«ՔԱՌՅԱԿԸ» ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ
ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ներքնաշխարհում երեկ ինչ-որ հետաքրքիր բան էր կատարվում: Պատգամավորի քեֆին քեֆ չէր հասնում, անգամ որոշել էր լավատեսության դասեր տալ լրագրողներին՝ կոչ անելով՝ ո՛չ նիհիլիզմին, առա՛ջ, դեպի պայծառ ապագա:
Զուրաբյանի «պայծառ տրամադրության» պատճառը, պարզվեց, սեփական ենթադրություններն են, որոնք նա հասցրել էր հյուսել ամառային արձակուրդների օրերին, իսկ երեկ որոշեց իր գունավոր կանխատեսումները ներկայացնել նաեւ լրագրողներին: Գործիչը այս ամիսների ընթացքում ինքն իրեն համոզել ու հավատացրել է, թե «իշխանությունը կրել է պարտություն ու էապես թուլացրել իր դիրքերը», «իշխանությունն այլեւս ջախջախված է»:
Մի կարեւոր բան էլ է հասցրել պարզել, թե իշխանությունները խիստ վախեցած են «քառյակից»՝ նրա հուժկու հանրահավաքից ու կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 30-ը տրված վերջնաժամկետից:
Բայց այսքանով չեն ավարտվում Զուրաբյանի ամառային երազները. արձակուրդներին նա մեկ այլ «քառյակափրկիչ» գործ էլ է հասցրել անել՝ «գաղտնազերծել» է իշխանական դավադրություններից մեկը, այն է՝ օգտագործել բոլոր հնարավոր ու անհնարին լծակները, ներքին ու արտաքին հակասություններն ու ամեն գնով պառակտել «քառյակը»:
Բայց դե, ՀԱԿ-ն էլ քնած չի եղել ու ձեռքերը ծալած չի նստել, «մարտից» առաջ մշակել է սեփական պաշտպանական ռազմավարությունը՝ ապացույցների պաշարը, ու հասցրել այն կիրառել: Այսպես. ՀԱԿ-ը գործի է անցել ու ցրել հասարակության որոշ շերտերի մեջ առաջացած այն պատրանքը, թե նոր կառավարությունը շատ լավն է ու կարող է ինչ-որ բան փոխել մեր երկրում:
Երկրորդ՝ ապացուցել է իշխանությանը, որ քառյակը միասնական է ու կենսունակ. «Մենք ջախջախեցինք ու քանդեցինք իշխանական բոլոր միֆերը»:
Եվ վերջապես. կեցցե՛, փողոցային պայքարը. քառյակը վճռական է ու պատրաստակամ արդյունավետ հրապարակային պայքարի Երեւանի հրապարակներում ու փողոցներում:
Այս հեղափոխական, բոցաշունչ խոսքերից հետո ՀԱԿ պատգամավորը հայտարարեց՝ իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել ընդդիմությունից: Տպավորությունն այնպիսին էր, թե Զուրաբյանը կա՛մ մեկ այլ երկրում տեղի ունեցած իրավիճակն է ներկայացնում, կամ էլ հենց նոր ընդդիմադիր «քառյակի» ձեռամբ ինչ-որ հզոր բան է կատարվել մեզանում, որից, սակայն ներկաներն անտեղյակ են:
ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՎԱԶԱԿՆԵՐԸ
ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ խնդրեցինք սեփական մեկնաբանությունները ներկայացնել «քառյակը» քայքայելու իշխանական սցենարի եւ իշխանության ջախջախման մասին զուրաբյանական կանխատեսումների շուրջ:
-Շատ տարօրինակ տրամաբանություն ունի այդ հարգարժան ՀԱԿ պատգամավորը. անվերջ ասում ենք, որ իշխանությունը ցանկանում է մեր երկրում ամուր ընդդիմություն ունենալ, որ շատ կուզենանք այդպիսին լինի «քառյակը», բայց այդ ընկերը չի դադարում կրկնել հակառակը, թե իշխանությունը ուզում է քայքայել այն: Հարց եմ տալիս նրան՝ ինչո՞ւ պիտի ուզենանք, որ «քառյակը» քայքայվի:
-Գուցե վախենո՞ւմ եք «քառյակի» ջախջախիչ հաղթանակներից:
-Այդ ի՞նչ հաղթանակներ են հասցրել ձեռք բերել, որոնց մասին ոչ մեզ մոտ է գրանցված, ոչ էլ Գինեսի գրքում: Կցանկանայի նաեւ իմանալ, թե «քառյակի» այդ ո՞ր քայլերից է իշխանությունը ջախջախվել:
-Ըստ Զուրաբյանի՝ իրենց ապացույցներից, թե այս կառավարությունը շատ ավելի վատն է ու ավազակապետական:
-Փաստորեն ավազակները սկսել են դարձյալ խոսել, եւ, բնականաբար, նրանք պետք է խոսեն միայն ավազակապետության մասին: Այդ քաղաքական գործիչը հաճախ է օգտագործում այդ բառերը: Հայտնի ճշմարտություն է. ով հաճախ է խոսում այս կամ այն երեւույթի մասին, ուրեմն դա իր համար հարազատ մի բան է: Իրականում ինքն է այդպիսին: Ու իրենք դա լավ գիտեն:
Մենք չենք ուզում իրենց անցյալը վեր հանել, բայց եթե գա դրա ժամանակը՝ անպայման կանենք: Անցած քառօրյային մի փոքր էքսկուրս կատարվեց, ու իրենց տխուր անցյալից մի քանի փաստ վերհանվեց: Ու ես Զուրաբյանի դեմքի արտահայտությունից զգացի, որ նա բավարարված է…
ՍԱ ԱՐԴԵՆ ԱՆԼՈՒՐՋ Է, ՊԱՐՈՆԱՅՔ
ՀԱԿ պատգամավորի բոցաշունչ ելույթից հետո ենթադրվում էր, թե «քառյակը» իշխանության հանդեպ տարած ջախջախիչ հաղթանակը փաստող «բոց» հայտարարությամբ է հանդես գալու:
Բայց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ առաջին իսկ խոսքերից ամեն ինչ պարզ դարձավ՝ ո՛չ «բոց» կա, ո՛չ ջախջախիչ հաղթանակ, իսկ իրականում «քառյակի» ներսում շարունակում են խմորվել լուրջ տարաձայնություններ: Եվ սա է պատճառը, որ ոչ մի կերպ չեն կարողանում հստակեցնել սեփական անելիքն ու ասելիքը:
Երկու ժամ լրագրողներին սպասեցնելուց հետո «քառյակի» երեկվա «խոսնակ» Ռուբեն Հակոբյանը հայտարարեց՝ սեպտեմբերի 17-ի հերթական նիստում կիմանաք մեր հետագա անելիքների ու միասնական դիրքորոշման մասին: Այսինքն՝ դարձյալ մնաց անորոշ, թե ե՞րբ է հանրահավաք հրավիրվելու, ե՞րբ են մարզեր գնալու, գնալիս էլ ի՞նչ են ասելու ժողովրդին, հանրահավաքին չորսո՞վ են մասնակցելու, թե՞ երեքով, մասնակցելիս էլ ինչի՞ մասին են խոսելու, չորսով նո՞ւյն «երգն» են երգելու, թե՞ ամեն մեկն իրենը: Կարեւոր հարցեր, որոնց պատասխանները չկան առ այսօր:
Եվ սա իրոք, անլուրջ է, պարոնայք: Ինչպե՞ս համակարծիք չլինել այն դիտարկմանը, թե անլուրջ «քառյակի» անլուրջ նիստերում միայն որոշվում է, թե հաջորդ նիստը երբ է հրավիրվելու: Գուցե լրագրողնե՞րս էլ ունենք մեղքի մեր բաժինը, որ չափից շատ ենք կարեւորում ու լրջորեն վերաբերվում նման գործելաոճ որդեգրած այս անհասկանալի միավորին՝ ժամանակ վատնելով «քառյակային» անմտությունները վերծանելու համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












