Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

Հոկտեմբեր 5, 2014թ. 20:25

Հոկտեմբերի 1-2-ին Գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը կազմակերպել էին միջազգային գիտաժողով՝ «Առաջին աշխարհամարտը եւ հայ ժողովուրդը. պատմություն եւ արդիական խնդիրներ» խորագրով։
Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը ներկայումս նշվում է ողջ աշխարհում, ուստիեւ նման գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը առավել քան տեղին է։ Եվ, բնականաբար, «Հայոց Աշխարհ»-ը չէր կարող հետ մնալ մնացյալ աշխարհից, առավել եւս ԳԱԱ-ից եւ ԵՊՀ-ից։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՎԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՔՆԱԾ ԵՆ

«Պատերազմի դեւերը չեն վերացել, դրանք պարզապես քնած են։ Սրա ապացույցն են իրադարձությունները Բոսնիայում եւ Կոսովոյում։ Զարմանալի զուգահեռներ կան 1913 թվականի հետ այն ամենում, ինչը վերաբերում է անհոգությանը։
Շատերը Եվրոպայում դեռ այն ժամանակ, կարծում էին, թե պատերազմը չի կարող կրկին բռնկվել։ Իմ սերնդի համար միասնական արժեքը միշտ նշանակել է խաղաղության քաղաքականություն։ Այսօր ես տեսնում եմ, որ շատ-շատերը Եվրոպայում կրկին մոլորվում են նեղ ազգային գաղափարների մեջ»,- այս հայտարարությունը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը արեց 2013 թվականի մարտին՝ ավելացնելով, թե ներկայիս իրավիճակը զարմանալիորեն հիշեցնում է այն, որը ձեւավորվեց Եվրոպայում մոտ հարյուր տարի առաջ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն մնում էր մեկ տարի։
Եվ չնայած արդեն 2013-ի սկզբին իրավիճակը Եվրոպայում, ինչպեսեւ ողջ աշխարհում բավական տագնապալի էր, Յունկերի հայտարարությունը շատ-շատերն ընկալեցին ոչ այն է որպես ծայրահեղ վառ փոխաբերություն, ոչ այն է՝ որպես լուրջ քաղաքական գործչի համար անթույլատրելի թեթեւամտություն։
Բայց ահա անցավ մեկ տարի, եւ այդ զուգահեռի անսխալությունն արդեն ակներեւ է այն աստիճան, որ հավատալն անգամ դժվար է։ Ասես ինչ-որ պատմական ճակատագիր դիտավորյալ կանգնեցրել է աշխարհին այն իրադրության առջեւ, որ տիրում էր հարյուր տարի առաջ, ըստ որում՝ երկաթուղային չվացուցակի ճշգրտությամբ։
Եվ խնդիրը բնավ միայն Ուկրաինան չէ։ Ոչ պակաս «ուրախ» է իրադրությունը Մեծ Մերձավոր Արեւելքում ու Արեւելյան Ասիայում։ Ընդհանուր առմամբ այնպիսի զգացողություն է, որ եթե չլիներ միջուկային զենքը, ապա աշխարհը զվարթ պատրաստակամությամբ գլխովին կթաղվեր իմպերիալիստական նոր պատերազմի մեջ։

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Լրագրային մեկ հոդվածում, բնականաբար, անհնար է ընդգրկել անընդգրկելին, ուստի մենք կանդրադառնանք միայն Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով աշխարհակարգում տեղի ունեցած սկզբունքային փոփոխություններին։
Հետպատերազմյան աշխարհակարգի, նախեւառաջ Եվրոպայում նոր կարգերի ձեւավորումը կապված է առաջին հերթին ԱՄՆ քսանութերորդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի հետ։ Հենց նրան էր վիճակված վերակառուցել Եվրոպան այն բանից հետո, երբ պատերազմի հետեւանքով փլուզվեցին միանգամից չորս կայսրություն. Գերմանական, Ավստրո-հունգարական, Ռուսական եւ Օսմանյան։
Վիլսոնը գլխավորում էր իր երկիրը մարդկության համար բեկումնային Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում՝ զբաղեցնելով նախագահի աթոռը 1912 թվականի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի արդյունքում, որտեղ առաջադրված էր որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։
Գաղափարական-քաղաքական պաշարը, որով Վիլսոնը եկավ Սպիտակ տուն, ներառում էր ամերիկյան ժողովրդավարության ինստիտուտների եւ իդեալների գերազանցության վերաբերյալ նրա համոզմունքը, բարձրագույն նպատակին ծառայելու՝ իրենց լույսը այլ ժողովուրդներին տանելու առաքելության հանդեպ փրկչական հավատը։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական ավանդական ուսմունքները, գիտնականների տեսական կառուցվածքները՝ Մոնրոյի ուսմունքը, Ֆ.Թերների «շարժական սահմանի» հայեցակարգը, Վիլսոնի համար ձեռք էին բերում ողջ աշխարհում Ամերիկայի առաջադեմ բնույթի էքսպանսիայի գործիքի իմաստ։

ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցակցող եւ միմյանց հավասարակշռող պետությունների դաշինքների, «եվրոպական մեծ կաբինետների» տասնամյակներ շարունակ հղկված գաղտնի դիվանագիտության վրա հիմնված հին աշխարհակարգը 1914 թվականի օգոստոսին հրեց մարդկությանը արյունոտ պատերազմի հորձանուտ՝ շատերին ապացուցելով իր անհուսալիությունը։
Համոզվելով հիմնադիր հայրերի պատգամների հեռատեսության մեջ, որոնք նախազգուշացրել են ամերիկացիներին զերծ մնալ եվրոպական տերությունների գզվռտոցներին մասնակցելուց եւ նրանց հետ առեւտրատնտեսական հարաբերություններից օգուտ քաղելուց, Վիլսոնը օգոստոսի 4-ին հայտարարեց ԱՄՆ-ի չեզոքության մասին։
Նախագահը, ինչպեսեւ իր միլիոնավոր համաքաղաքացիներ, չէր կարող չգնահատել նման իրավիճակի բացառիկ շահավետությունը։ Եվ խոսքը ոչ միայն երկրի տնտեսական հզորության տեսանելի աճի մասին էր։ Արյունատենչ խելագարության պայմաններում, որը համակել էր դեռ երեկ քաղաքակիրթ համարվող Եվրոպայի ժողովուրդներին, Վիլսոնը զգաց իրեն ողջ մարդկության խաղաղության կամքն արտահայտելու կոչված ընտրյալի դերում։
Վիլսոնը կոչ է անում պատերազմող պետություններին դադարեցնել արյունահեղությունը։ Ավելի ուշ՝ 1916-ի դեկտեմբերին, նա կոչ արեց Անտանտի եւ Գերմանական դաշինքի երկրներին բացահայտ ազդարարել պատերազմի նպատակները։ Երկու կոալիցիաներն էլ, սակայն, հավատում էին պատերազմում սեփական հաղթանակի հնարավորությանը եւ փոխզիջում չէին փնտրում։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Վիլսոնին չէր գոհացնում «հին» դիվանագիտությունը, Սպիտակ տանը փնտրում էին միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումներ։
Չեզոքության ժամանակահատվածում (մինչեւ 1917-ի ապրիլ) Վիլսոնը շոշափում է «նոր» դիվանագիտության սկզբունքները՝ մերթընդմերթ բացահայտելով իր մտքի լաբորատորիայի լարված աշխատանքը։ Նախագահն առաջարկում է, մասնավորապես, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտության, ազգերի իրավահավասարության, միջազգային վիճելի խնդիրների լուծման համար միջազգային կազմակերպության ստեղծման եւ այլ սկզբունքներ։
1917 թվականի հունվարի 22-ին Վիլսոնը հանդես է գալիս «Առանց հաղթանակի խաղաղության մասին» սկզբունքային ճառով, որի գլխավոր գաղափարն ակնհայտ էր. կոալիցիաներից մեկի հաղթանակն ու թալանչիական խաղաղությունը պարտվածների մեջ կառաջացնի ատելության զգացում եւ ռեւանշի ցանկություն՝ անխուսափելի դարձնելով նոր պատերազմը։
Նորարարական մոտեցումներ փնտրող Վիլսոնը արտաքին քաղաքական սկզբունքային որոշումների ընդունումը համարում էր իր առանձնաշնորհը։ Պաշտոնական դիվանագիտական շփումներին Վիլսոնը հաճախ նախընտրում էր ոչ ֆորմալները՝ հենվելով իր վստահությունը վայելող մարդկանց վրա։ Դիվանագիտության վիլսոնյան ոճը ներառում էր նաեւ ժողովուրդներին հղված ուղերձներ՝ «կառավարությունների գլխից թռչելով», եւ տեւական լռություն՝ ի պատասխան ամենահամառ դիմումների։

