Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները.Սերժ Սարգսյանը Թուրքիային

Սեպտեմբեր 25, 2014թ. 21:59

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Իր ելույթում նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես նշել է.
«2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք:
1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երեւույթ:
Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլեւ ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները:
Հայաստանը երբեւէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչեւ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը:
Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:
Ժողովրդական լեզվով արտահայտված՝ այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:
Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց եւ պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որեւէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում եւ Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր օրի, եւ այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարվոր խաղաղ մարդիկ, այդ թվում՝ նաեւ Հալեպի տասնյակ հազարավոր հայերը:
Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում:
Արդեն 20 տարուց ավելի է, որ Ղարաբաղյան հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարեւանի ապակառուցողական եւ առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն:
Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է՝ միջազգային հարաբերություններում հետեւողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը:
Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը եւս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունված 4 բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:
Խոսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում էր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը:
Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձեւերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:
Բանաձեւերում ամրագրված պահանջներից են նաեւ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների եւ էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձեւ), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձեւ): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
Անվտանգության խորհրդի նշված բանաձեւերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որը, ի դեպ, 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:
Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձեւերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:
Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները, այդ թվում՝ նաեւ մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Թեեւ, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսեւորված վարքագծի հետեւանքով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են:
Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ, օրինակ, մեր անմիջական հարեւան Իրանի:
Բարձր գնահատելով ՄԱԿ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման եւ իրականացման գործում՝ վստահ եմ՝ «2015թ. հետո» զարգացման նոր օրակարգի միջոցով կշարունակենք հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դեպի Կայուն զարգացման նպատակներ»:


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն