, որը, կարծում եմ, անդառնալի շրջադարձ է կատարել դեպի շուկայական տնտեսություն: Այսինքն՝ պետության դերն այս առումով պետք է արժեւորվի: Եթե մենք 1990-ական թվականների պես անտեսենք պետության դերը, քաոսը չի բացառվում»,- երեկ «Անալիտիկ» լրատվական կենտրոնում մեր երկրի տնտեսության ներկա զարգացումների մասին խոսելիս նշեց նա:
Տնտեսական միությունում ձեւավորվող հարաբերությունները ենթադրում են, որ դրսի տնտեսավարողներն էլ կփորձեն մեր շուկայում հաստատվել. «Խոշոր տնտեսավարողներն իրենց ներուժը կօգտագործեն հայկական շուկա մուտք գործելու համար: Այս առումով հույս է առաջանում, որ մենաշնորհների դեմ պայքարը ավելի արդյունավետ կդառնա: Իհարկե հնարավոր է նաեւ այլ սցենար` կարող են լինել պայմանավորվածություններ, որը չեմ բացառում: Այստեղ նույնպես պետության դերն արժեւորվում է եւ շատ կարեւոր է»:
Անդրադառնալով հարկային դաշտի առողջացմանն ուղղված օրենսդրական քայլերին՝ Թ.Մանասերյանն ասաց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները կարող են օգնել տնտեսությունն ավելի հաշվառելի դարձնել:
«Փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը, որ տարիներ շարունակ բարձրացվել է, կարող է հանգուցալուծում ստանալ: Սակայն տպավորություն ունեմ, որ ոմանք ուղղորդում են բողոքի ակցիաները, որովհետեւ փոքր բիզնեսին շատ հստակ ասվում է, որ եթե ձեզ մերժում են փաստաթուղթ տրամադրել, պարզապես կարող եք այդ մասին հաղորդում տալ եւ մատնանշել աղբյուրը: Բայց Հայաստանում, չգիտես ինչու, բարդույթ կա, մարդիկ ամաչում են ասել, թե ովքեր են իրենց խաբում եւ փաստաթղթեր չեն տալիս:
Հարցին ավելի գիտակցաբար պետք է մոտենալ, կամ էլ պետք է շարունակենք ստվերը պահպանել ու գուրգուրել, սիրել եւ պաշտել այն խոշոր ձեռնարկատերերին, որոնք արհամարհում են ե՛ւ իր հաց հանապազօրը վաստակող ժողովրդին, ե՛ւ պետությանը:
Պետք է կարողանալ հաղթահարել այդ բարդույթը եւ ավելի համարձակ լինել, դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում: Այս օրերին բողոքի էին դուրս եկել մարդիկ, որոնց շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները որեւէ կերպ չեն առնչվում», -նշեց նա:
Փաստաթղթերով աշխատելը գործարար միջավայրում պետք է դառնա մշակույթ: Ձեռներեցները դժգոհում են, որ Թուրքիայից բերվող հագուստի համար չեն կարողանում փաստաթուղթ ձեռք բերել: Ըստ նրա, որեւէ այլ երկրի պարագայում նույնպես կարելի է նույն պատճառաբանությունը բերել: Բայց պետք է փորձել քաղաքակիրթ կերպով գործարար կապեր հաստատել։
Տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներում թվերը գնալով նվազում են: «Մուդիս» համաշխարհային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է իր գնահատականը եւ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 1,1 տոկոսով: Կազմակերպության հաշվարկներով, մեր երկրի ՀՆԱ-ն կարող է ավելանալ ընդամենը 2,1 տոկոսով: Լավատեսական չեն նաեւ ԱՄՀ-ի գնահատականները:
«Ես լուրջ չեմ վերաբերվում միջազգային այդ կառույցների գնահատականներին: Հայաստանը ակտիվ կապեր ունի Ռուսաստանի հետ, որը կարող է ազդել մեր երկրի վարկանիշի վրա: Այսինքն՝ գնահատականները սուբյեկտիվ են: Բացի դրանից, օտարերկրյա մասնագետների սիրտը չի ցավում Հայաստանի համար, որ վերլուծեն ու տեսնեն, թե մեր տնտեսությունն ինչպիսի ներուժ ունի, որ կարելի է օգտագործել երկնիշ ցուցանիշներ ապահովելու համար:
Այդ ամենը մենք ինքներս ենք պարտավոր անել: Իմ պարտքն է որպես տնտեսագետ հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունենք առաջ շարժվելու համար, որպեսզի 2 կամ 3 տոկոսին չհավատանք ու չկառչենք»,- նշեց Թ.Մանասյանը։
Մեր երկիրը կարող է երկնիշ տնտեսական աճ ապահովել. «Հայաստանը կարող է եւ պետք է երկնիշ թվով աճ գրանցի: Ընդ որում՝ խոսքը 10 տոկոս աճի մասին չէ, այլ 30 եւ ավելի: Իսկ լավատեսությունս իրական հիմքեր ունի: Նայեք այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում եւ կտեսնեք, որ իմ նշած թվերն այնտեղ կան: Այլ ոլորտներ էլ կան, որտեղ արդյունքները բավական բարձր են: Պարզապես մեզանից կախվածը չենք անում եւ փոշիացնում ենք մեր ռեսուրսները:
Պետք է պահանջկոտ լինենք կառավարության նկատմամբ, ասենք, որ պետք է շարժվեն առաջ, հասնեն երկնիշ աճի, քանի որ 4 կամ 5 տոկոս ՀՆԱ աճը շատ ցածր նշաձող է: Այդ թիվը մեր ներուժը չի արտահայտում»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












