ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԵՂՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՊԱՌԱԿՏՄԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Հետեւելով հայաստանյան զարգացումներին՝ համոզվում ես, որ այդպես էլ մեզանում չի կազմավորվում հանրային վստահություն վայելող, խաղի կանոններ թելադրող ընդդիմություն: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:
– Պատճառներից մեկն այն է, որ մեզանում ստեղծվում են քաղաքական միավորումներ, որոնք իրենց ներսում ունեն գաղափարական լուրջ հակասություններ: Այդպիսին է, օրինակ, «քառյակը»:
Սկզբնական շրջանում, երբ ստեղծվում էր այս միավորումը, կար տպավորություն, թե չորս ուժերի նպատակն է հանդես գալ առողջ առաջարկներով, առողջ քննադատությամբ եւ բոլոր բանավեճերը ծավալել միայն քաղաքական դաշտում: Սակայն որոշ ժամանակ անց ականատես եղանք անձնական, կուսակցական շահերի բախման, քանի որ գլուխ բարձրացրեց հենց այդ հիմնական պատճառը:
Երկրորդ, երբ հարաբերությունները քաղաքական դաշտից շեղվում են դեպի անձնական հարթություն, դա բարդացնում է քաղաքական գործընթացները: «Քառյակը» ամեն ինչ տեղափոխում է հայհոյանքների, անձնական վիրավորանքերի դաշտ։ Հաճախ է եղել, երբ ժամերն ու օրերն անցել են անձնական վիրավորանքներին պատասխաններ տալով, մոռանալով կարեւոր խնդիրների մասին: Քառյակի որդեգրած ոճը նրան չի կարող դարձնել ուժեղ ընդդիմություն:
-Մինչդեռ սեփական անդեմության մեջ ընդդիմադիրները մեղադրում են հենց իշխանություններին:
-Ե՛վ մեղադրում են, ե՛ւ ասում, թե անդեմ ընդդիմության գոյությունը բխում է իշխանության շահերից: Որպես իշխանության ներկայացուցիչ հստակ ասում եմ՝ անդեմ ընդդիմության գոյությունը չի կարող բխել իշխանության շահերից:
Նրանք մեր հանրության մեջ թյուր կարծիք են ձեւավորում, թե իշխանությունը գրչի մեկ շարժումով ինչ ցանկանում է, այն էլ անում է: Սա իրականության հետ կապ չունի, ու դրա ապացույցը մեր գործելաոճն է, քանի որ ՀՀԿ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ նստել, քննարկել ամենակնճռոտ հարցերը:
Բայց տեսեք, թե հաճախ նման քննարկումները ինչ ընթացք են ունենում. սկզբում թվում է, թե քննարկումը ծավալվում է իր բնականոն հունով, բայց երբ քառյակի ուժերը նկատում են, որ արդյունավետ ընթացք կա, մեկ էլ հանկարծ ճանապարհի կեսից հետ են կանգնում ու մտածում՝ բա որ էսպես հաջող ընթանա, իրենք հանրությանը ի՞նչ պետք է ասեն:
Ընդդիմությունը մշտապես ունի մտավախություն, թե կարող են մեղադրվել իշխանության հետ համագործակցության համար: Ու այդ մտավախությունն է պատճառը, որ շատ ծանր են տանում, երբ քաղաքական մեծամասնությունը ընդունում է իրենց առաջարկությունները: Քառյակում ավելի շատ ուզում են, որ իրենց առաջարկներին ՀՀԿ-ն դեմ քվեարկի, քան այս կամ այն հարցում համաձայնության գա:
Ինձ համար, որպես ՀՀԿ խմբակցության ղեկավարի, էական չէ, թե ո՞ւմ ազգանունն է նշվում տվյալ առաջարկության տակ, կարեւորը գործ անելն է: Մինչդեռ ամենապարզունակ իրավիճակներում ընդդիմությունը կարող է սարսափելի վիճաբանել, ինչը չափազանց տհաճ է:
-ՀՀԿ-ի հասցեին հնչում են մեղադրանքներ, թե «քառյակին» ուղղորդում եք եւ ամեն ինչ անում պառակտելու համար: Ներկայումս քառյակում կան նկատելի տարաձայնություններ, այս ցեցը՝ «քառյակից» ներս, իշխանությո՞ւնն է գցել:
– Ցանկացած իշխանություն գուցե շատ կուզենա ուղղորդել ընդդիմությանը, բայց ՀՀԿ-ն ուղորդելու կամ պառակտելու նպատակ չունի: Իրողությունն այն է, որ ընդդիմությունը ինքն է հայտնի պատճառներով դատապարտված պառակտման: Ինչպես ասացի, դա պայմանավորված է իրենց տարբեր հայացքներով, տարբեր գաղափարներով, տարրական խնդիրները անձնավորելով:
Ասեմ ավելին, ներքառյակային քննարկումների ժամանակ նրանք մտածում են միայն ընտրությունների մասին, այսինքն՝ մտածում են, եթե քառյակում որեւէ ուժ մյուսներից իր ակտիվությամբ առանձնանա, ապա կարող է շահել ընտրողների վստահությունը ու իրենց համար վտանգ ներկայացնել ընտրություններում: Իսկ գիտե՞ք, թե ինչու են այսպես մտածում, որովհետեւ համոզված են, որ 2017-ի ընտրություններին միասնական ճակատով չեն մասնակցելու:
-Փաստորեն քառյակը ոչ թե երկրի խնդիրների լուծմամբ է զբաղված, ինչի մասին անվերջ հայտարարում են, այլ 2017-ին ընդառաջ սեփական ընդդիմադիր իմիջի ձեւավորմամբ:
-Այո, սա է իրողությունը: «Քառյակ» ձեւավորելով, խորհրդարանական չորս ուժերը առաջ տարան ոչ թե երկրի շահերը, այլ՝ անձնական: Դրա համար էլ մտածում են՝ ինչպե՞ս բարձրացնել սեփական վարկը: Այստեղից էլ ծնվում է ներքառյակային պայքարը, թե ո՞վ է ամենաընդդիմադիրը, ո՞վ է լոկոմոտիվը: Եվ սա նրանց շատ է խանգարում:
Կարծում են, թե ով շատ հայհոյի, ով ավելի շատ հակադրվի իշխանությանը, նա էլ կընկալվի որպես ամենաարմատական ընդդիմություն: Բայց այդպես չէ, այդ ամենը նկատում է հանրությունն ու տալիս իր համարժեք գնահատականը:
-Մամուլը չի դադարում խոսել ՀՅԴ-ին սիրաշահելու ՀՀԿ-ի քայլերի մասին: Ըստ ընդդիմության կանխատեսումների, փոխհամաձայնության արդյունքում ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա՝ քառյակը վերածելով եռյակի:
-Զարմանալի է: Ժամանակին ՀՀԿ-ն առաջարկեց քաղաքական ուժերին՝ կազմել կոալիցիա ու կրել պատասխանատվությունը, բայց մեր առաջարկը չընդունվեց: Մտածում էին գնալ սեփական ճանապարհով, մեծ ախորժակ ունեին։
Իսկ այն պահից, երբ ստեղծվեց քառյակը, ՀՀԿ-ն այլեւս չորս ուժերից որեւէ մեկին նման առաջարկ չի արել: Ինչո՞ւ խանգարել նրանց գործունեությանը: Այնպես որ սիրաշահման մասին խոսակցությունները սին են: Եթե ՀՀԿ-ն որեւէ օրինագիծ քննարկում է ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի հետ, սա համարվում է սիրաշահո՞ւմ: Չարաչար սխալվում են: Դա ՀՀԿ-ի գործելաոճն է, մենք մշտապես ասել ենք՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած օրենք ու նախաձեռնություն, միայն թե այն արդյունավետ լինի մեր երկրի համար:
Իշխանությունը չի աշխատում քառյակի պառակտման վրա, մենք դրա կարիքը չունենք: Ի՞նչ է նշանակում պառակտել, այսինքն՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի անդամներին կանչում ու ասում է՝ սրան դեմ եղեք, նրան կո՞ղմ: Նման բան ասողները գոնե հասկանո՞ւմ են, որ դա հնարավոր չէ: Այդ ո՞ր քաղաքական ուժը կգնա նման քայլի ու հոժարակամ կդառնա քաղաքական դիակ: Այդպես ասում են այն ուժերը, որոնք հենց իրենք են պատրաստ գնալ նման «քաղաքական համաձայնության»:
-Իսկ ի՞նչ կասեք այն կարծիքների մասին, թե խորհրդարանական «քառյակը» արտաքին ուժերի ազդեցության տակ է, նրանց սպասարկուն:
-Անկեղծ ասած, սա մտահոգիչ խնդիր է, ու ես շատ ցավ կապրեմ, եթե իրոք պարզվի, որ կան նման ուղղորդումներ: Այդ մտավախությունը ավելի է մեծանում, երբ հետեւում եմ որոշ իրողությունների. կազմակերպվում են ցույցեր, միտինգներ, ակնհայտ է, որ դրանք ֆինասավորվել են եւ հստակ ուղղորդվել: Նման շարժումների մասնակիցներն ուղղակի վարձկաններ են, որոնք հնչեցնում են այն կոչերը, ինչ տրամադրում են իրենց պատվիրատուները:
-Ընդդիմադիր որոշ ուժեր մտմտում են՝ ի՞նչ անել, որ իշխանության քունը հարամ լինի: Մտահոգված չե՞ք նոր սրացումներով:
-Իհարկե՝ ոչ: Իշխանությունը ընդհանրապես իրավունք չունի հանգիստ քնելու. որքան էլ լինի ուժեղ ու հզոր: Իշխանությունը պետք է լինի զգոն ու ակտիվ գործունեության մեջ: Այնպես որ, ոմանց՝ իշխանության քունը հարամ անելու նպատակը այդպես էլ կմնա անիրագործելի, որովհետեւ իշխանությունը քնած չէ:
Եթե որոշ ուժեր երկրի կայունությունը թուլացնելով են ուզում իշխանության գալ, դա շատ վատ է, այդպես կվտանգեն մեր երկրի զարգացումը: Ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելը, իշխանությանը վարկաբեկելը, ասեմ ավելին՝ մեր թշնամիներին մամուլի միջոցով տեղեկատվություն փոխանցելը ոչ միայն մեզ համար անպատվաբեր է, այլեւ դրանից երկիրը չի շահելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












