ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ
–Օրերս շրջանառության մեջ դրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պայմանագրի նախագիծը։ ՄՄ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է. «Մաքսային վերահսկողություն իրականացվում է մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ», իսկ քանի որ մաքսային տարածք են հանդիսանում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, իսկ այսօր նաեւ, ըստ ԵՏՄ պայմանագրի, Հայաստանի տարածքը, հնչում է մտավախություն, թե ցանկացած ապրանք, որը մուտք կգործի Հայաստան ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից, այդ թվում եւ Հայաստանի մաս չհամարվող Ղարաբաղից, կենթարկվի մաքսային վերահսկողության: Այսինքն՝ պայմանագիրը թույլ է տալիս, որ ցանկացած պահին մաքսակետ դրվի ԼՂՀ-ՀՀ սահմանին:
-Նախ՝ ԼՂՀ-ն երբեւէ չի համարվել Հայաստանի մաս, ու Հայաստանը երբեւէ չի հայտարարել այդ մասին: Հաջորդը՝ սա իրավական փաստաթուղթ է, որի բոլոր կետերը արտացոլում են այն պահանջները, որոնք ընկած են Մաքսային միության տրամաբանության հիմքում: Նշեմ նաեւ, որ այս պայմանագիրը իրավական տեսանկյունից անթերի փաստաթուղթ է:
Իսկ հիմա դառնամ արտահայտված մտահոգությանը: Որպեսզի ամեն ինչ պարզ ու հստակ լինի, ներկայացնեմ երկու դիտարկում: Նախ՝ հարցը դիտարկեմ խիստ վերացական տեսանկյունից, այսինքն՝ մի իրականությունից, որը գոյություն չունի:
Եվ ուրեմն, մի պահ ընդունենք մեզ համար խիստ մերժելին, այն է՝ խոսքը ոչ թե Հայաստան-ԼՂՀ, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին է: Կրկնում եմ, սա վերացական մոտեցում է եւ իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Բայց անգամ այդ դեպքում սահմանին չի կարող դրվել մաքսակետ, քանի որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ Ադրբեջանը մի երկիր է, որը Հայաստանի նկատմամբ շրջափակում է իրականացնում:
Այսինքն՝ երկու երկրների միջեւ չկա ապրանքաշրջանառություն, ուրեմն ինչպե՞ս կարող է մաքսակետ դրվել: Նույնն է, թե ասենք՝ մաքսակետ դնել Հայաստան-Թուրքիա սահմանին:
Երկրորդ դիտարկումս. սա արդեն հիմնված է առկա իրողության վրա, այսինքն՝ մենք դե ֆակտո ունենք տարածք ու առաջնորդվում ենք այսպիսի տրամաբանությամբ՝ այն Հայաստան-ԼՂՀ սահմանն է, եւ Հայաստանն ու Ղարաբաղը գտնվում են ընդհանուր տնտեսական գոտում: Կարող է հարց հնչել, իսկ ո՞վ է վերահսկում այս տնտեսական տարածքում իրականացվող ապրանքաշրջանառությունը: Պատասխանը մեկն է՝ բնականաբար Հայաստանի Հանրապետության մաքսային աշխատողները: Ուրեմն ԼՂՀ-ից Հայաստանի միջոցով արտահանվող ապրանքը պատկանում է Հայաստանին:
Ենթադրենք՝ փորձ արվի մաքսային սահմանի վերահսկողության հարցում շատ ավելի կոշտ քաղաքականություն իրականացնել, ի՞նչ է լինելու: Ոչինչ էլ չի լինելու, ինչո՞ւ, որովհետեւ ինչպես Հայաստանի մաքսայինի ներկայացուցիչը չի գնա Բելառուս ու չի վերահսկի, թե եվրոպական երկրներից ի՞նչ ապրանքներ են ներմուծվում Բելառուս, որոնք հետո մակնիշավորվում են որպես Բելառուսում արտադրված ու հայտնվում ՄՄ տարածքում, այնպես էլ Բելառուսից չեն գալու Հայաստան:
Ի դեպ, այն, որ եվրոպական ապրանքները, մակնիշավորվելով որպես բելառուսական, մուտք են գործել ռուսական շուկա, սա փաստ է, եւ վերջին շրջանում բավական շատ խոսվեց այդ դեպքերի մասին: Բայց այսօր ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, ոչ էլ ռուսական մաքսային ներկայացուցիչներն են պատրաստվում գնալ Բելառուս ու մաքսային ստուգումներ անցկացնել:
-Բայց ՄՄ մաքսային օրենսգրքի 95-րդ, 97-րդ հոդվածները սահմանում են՝ ՄՄ սահմանով անցնող ճանապարհներին մաքսային հսկողության իրականացումը պարտադիր է։
-Եթե այդպես է, մեկ այլ հարց եմ տալիս. մեզ կպարտադրվի մաքսային սահման դնել ո՞ր պետությունների միջեւ՝ Հայաստանի ու Արցախի՞: Շատ լավ, թող լինի մաքսային սահման, բայց այդ դեպքում ՄՄ անդամ պետությունները պետք է բարի լինեն ընդունել ու ճանաչել, որ այդ սահմանը անցնում է երկու պետությունների՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ:
-Նկատի ունեք՝ կարձանագրվի ԼՂՀ տնտեսական ճանաչում, որը ճանապարհ կհարթի քաղաքակա՞ն ճանաչման համար:
-Իհարկե: Այն պահին, երբ նրանք կընդունեն, որ սահմանն անցնում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջով, նշանակում է կճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղ անկախ պետության գոյությունը:
Այսպիսով կա՛մ ՄՄ անդամ երկրները պետք է ընդունեն, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում ու աչք փակեն, որ ապրանքը դուրս է գալիս ԼՂՀ Շուշի քաղաքից եւ մակնշված է որպես Հայաստանում արտադրված ապրանք, կամ էլ առանց աչք փակելու ասեն՝ այո՛, սա ԼՂՀ-ն Հայաստանին կապող սահման է, եւ պատրաստ լինեն դրա հաջորդ քայլին՝ ԼՂՀ ճանաչմանը:
-Հնարավո՞ր է ՄՄ անդամ երկրները պարտադրեն, որ Ղարաբաղում արտադրված ապրանքների վրա մատնանշվի՝ «արտադրված է Ադրբեջանում»:
– Ինչպե՞ս կարող են ՄՄ անդամ երկրները պարտադրել Լեռնային Ղարաբաղին իր իսկ արտադրած ապրանքների վրա մակնշել Ադրբեջանի անունը: Նման կարծիքներ հնչեցին, ու ես նման միտք շրջանառողներին հարց եմ տալիս՝ իրենք դա ինչպե՞ս են պատկերացնում: Անձամբ ես դա ո՛չ տեխնիկապես, ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ քաղաքական առումով չեմ պատկերացնում:
Ի դեպ, մի հավելում անեմ. կա մտադրություն, որ հետագայում սահմանվի ընդհանուր մակնշում, այսինքն՝ Մաքսային միության երկրների ապրանքների վրա նշվի՝ «արտադրված է Եվրասիական տնտեսական համագործակցության երկրներում»: Ինչպես, օրինակ, քիչ չեն այն ապրանքները, որոնց վրա նշված է՝ «արտադրված է Եվրամիությունում», այսինքն՝ կարող է գործել նույն տրամաբանությունը:
-Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը այսպիսի միտք էր ասել, թե Հայաստան-ԼՂՀ սահմանին մաքսակետեր կհայտնվեն, թեկուզ եթե անգամ դրանք ձեւական բնույթ ունենան, ու հնարավոր է, որ ինչ-որ պահի նաեւ լուրջ գլխացավանք դառնան:
-«Գլխացավանք» կարող էր առաջանալ այն դեպքում, եթե երրորդ երկրից ապրանքը մուտք գործի նախ ԼՂՀ տարածք, ապա այնտեղից՝ Հայաստան ու շարունակի իր «ճանապարհորդությունը» դեպի ՄՄ անդամ երկրներ: Բայց նման «գլխացավանքը» բացառված է, քանի որ ապրանքները ԼՂՀ տարածք են մտնում միմիայն Հայաստանով: Ինչպես նաեւ Ղարաբաղում արտադրված ապրանքները դարձյալ արտահանվում են Հայաստանով: Այնպես որ գործ ունենք երկկողմ հարաբերությունների հետ, ու նման մտավախությունները տեղին չեն:
– Բացառելով ԼՂՀ-ի ու Հայաստանի միջեւ մաքսակետի առկայությունը՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսպես է հակադարձել. «Կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ», եւ պարզաբանում, որ դրանց գործառույթը ընդամենը ուղեւորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է:
-Լիովին համաձայն եմ, քանի որ իսկապես այնտեղ չկա, այսպես ասած, մաքսակետ, իսկ հսկիչ կետ ասվածն էլ մի «բուդկա» է, ուր մեկ-երկու ոստիկան են նստած: Այսինքն՝ «բուդկան» մաքսակետ չէ, քանի որ նման գործառույթ չի իրականացնում: Հայաստանն ու Ղարաբաղը գտնվում են մեկ տնտեսական տարածքում, որը սահմանված չէ սահմաններով, եւ ապրանքաշրջանառությունն էլ իրականացվում է բաց սահմանների շրջանակներում:
– Տարբեր պատճառներով այնքան ձգձգվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, որ հայաստանյան քաղաքական դաշտում այս պահին դարձյալ կա անվստահություն, հայտնվում են կասկածներ՝ արդյոք հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ կարող են ի հայտ գալ նոր անակնկալներ, ու կրկին հետաձգվի Հայաստանի անդամակցումը: Նման խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:
-Ընդհանրապես քանի դեռ փաստաթուղթը վերջնականորեն չի ստորագրվել, չես կարող ասել, որ այն 100 տոկոսով ստորագրվելու է: Հետեւաբար հարցին այսպես պատասխանեմ. կարծում եմ, որ առավել մեծ է հավանականությունը, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի ունենալիք ԱՊՀ-ի ու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում կստորագրվի Հայաստանի անդամակցման փաստաթուղթը: Եվ շատ ավելի քիչ է մտավախությունը, թե այն կարող է տեղի չունենալ:
Խոչընդոտներ չեմ տեսնում նաեւ ԵՏՄ անդամ երկրների կողմից: Այն տրամադրությունները, որոնք կան Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում, թույլ են տալիս ասելու, որ Հայաստանի անդամակցումը տեղի կունենա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












