Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԽԱՓԱՆԵՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոկտեմբեր 5, 2014թ. 22:06

Հարցազրույց թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ

-2009-ին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այս տարիներին Հայաստանն արեց հնարավորը հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է սակարկել: Կարո՞ղ ենք փաստել, որ հայ- թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերն այլեւս ավարտված են:

-Մեր երկիրը մշտապես ջանացել է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Բայց ամեն անգամ այդ ջանքերը պսակվել են անհաջողությամբ: Հարաբերություններում քիչ թե շատ դրական առաջընթաց արձանագրվեց «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում: Այնուամենայնիվ անցած տարիներն ապացուցեցին, որ Թուրքիայի ապակառուցողական մոտեցման պայմաններում հնարավոր չէ հարաբերություններ կարգավորել:
Ըստ իս, հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալն ուներ բոլորովին այլ նպատակ: Եթե հարցը վերլուծենք մաքսիմումի ու մինիմումի տրամաբանության մեջ, ապա առաջին դեպքում նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն էր, ինչն ի սկզբանե հայտնի էր, որ չի ստացվելու, երկրորդ պարագայում նախատեսվում էր սկսել մի գործընթաց եւ փորձել դրանից հնարավոր դիվիդենտներ շահել` խնդիրներ հարուցելով Թուրքիայի համար: Այս առումով մենք հասանք որոշակի հաջողությունների:
Սակայն ներկայիս իրողությունները` մի կողմից Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը, մյուս կողմից՝ մոտեցող 2015 թվականը, մեզ պարտադրում են ավելի կոշտ մոտեցումներ ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում եւ անել ավելի կտրուկ քայլեր: Ինչի ականատեսն ենք արդեն:

-Ասացիք` որոշակի հաջողություններ ենք արձանագրել. որո՞նք են դրանք, եւ ի՞նչ կասեք այն գնահատականների առնչությամբ, թե Հայաստանը Թուրքիայի հետ վարվող քաղաքականության մեջ պարտություն գրանցեց:

-Ես դեմ եմ շրջանառվող այդ ձեւակերպումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի պարտությունն են կամ հաղթանակը: Իմ համոզմունքն է` այն ո՛չ հաղթանակ է, ո՛չ էլ պարտություն: Արձանագրենք փաստերը, որոնք հաստատում են, որ թե ինչո՞ւմ շահեց Հայաստանը:
Ինքնուրույն խաղ սկսելով՝ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես եկավ որպես առավել պատասխանատու գործընկեր, միջազգային չափանիշներին ավելի հավատարիմ պետություն: Մինչդեռ Թուրքիան Հայաստանի սկսած քաղաքական խաղի հետեւանքով աշխարհին ցուցադրեց իր երկդիմի քաղաքականությունը, ներկայացավ որպես իր ստանձնած պարտավորությունները չկատարող երկիր, որը կարող է, անգամ ամենաբարձր մակարդակով առաջնորդվել շարքային խաբեբայի մտածողությամբ:
Այս տարիներին Թուրքիան հայտնվեց բարդ իրավիճակներում, տարբեր գերտերությունների ղեկավարներ նրան կոչ էին անում կատարել իր պարտավորությունները, հիշեցնում, թե որտեղ է գտնվում գնդակը: Իսկ Հայաստանն այս խաղում առավել շահեկան դիրքերում էր:
Այսքանով էլ կարող ենք գործընթացը համարել դրական, բայց ոչ հաղթական, քանի որ մենք եւս ունեցանք որոշակի խնդիրներ: Դրանցից ամենակարեւորն այն է, որ արձանագրությունները պատճառ դարձան սփյուռքահայության ու Հայաստանի հայության միջեւ անջրպետի առաջացման:

-Իսկ ազդե՞ց դա արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։

-Գիտեք, այստեղ երկու խնդիր կա. առաջինն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ, եւ այդ գործընթացը չի կարող լինել պերմանենտ: Կան երեք պետություններ` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը, որոնց կողմից Ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է, բայց այս երկրներն իրենց քաղաքական կարեւոր խնդիրները չէին պայմանավորելու ինչ-որ արձանագրությունների գոյությամբ կամ չգոյությամբ:
Երկրորդ՝ հերթական անգամ ականատես եղանք այն բանին, որ քաղաքակիրթ աշխարհը, որպեսզի չընդունի հայ ժողովրդի հանդեպ իրագործված մեղքը, փնտրում ու գտնում է տարբեր պատրվակներ: Այս առումով, հայ-թուրքական արձանագրությունները դարձան հերթական պատրվակը։

-Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համաժողովում, ապա՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, թե պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Հիշյալ հայտարարությանն ի՞նչ գործընթաց է հաջորդելու:

-Ի սկզբանե հայտարարված էր, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում, ու այդ ժամկետները չեն կարող լինել հավերժ: Ակտիվ դերակատարում ունեցող պետությունների միջնորդություններով էր, որ այդ ժամկետները մի քանի անգամ երկարացվեցին: Բայց ի սկզբանե պարզ էր, որ մոտեցող 2015-ը պետք է լիներ այն վերջնաժամկետը, երբ կա՛մ դրանք պետք է լինեին վավերացված, կա՛մ Հայաստանի խորհրդարանից հետ կանչված. ներկայումս գործընթացը հենց այս փուլում է:
Վերջին շրջանում Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից միջազգային հարթակներում հնչող կոշտ հայտարարություններն արդեն իսկ վկայում են, որ մենք գնում ենք արձանագրությունների հետկանչման ուղղությամբ, եւ ոչ թե այն համոզմամբ, թե արձանագրությունները մեզ համար բացասական հետեւանքներ են ունեցել, այլ որովհետեւ Թուրքիայի ապակառուցողական պահվածքի պատճառով հնարավոր չէ այլեւս դրական հեռանկար ակնկալել:
Ինչպես ասում են՝ «Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»։ Այս նույն սկզբունքով արձանագրությունները պետք է դուրս գան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից: ՄԱԿ-ում նախագահի ելույթը եկավ հաստատելու Հայաստանի քաղաքական դիրքորոշումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն