Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՓԱԹԵԹ

Սեպտեմբեր 17, 2014թ. 21:19

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը երեկ կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ներկաներին հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ի սկզբանե հայտարարել է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին եւ իր իսկ ծրագրային դրույթներում հստակ արաձանագրել՝ արդյունավետը պետական կառավարման խորհրդարանական համակարգն է: Սակայն այսօր կանգնած է սահմանադրական բարեփոխումները մերժող ուժերի կողքին, քանի որ կարեւորում է հետեւյալ պայմանը՝ բարեփոխել այն դեպքում, եթե գործող սահմանադրությունը խոչընդոտում է պետության զարգացմանը, կամ երկրում կա սահմանադրական ճգնաժամ:

Ահա սա նկատի ունենալով՝ «Ժառանգությունը» հարց է տալիս՝ արդյոք այս պահին երկրում կա՞ ծանր վիճակը՝ պայմանավորված սահմանադրությամբ, եւ արդյոք, լիարժեքորե՞ն են կյանքի կոչվում սահմանադրական բոլոր նորմերը. «Մեր գնահատմամբ՝ ոչ»: Պատգամավորը համոզված է. «Մեզանում ոչ միայն սահմանադրական նորմերն են շրջանցվում, նաեւ չեն ընդունվում երկրի զարգացման համար կարեւոր օրենքներ, ինչպես, օրինակ, իշխանությունն անվերջ խոչընդոտում է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալը, արդյունքում իշխանական «խոհանոցը» շարունակում է մնալ փակ, ատկատային ու կոռուպցիոն»: Սրանից Հակոբյանը եզրահանգում է՝ ուրեմն, ի՞նչ մեղք ունի այս ամենում սահմանադրությունը:

Այսպիսով, «Ժառանգության» պայմանն է՝ կմասնակցի սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե քաղաքական մեծամասնությունն ընդունի իր առաջարկները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, կընդունի օրենք խորհրդարանական ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին, եւ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, բարեփոխված սահմանադրության հիման վրա, 2016-ի գարնանը կանցկացնի համապետական նոր ընտրություններ:

Հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, համաձայնելով Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե իշխանությունն այսօր գերկենտրոնացած է հանրապետության նախագահի ձեռքում, իր հերթին հիշեցրեց հայտնի ճշմարտությունը. «Իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես»:

Իրավագետը, դիմելով քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հատուկ ընդգծեց. քննադատելով ընտրությունների ցածր մակարդակը, պետք է հասկանալ, որ դրա արմատը իշխանության գերկենտրոնացումն է: «Անկախության ձեռքբերումից գրեթե քառորդ դար է անցել, բայց չենք կարող արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, կա կառավարման արդյունավետ համակարգ, դատարանները արդար ու անաչառ են»:

Խորհրդաժողովը վարող Ռուբեն Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց «ռեգլամենտի» շրջանակներում պահել ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ, որը որոշել էր մեկ առ մեկ դիտարկել աշխարհի տարբեր երկրների փորձը, կատարել պատմական էքսկուրս՝ սեփական ճշմարտությունը հաստատելու համար: Երկարուձիգ օրինակներից հետո Զուրաբյանը մի տարօրինակ եզրակացության հանգեց՝ ժողովրդավարական երկիրը սահմանադրական փոփոխություն չի կատարում, ընդամենը մեկ անգամ ու մեկընդմիշտ սահմանում է խաղի կանոնները, եւ վերջ:

Ասվածից զարմացած էր մյուս հանձնաժողովական ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, եւ արձագանքեց. «Այսինքն՝ փաստում եք, որ մենք ժողովրդավարական երկիր ենք ու դրա կարիքը չկա՞: Բայց ԱՄՆ-ի սահմանադրությունում կատարվել են այնքան փոփոխություններ, որքան հատորներ են կազմվել գերագույն դատարանի որոշումների հիման վրա»:

ՀՅԴ դիրքորոշումը ներկայացնելու հերթը պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆՆ էր: «Մենք կողմ ենք սահմանադրական փոփոխություններին ու դրա կենտրոնում տեսնում ենք կառավարման համակարգի փոփոխությունը, սա մեր համոզմունքն է»:
Հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին՝ Արծվիկ Մինասյանը նրան հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարիներ առաջ ասված խոսքերը, թե կառավարման կիսանախագահական համակարգը կբերի չհիմնավորված իշխանափոխության կամ բռնապետական ռեժիմի ձեւավորման ու կամրապնդի շատ բացասական երեւույթներ, ինչի ականատեսը եղանք Հայաստանի անկախության 23 տարիներին. «Արտագաղթ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն. սրանք իհարկե պայմանավորված են իշխանությունների ապաշնորհ աշխատանքով, բայց ակնհայտ է նաեւ, որ ներկա մոդելը իր հերթին ամրապնդում է բացասականը»:

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե «սահմանադրությունը մեղավորը չէ», որ բազմաթիվ օրենքներ չեն գործում, ՀՅԴ պատգամավորը հակադարձեց՝ չեն գործում, քանի որ այդ դրույթների զգալի մասը ունի հռչակագրային բնույթ. «Խոսում ենք իրավունքի գերակայության մասին, բայց չկա դրա իրականացման մեխանիզմը: «Դեմ եմ»-ը չկարողացավ կուտակայինի հարցը դնել հանրաքվեի, քանի որ սահմանադրությունը քաղաքացիական նախաձեռնություններին զրկում է իրենց իրավունքների իրացումից»:

ՀՅԴ պատգամավորի առաջարկն է՝ ոչ թե շարունակել դժգոհել երկրի օրենքների որակից ու սպասել, թե ի՞նչ կառաջարկի իշխանությունը, այլ ներկայացնել սեփական առաջարկները:
Ուրեմն եթե իրոք քաղաքական ընդդիմությունը ցանկանում է, որ չվերարտադրվի իշխանությունը, եթե ուզում է ընտրական համակարգի փոփոխություն, ընդդիմության դերակատարություն պետական կառավարման մեջ, ապա պետք է համախոհության հիման վրա ձեւավորի փոփոխությունների փաթեթը ու իշխանությունից պահանջի կյանքի կոչել այն:

Արծվիկ Մինասյանը նաեւ հորդորեց իր գործընկերներին. «Այս անգամ գոնե լսեք 124-ամյա քաղաքական ուժին»:
ԲՀԿ պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ընդգծեց իր կուսակցության կողմից հաճախ կրկնվող այն միտքը, թե առաջ է քաշվել արհեստական օրակարգ, քանի որ չկա հասարակական պահանջ: Դիմեց հանձնաժողովի անդամներին՝ դահլիճներում մանր-մունր չինովնիկների առաջ հայտարարություն անելու փոխարեն, գնացեք ու խոսեք մարդկանց հետ, կոչ արեց՝ դուրս եկեք փողոց, հարցրեք՝ ինչպիսի՞ ակնկալիք ունի մեր քաղաքացին. «Նրանց պահանջը կյանքի բարելավումն է, իր օրվա հացի խնդրի լուծումը, բայց ոչ սահմանադրական բարեփոխումը»:

Հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավորին՝ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նկատեց՝ ոչ ոք չի ասել երկրում առկա խնդիրները մի կողմ ենք դնում ու միայն զբաղվում ենք սահմանադրական բարեփոխումներով: Ապա անդրադարձավ ընդդիմադիր ճամբարից հաճախ հնչող հարցադրումներին. «Ասում են՝ անհրաժեշտ է, բայց ժամանակը չէ: Իսկ ո՞րն է ձեր համոզմունքը, որ այդ ժամանակը գալու է երկու, երեք տարի ա՞նց»:

Մյուս հարցադրումը. ասում են՝ հասարակական պահանջ չկա, գնացեք, հարցրեք ու համոզվեք. «Իմ 90 տարեկան պապը չի պատասխանի ձեզ՝ կա՞, թե՞ չկա, չի կարելի այս հարցը բերել ու կապել, ասենք, գազի գնի թանկացման հետ, սրանք ժողովրդահաճ բաներ են, ընդամենը»: Ապա դարձավ ու իր հերթին հարց ուղղեց ընդդիմախոսներին. ինչո՞ւ եք դեմ բարեփոխումներին, դեմ եք, որ մեկ խմբակցությունը ՍԴ դիմելու իրավո՞ւնք ունենա, դեմ եք, որ մի շարք վերահսկողական լծակներ տրվեն փոքրամասնությա՞նը, դեմ եք, որ արդարադատության խորհուրդը շատ ավելի թափանցի՞կ աշխատի:

Ամբիոնի մոտ արդեն ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էր: Նա նախ դժգոհեց, թե խորհրդաժողովի ձեւաչափը հնարավորություն չի տալիս արդյունավետ քննարկում անցկացնել, քանզի անհնար է հանձնաժողովի անդամներին հրավիրել այստեղ ու չխոսել բովանդակությունից: Եվ ինքը, ի տարբերություն նախորդների ժողովրդահաճ ձգտումների, խոսեց ըստ բավանդակության: «Անունով ունենք կիսանախագահական, բայց իրականում այն սուպերնախահագական համակարգ է»,- ասաց Վարդանյանը, ապա կարճ ու ուշագրավ մի դիտարկում արեց. «Դուք պատկերացրեք՝ եթե այսօր հանրապետության նախագահը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ անց երկիրը ուր էր գնալու՝ բոլորովին այլ տեղեր»:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն