ԵՌՅԱԿՈՒՄ» ԱԶՆԻՎ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԿԱ՞Ն
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ
-Քաղաքական անորոշ օրակարգով իշխանափոխության հայտ ներկայացրած խորհրդարանական «եռյակի» քայլերից իրականում ոչ ոք գլուխ չի հանում՝ ո՛չ արտախորհրդանական քաղաքական ուժերը, ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը: Միայն մի բան է հասկանալի՝ ամեն կերպ ուզում են ժողովրդին փողոց դուրս բերել: Բայց հարց է առաջանում. հանուն ի՞նչ նպատակների ու ծրագրերի իրականացման են փորձում հասարակական տրամադրություններ բորբոքել ու լարվածություն հրահրել:
-Մենք ունենք ակտիվ հասարակություն, եւ ես դեմ եմ հակառակ պնդումներին, թե մեր հասարակությունը պասիվ է: Ամենեւին, պարզապես մեր ժողովուրդը ակտիվանում է երկրի համար օգտակար ու կարեւոր իրավիճակներում:
Դրա ապացույցը Ադրբեջանի օգոստոսյան սադրանքներին մեր ժողովրդի արձագանքն էր: Մինչ քաղաքական ուժերը դանդաղում էին, ուզում «որսալ» քաղաքական բաղադրիչներ, մեր ժողովուրդը երկար չմտածեց, երկիրը վտանգի մեջ էր, ուրեմն բոլորս պետք է ոտքի ելնենք, ու ելավ: Այս փաստը եւս ապացուցում է, որ մեր հանրությունը քնած չէ, բայց որպեսզի ակտիվանա, ոտքի կանգնի, պետք է նախ ունենա իր առաջ դրած հստակ նպատակ, ապա՝ հավատ ու վստահություն:
Ինչո՞ւ այսքան երկարաձգեցի հարցի պատասխանը. որպեսզի փաստեմ, որ մեր ժողովուրդը չլինելով պասիվ՝ չի գնա «եռյակի» հետեւից, քանի որ նախ նպատակ չի տեսնում: «Եռյակը» ասում է՝ ամեն ինչ պետք է անել, որ երկիրը զարգանա, ժողովուրդը լավ ապրի, բայց միայն ասում է: Մինչդեռ քաղաքական հասուն ընդդիմությունը նախ պետք է որսա հասարակության ներսում եղած դժգոհությունները, վեր հանի խնդիրները, առաջարկի լուծման ուղիներ եւ միայն այդ դեպքում առաջնորդի ժողովրդին:
Իսկ «եռյակը» անում է ճիշտ հակառակը՝ սեփական խնդիրներն է հրամցնում հասարակությանը ու գնում նրա հետեւից: Հարցին էլ, թե ի՞նչ է ուզում ժողովուրդը, պատասխանում են՝՝ միայն իշխանափոխություն: Այսինքն՝ տալիս են ձեւակերպումներ՝ ելնելով իրենց քաղաքական շահերից:
Իշխանափոխությունը «եռյակի» ցանկությունն է, բայց ոչ ժողովրդի, իսկ ժողովուրդը մի բան է ուզում՝ փոփոխություն, ու իր համար ամենեւին կարեւոր չէ, թե դա ով կիրականացնի՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Տեղին նկատեցիք՝ անորոշ է «եռյակի» քաղաքական օրակարգը, ոչ ոք չգիտի ի՞նչ են ուզում՝ իշխանափոխությո՞ւն, ինչո՞ւ են դեմ սահմանադրական բարեփոխումներին: Իսկ մեր ժողովուրդը խելոք է, մտածող եւ արդարացի հարց է տալիս՝ եթե «եռյակը» դեռ չգիտի ի՞նչ անել, չի ձեւակերպել խնդիրները, ուրեմն ո՞ւր է ուզում մեզ տանել:
-Չե՞ք կարծում, որ «եռյակի» հետեւից չգնալու հիմնական պատճառներից մեկն էլ հասարակական վստահության պակասն է, այսինքն՝ ովքե՞ր են ժողովրդին հրապարակ տանողները, նրանք վաստակե՞լ են առաջնորդ լինելու իրավունքը, այդ դերը ստանձնելու համար ունե՞ն քաղաքական հեղինակություն:
-Դուք բարձրացրիք մյուս կարեւոր խնդիրը. ովքե՞ր են ժողովրդին հրապարակ տանողները: Կուսակցությունների հարցում ժողովուրդը կարծիք է ձեւավորում՝ հաշվի առնելով երեք բաղադրիչ՝ ի՞նչ գաղափարախոսություն ունի, ո՞վ է լիդերը, ովքե՞ր են հավաքվել այդ կուսակցությունում:
«Եռյակի» պարագայում այս երեք «բաղադրիչները» բավական հեղինակազրկված են: Երեք ուժերի ներկայացուցիչները խոսում են արդարությունից, կլաններից, օլիգարխիայից, բայց մոռանում իրենց անցյալը: Այսինքն՝ իրենց ներկայիս հայտարարությունները, պահանջները չեն համապատասխանում իրենց քաղաքական կենսագրությանը: ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, քննադատում է՝ մոռանալով, որ օլիգարխիան ձեւավորվել է հենց իրենց իշխանության օրոք: Ընդդիմության ընկալումներն այսպիսին են. եթե մեծահարուստը հարում է քաղաքական մեծամասնությանը, ուրեմն նա թալանչի է, իսկ եթե միլիոնատերը իրեն ոչ իշխանական է համարում…
-Կամ՝ այլընտրանք:
-Ուրեմն լա՞վն է, արդար ու բարեգո՞րծ: Դեռ հարց է՝ սեփական կուսակցության անդամներին սեփական քաղաքական շահերից ելնելով փող տալը բարեգործությո՞ւն է, թե՞ կաշառք տալ:
Ասելիքս այն է, որ գաղափարներից խոսողները դրա բարոյական իրավունքը պետք է վաստակած լինեն իրենց կենսագրությամբ, իրենց խոսքի ու գործի համապատասխանությամբ, միայն ազնիվ անցյալ ունեցողը իրավունք ունի ազնվության մասին խոսլու։ Բայց արդյոք «եռյակում» ազնիվ անցյալ ունեցող քաղաքական ուժեր կա՞ն: Ոչ: Դրա համար էլ ժողովուրդը չի հավատում:
Ի դեպ, չեմ կարող նաեւ չասել, որ պատեհապաշտներ կան ոչ միայն ընդդիմության շարքերում, այլեւ իշխանության: Գիտեք, իշխանությունը ձգող հատկություն ունի ու դեպի իրեն է ձգում նաեւ պատեհապաշտներին, եւ երբեմն դժվար է լինում թացը չորից զանազանելը. փողկապ կապած, կոստյում հագած վեր է կենում ու շատ գրագետ խոսում ազնվությունից: Նման դեպքերում նաեւ ժողովուրդն է սխալվում ու հետո կորցնում հավատը իշխանության հանդեպ: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը՝ իշխանություն թե ընդդիմություն, պետք է զգույշ լինեն ու կարեւորեն այս հանգամանքը:
-Ինչ կասեք «ներեռյակային» ակնհայտ հակասության մասին. ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» հրապարակներում իշխանափոխության սուրն են ճոճում, նախագահի հրաժարականը պահանջում, մինչդեռ «եռյակի» լոկոմոտիվը՝ այլընտրանք ԲՀԿ-ն շատ ավելի զգուշավոր է ու իշխանափոխության մասին հայտարարություն չի անում, կենտրոնացած է մասնավորաբար կառավարությանը ներկայացրած 12 կետերի վրա: Գուցե այս կերպ «եռյակը» նաեւ մանեւրո՞ւմ է:
-Եթե մանեւրելու տրամաբանությամբ են առաջնորդվում, ուրեմն արդյունավետ չեն կարող լինել նրանց հանրահավաքները, եւ առհասարակ նրանց պայքարը: Իսկ նման մանիպուլյացիաները շատ վատ կանդրադառնան հենց իրենց հեղինակության վրա:
Մյուս կողմից՝ չի կարելի լարել ժողովրդին ու նրա հերթական հիասթափության պատճառ դառնալ: Այս ամենից մեր հասարակությունը մի հետեւության է հանգում, որ երկրում չկա կայացած ընդդիմություն, չկան կայացած ընդդիմադիր առաջնորդներ:
Ի դեպ, ընդդիմության նման մանիպուլյացիաները նաեւ պետության համար են վտանգավոր: Չէ՞ որ երկրին հարկավոր է օբյեկտիվ գնահատականներ տվող, արդարացի քննադատություն հնչեցնող ընդդիմություն, ու նման ընդդիմության պահանջների հետ իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել: «Եռյակի» որոշ ուժեր խոսում են իշխանափոխության մասին, պահանջում նախագահի հրաժարականը, բայց դա այլեւս իշխանափոխություն չէ, այլ անձի փոփոխություն: Կնշանակի ուզում են անձը անձով փոխարինել: Դե թող ուրեմն ազնիվ լինեն ու այդպես էլ ասեն:
-Ի դեպ, իշխանափոխության պահանջ դնող ուժերը՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», չունեն ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, ու փաստն այն է, որ իրենց քաղաքական նպատակների իրականացման համար հույսը դրել են «ռեսուրսավոր» ԲՀԿ-ի վրա:
– ԲՀԿ-ն ունի ֆինանսական ռեսուրս, իսկ մյուս երկուսը ունեն քիչ թե շատ փորձառու քաղաքական գործիչներ եւ ուզում են մեկտեղել իրենց «ունեցվածքը»:
Բայց մի կարեւոր բան մոռանում են. ՀԱԿ-ը մշտապես քննադատում է իշխանությանը ընտրությունների ժամանակ օլիգարխների ֆինանսական ռեսուրսները օգտագործելու համար, բայց նույն ՀԱԿ-ը դեմ չէ, որ օլիգարխներից ոմանք այսօր ֆինանսավորեն իրեն: Դրա համար էլ հենվել է ԲՀԿ-ի վրա: Փորձում են օգտագործել ԲՀԿ-ի տնտեսական, ֆինանսական ռեսուրսները, նաեւ լծակները: Ու եթե ԲՀԿ-ն չլիներ, ապա այս մարզային հանրահավաքները չէին կայանա:
Այսինքն՝ ՀԱԿ-ը փորձում է իշխանության գալ այն նույն մեթոդներով, ինչի համար սուր քննադատության է ենթարկում իշխանությանը: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ քաղաքականությունն անբարոյականություն է, այսօր ՀԱԿ-ն իր քայլերով հաստատում է իր առաջնորդի խոսքերը: Բայց չպետք է մոռանալ, որ ժողովուրդը այդ ամենը տեսնում է, հասկանում է եւ հիշում:
Այնպես որ «եռյակին» ոչինչ չի հաջողվելու, երեք ուժերը չեն կարողանա լուրջ դերակատարում ունենալ ներքաղաքական գործընթացների վրա, որովհետեւ տարբեր գաղափարախոսություններ, քաղաքական շահեր ունեցող ուժեր են: Իսկ այս հանրահավաքներով ընդամենը սեփական շահերի հետ կապված հարցեր են ուզում լուծել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