«14 ԿԵՏԵՐԸ»

1917 թվականի ապրիլին, հիմնավորելով որոշումը Գերմանիայի հակաամերիկյան գործողություններով, Վիլսոնը վճիռ կայացրեց պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվելու մասին։
Սակայն, կարծում ենք, այդ որոշումը պայմանավորված էր այլ նկատառումներով. եթե Անտանտը հաղթեր 1917 թվականի ռազմարշավում, որը, դատելով ամենից, կարող էր դառնալ վճռորոշ, ապա ԱՄՆ-ի կողմից չեզոքության պահպանման դեպքում Վիլսոնին թույլ չէին տա մասնակցել հետպատերազմյան աշխարհակարգի ձեւավորմանը. «նոր» դիվանագիտության մասին հարկ կլիներ մոռանալ։
Հիրավի պատմական է համարվում 1918 թվականի հունվարի 8-ին Կոնգրեսում Վիլսոնի ճառը՝ բաղկացած նշանավոր «14 կետերից»։ Էլիտաների գաղտնի դիվանագիտությունը պետք էր փոխարինել բաց, հրապարակային դիվանագիտությամբ։ Վիլսոնի ծրագրի կենտրոնական օղակը դարձավ Ազգերի լիգայի՝ կոլեկտիվ անվտանգության գլոբալ կազմակերպության հիմնադրման գաղափարը։
Դրույթների մի ամբողջ շարք նվիրված էր հետպատերազմյան Եվրոպայի եւ աշխարհի ազգային-տարածքային կառուցվածքի խնդիրներին. անկախ Լեհաստանի, Հայաստանի, Բելգիայի, Ռումինիայի, Սերբիայի ստեղծում, Ֆրանսիայի եւ Իտալիայի սահմանների վերանայում եւ այլն։
«14 կետերում» շարադրված գաղափարները Վիլսոնը հետագայում զարգացրեց մի շարք ելույթներում։

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Վիլսոնի աստղը, թվում է, երբեք այդչափ վառ չէր շողացել։ Եվրոպայում, ուր նա, խախտելով ավանդույթը, անձամբ ուղեւորվեց՝ մասնակցելու Փարիզի հաշտության կոնֆերանսին, ԱՄՆ նախագահին դիմավորում էին խանդավառ մարդկանց ամբոխները։
Սակայն տարուց ավելի շարունակվող (1919-ի հունվարի 16-ից մինչեւ 1920-ի հունվարի 20-ը) կոնֆերանսի աշխատանքը ցրեց այն պատրանքը, թե հենց վիլսոնյան գաղափարներն են կառավարում աշխարհը։ Նախագահը գործ ուներ եվրոպական փորձառու քաղաքական գործիչների հետ, որոնք Գերմանիայի հետ հաշտություն կնքելիս լուծում էին սեփական խնդիրները ավելի շուտ «հին» դիվանագիտության ոգով եւ հաղթողի դիրքից։
Չէինք ասի, թե Փարիզում հստակ չէր լսվում ԱՄՆ նախագահի ձայնը։ Օրինակ, նրա սիրասուն զավակի՝ Ազգերի լիգայի ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ չէր առնվում. այլ հարց է, որ անգլիացիներն ու ֆրանսիացիները մտադիր չէին հանձնել դրա աշխատանքում առաջատար դերն ամերիկացիներին։ Վիլսոնը, բնականաբար, չէր կարող հիասթափություն չապրել։
1920 թվականի նախագահական ընտրություններում հաղթած հանրապետականները մերժեցին Վիլսոնի հայեցակարգը։ Բայց դա չխանգարեց նրանց վարել արտաքին քաղաքական ամենաակտիվ ուղեգիծ՝ ավելացնելով համաշխարհային գործերում կշիռը նախեւառաջ առեւտրատնտեսական էքսպանսիայի միջոցներով եւ միաժամանակ հզորացնելով ռազմական ներուժը։

ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն