Գլխավոր » Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԻՆՉՈ՞Ւ Է ՄՇՏԱՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴՈՒՌԸ

Սեպտեմբեր 11, 2014թ. 21:08

Հարցազրույց պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Նախօրեին տեղի ունեցավ ԲՀԿ-ՀԱԿ լիդերների հանդիպումը: Տարածված հաղորդագրության համաձայն, Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են ներքառյակային հարցեր: Տարօրինակ է, սակայն, որ այդ քննարկմանը չմասնակցեցին մյուս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», եւ դա այն դեպքում, երբ նույն «քառյակի» հրավիրած նիստում համաձայնություն ձեռք բերվեց՝ առաջ ընթանալ միայն համատեղ որոշումներով:

-Երկու լիդերների հանդիպումը նորմալ երեւույթ եմ համարում: Հիշեցնեմ, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Դաշնակցությունը եւս առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հետ: Եթե կա երկկողմ հանդիպման ցանկություն, ինչո՞ւ չպետք է տեղի ունենա, եւ տեղի ունեցավ:

-Ձեր հիշատակած նախկին հանդիպումներում քննարկվել են երկու կուսակցություններին վերաբերող հարցեր, մինչդեռ այս անգամ երկուսը խոսել են չորս ուժերին վերաբերող սկզբունքային հարցերի շուրջ, ինչը ենթադրում էր չորսի մասնակցություն:

-Չմասնակցելու պատճառը թերեւս այն է, որ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը նման հանդիպման առաջարկությամբ հանդես չի եկել, գուցե նա նման ցանկություն չի դրսեւորել, չի էլ մտածել, որ կարելի է հանդիպել ու համատեղ քննարկել այդ հարցերը: Մինչդեռ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեպքում եղել է երկկողմ ցանկություն:
Բայց չեմ բացառում, որ մոտ ապագայում կարող է լինել նաեւ նման քառակողմ հանդիպում: Ի՞նչն է այստեղ մտավախության ու մտահոգության պատճառը, ինչո՞ւ է մամուլը սեւեռվել այդ հարցերի վրա:

-«Սեւեռվելու» պատճառն այն է, որ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան երկկողմ հանդիպմամբ գուցե փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե «քառյակում» թելադրող ուժերը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են, իսկ մյուս երկուսը՝ որոշումներ «թելադրողների» հետեւից պարտադրված գնացողներ:

-Չէ, չէ, նման բան չկա, ես մի քանի անգամ մասնակցել եմ այդ հանդիպումներին ու ամենեւին նման եզրակացության չեմ հանգել: Ասեմ ավելին՝ «քառյակի» հանդիպումներում, եթե ՀԱԿ-ից ներկա է եղել ընդամենը մեկ հոգի, ապա մյուսներից՝ մի քանիսը: Որեւէ խտրականության կամ առաջնահերթության խնդիր չկա:
Եվ հետո, քառյակում չկա նաեւ պարտադրված, թելադրված լինելու խնդիր, քանի որ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում կոնսենսուսի միջոցով: Ասելիքս այն է, որ երկու ուժերը չեն կարող պայմանավորվածություն ձեռք բերել մյուս երկուսի անունից:

-Մամուլի սուր աչքը հասցրեց արձանագրել, թե արդեն որերորդ անգամ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ շտապում է Գագիկ Ծառուկյանի դուռը: Սա առաջին նախագահի կողմից հարգանքի հատուկ ժե՞ստ է ԲՀԿ-ի ղեկավարի հանդեպ, թե՞…

-Կներեք, երբեք չենք մտածում, թե ո՞վ, ո՞ւմ մոտ ու քանի՞ անգամ գնաց՝ շա՞տ, թե՞ քիչ, շատ գնացող կողմի համար էլ այդ քայլը նսեմացուցիչ չենք համարում, ինչպեսեւ չենք համարում, որ դա ընդունող կողմին չափից դուրս մեծարելու նշան է: Թերեւս այն պայմանները, որ կան Գագիկ Ծառուկյանի տարածքում՝ նման հանդիպում կազմակերպելու համար, շատ ավելի հարմարավետ են, անվտանգ ու ապահով: Դե, բոլորս գիտենք՝ ամեն տեղ ե՛ւ ձայնագրվում է, ե՛ւ տեսագրվում: Աչքից դուրս մնացած տարածք համարյա չկա:

-Այսինքն՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան զույգը վախենալու, զգուշանալու խնդի՞ր ունի, գուցե նրանց կողմից քննարկվող թեմաներն իրո՞ք նման զգուշավորություն ու գաղտնիություն են պահանջում:

-Այս պահին ձեզ հետ գաղտնի բան չեմ խոսում, բայց չեմ կամենա, որ ինչ-որ մեկը ակամա ներկա լինի մեր զրույցին: Վերջապես նրանք կարող են նաեւ գաղտնիություն պարունակող խոսակցություն եւս ունենալ, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ քաղաքական գործընթացների վերաբերյալ քննարկումներ են գնում: Ու նորմալ է, որ մարդիկ ապահով տեղում են հանդիպում:
Ինչ վերաբերում է մամուլում նշվածին՝ «դուռը գնալուն», դա համարում եմ լրագրողական ոչ կոռեկտ աշխատանքի արդյունք: Ի վերջո, մի օր էլ Ծառուկյանը կգնա Տեր-Պետրոսյանի մոտ եւ գնացել է: Ոչ մի արտառոց բան չկա: Ինձ զարմացնում է, թե ինչո՞ւ են մարդիկ փորձում այս դրական գործընթացը՝ «քառյակի» համախմբված աշխատանքը, երկրում եղած խնդիրները համատեղ լուծելու մեր ջանքերը ձախողել, ինչո՞ւ են փորձում քայքայել այդ միավորումը, լարվածություն ստեղծել: Ես դա համարում եմ նախանձի դրսեւորում:

-Փաստորեն նախանձն էլ դարձավ քաղաքական կատեգորիա:

-Իհարկե, եւ դա շատ դեպքերում հստակ արտահայտվում է: Ես նաեւ նկատում եմ իշխանության նպատակը՝ քարկոծել «քառյակին»: Գուցե շատերին ձեռնտու չէ երկրում խնդիրներ լուծող քաղաքական միավորումների ստեղծումը:

-Բայց քառյակը բազմաթիվ տարաձայնություններ ունի ինքն իր ներսում, դրանցից որեւէ մեկը վաղը կարող է այնքան սկզբունքային դառնալ ու հանգեցնել «քառյակի» պառակտմանը: Հետաքրքիր է, դրանում ո՞րը կլինի իշխանության մեղքը:

-Մենք չենք ասում, թե քառյակում չկան տարաձայնություններ, իսկ ավելի ճիշտ՝ ես դրանք տարաձայնություններ չեմ համարի: Մենք մշտապես ասում ենք, որ համախմբվել ենք այն հարցերի շուրջ, որոնցում միակարծիք ենք: Իսկ երբ «քառյակի» ուժերը այս կամ այն հարցում ունենում են առանձին կարծիքներ, այդտեղ բնականաբար չի կարող լինել համախմբում:
Այն, որ տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ, դա եւս շատ նորմալ երեւույթ է, չէ՞ որ «քառյակում» համախմբվել են տարբեր գաղափարախոսություն ունեցող, տարբեր քաղաքական ճանապարհ անցած ուժեր: Ինչ վերաբերում է իշխանության մեղքին, ապա նրա «մատը» միշտ էլ երեւում է, բայց դա չի նշանակում, որ նրան ինչ-որ բան հաջողվում է:

-Չնայած «քառյակին» հաջողվեց այս փուլում կասեցնել պառակտման հերթական վտանգը, բայց, հաշվի առնելով ներքին անհամաձայնությունների առկայությունը, ակնհայտ է, որ դժվար է լինելու խուսափել հետագա վտանգներից: Իսկ այդպիսին կարող է դառնալ, օրինակ, հանրահավաքի հրավիրումը, որի բովանդակության շուրջ առ այսօր կա լուրջ անհամաձայնություն:

-Չեմ կարծում, որ լուրջ տարակարծության առաջ կկանգնենք, կձեւավորենք օրակարգ, չորս ուժերը կներկայացնեն իրենց կարծիքները, ու ամեն ինչ պարզ կլինի: Ի դեպ, այն 12 կետերը, որ ներկայացրել ենք կառավարությանը, օրակագրային առաջին հարցերից են: Իհարկե, դրանք բավարար չեն հանրահավաք հրավիրելու համար, քանի որ մեր ասելիքն ավելի է: Ե՛վ սահմանադրական փոփոխությունների հարցը, ե՛ւ արտագաղթը, սոցիալական վիճակը, սրանք արդեն բավարար նյութ են հանրահավաք կազմակերպելու համար: Բայց ամենակարեւորը ժողովրդի արձագանքն է ու նրա ակնկալիքը «քառյակից»:
Ինչ վերաբերում է հանրահավաքի հրավիրման ժամկետներին, սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ կառավարության վերջնաժամկետի օրը: Կարծում եմ, մեր հանրահավաքը կկազմակերպվի հոկտեմբերի սկզբին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն