Ադրբեջանամետ պատգամավորին թույլ չենք տա մտնել Արցախի Հանրապետություն
Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խայտառակ խախտումերի, բռնությունների իրավիճակը քննելու փոխարեն ԵԽԽՎ-ն որոշեց զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Եվրոպական այս կառույցը, որը չունի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մանդատ, փաստորեն իր այս քայլով փորձում է նոր գործառույթներ ստանձնել՝ դուրս գալով սեփական մանդատի շրջանակներից: Ինչպե՞ս է Արցախի Հանրապետությունը գնահատում ԵԽԽՎ-ի այս քայլը:
-Անշուշտ, ԵԽԽՎ-ն չունի որևէ լիազորություն զբաղվելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, բայց պարզվեց, որ այս կարևոր հանգամանքն ամնևին չի հետաքրքրում ո՜չ զեկույց պատրաստող անձնավորությանը, ո՜չ նրա թիկունքում կանգնած ուժերին, այդ թվում պաշտոնական Բաքվին, քանի որ այլ նպատակներն են հետապնդվում: Իրերը կոչենք իրենց անուններով. այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, կաշառակերության ակնհայտ դրսևորում է: Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ մի խումբ պատգամավորների, վճարել նրանց հսկայական գումարներ՝ արտարժույթով, ու այսօր նրանք պետք է արդարացնեն այդ գումարների ստացումը իրենց քայլերով: Զեկույցի պատրաստումը հանձնվեց մի մարդու, ով Ադբեջանի կողմից կաշառվել էր դեռևս այդ երկրում անցկացված ընտրությունների շրջանում: Բրիտանացի պատգամավորը այն միակ էր, որը Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ ընտրությունները համարեց նորմալ, դրանով հակադրվելով միջազգային դիտորդների քննադատական կարծիքներին: Եվ ահա այսօր այդ նույն մարդու ձեռքով պետք է պատրաստվի հիշյալ անհեթեթ զեկույցը:
-Հարկ է փաստել հետևյալ իրողությունը.ԵխխՎ-ն իր քայլով հակադրվեց Եվրամիության դիրքորոշումանը, համաձայն որի՝ ԼՂ հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելին, ԵԽԽՎ-ում քննադատության է արժանացել Մինսկի խմբի գործունեությունը ու այս զեկույցի պատրաստումը փորձ է արվել հիմնավորել նրա վատ աշխատանքով: Գուցե ԵԽԽՎ-ն նպատակ ունի Մինսկի խմբի ձևաչափի կրկնօրինա՞կն ստեղծելու:
-Նման մոտեցումն ուղղակի անհեթեթություն է: Նախ, ինչպես ասացինք ԵԽԽՎ-ն ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ չունի և լիազորված չէ գնահատականներ տալու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Այս ամենն ընդամենը տեղավորվում է խավիարական դիվանագիտության տրամաբանության մեջ և սա է պատճառը, որ եվրոպական երկու կառույցները մեկը մյուսին հակասող դիրքորոշումներ են արտահայտում:
Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում առավել ազդեցիկ է ադրբեջանական լոբբինգը և վերջինս բացահայտորեն հանդես է գալիս ադրբեջանամետ դիրքերից: Սրանից պետք է համապատասխան հետևության հանգեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանը արտաքուստ ողջունում է համանախագահների ջանքերը, բայց տակից ֆինանսավորում այլ կառույցների պատգամավորների, տվյալ դեպքում ԵԽԽՎ-ի, ու նրանց միջոցով տորպեդահարում Մինսկի խմբի աշխատանքները: Սա նաև մեծ վտանգ է ուղղված ժողովրդավարությանը:
Փաստորեն, եվրոպական կառույցները՝ Եվրամությունը, ԵԽԽՎ-ն, որոնք համարվումեն մարդու իրավունքների, ժողովրդավարության հիմնարար արժեքների կրողներ, այսօր իրենք են այդ արժեքները փոխարինում խավիարանավթադոլլարներով: Տեղի է ունենում սարսափելի մի բան՝ եվրոպական արժեքները անտեսվում են հանուն անձնական, գրպանային շահերի: ԵԽԽՎ կաշառված պատգամավորները նման քայլերով ներսից քանդում են եվրոպական արժեհամակարգը: Մենք գիտենք, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կլինի ժողովրդավարական երկիր: Բայց ի՞նչ է ստացվում, դրա փոխարեն Եվրոպան է տրանսֆորմացվում <<Եվրոբիջանի>>:
-Գործ ունենք ոչ միայն եվրոպական արժեհամակարգի խաթարման հետ, այլև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգի, ու ստացվում է, որ եվրոպական կառույցն իր քայլերով նպաստում է պատերազմի բռնկմանը, ինչի մասին, ի դեպ, ԵԽԽՎ-ում ահազանգել են հայ պատվիրակները ու զգոնության կոչ արել: Բայց դա չխանգարեց, որ ադրբեջանամետ որոշումը կայացվի:
-Սա փաստում է այն մասին, որ եվրոպական կառույցներում այսօր լուրջ խնդիրներ կան: Եվրոպայի թուլության արտահայտությունն է այն, որ այդ կառույցներում այսօր տիրում է համատարած կաշառակերություն: Եվրոչինովնիկները հանուն փողի, իրենց քայլերով նպաստում են տարածաշրջանում իրավիճակի բարդացմանը: Համագործակցում են մի պետության հետ, որը հերոսացնում է դահիճներին, ինչպիսին է Սաֆարովն ու մյուս մոլագարները: Իսկ տոտալիտար Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելը չի բխում Եվրոպայի շահերից, սա մեծ վտանգ է հենց Եվրոպայի համար: Եվ եթե նրանց թվում է, թե Կովկասը իրենցից շատ հեռու է ու այդ վտանգն իրենց չի հասնելու՝ չարաչար սխալվում են: Եթե ԵԽԽՎ պատգամավորներից շատերը կաշառվելով հրաժարվում են իրենց սկզբունքներից, արժեքներից, սա նշանակում է՝ եկել է հենց ԵԽԽՎ-ում մոնիթորիգ անցկացնելու ժամանակը, որպեսզի պարզվի, թե ի՞նչ է կատարվում իրենց ներսում, բացահայտվեն առկա կոռուպցիոն ռիսկերը: Այնպես որ, Արցախում ուսումնասիրություններ անելու, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող հարցեր բարձրացնելու փոխարեն, թող ԵԽԽՎ-ն իր ներսում այսպիսի մոնիթորիգ անցկացնի՝ ինչպե՞ս է լինում, որ ԵԽԽՎ պատգամավորները կաշառվում են ու եվրոպական արժեքները փոխարինում նավթադոլարներով, որոնց արդյունքում ծնվում են նման անհեթեթ զեկույցներ:
–Զեկույցի վերնագրում կա կանխակալ վերաբերմունք, այսինքն, դեռ ուսումնասիրությունը չսկսած՝ զեկույցի հեղինակը գալու է, որպեսզի<оկուպացված տարածքներում>> ԼՂՀ կողմից իրականացված <<բռնության սրացումներ>> հայտնաբերի:Բնականաբար, նման զեկույցից դժվար է անկողմնակալություն ակնկալելը: Ուրեմն, ինչպե՞ս է Արցախը դիմավորելու նման նպատակով մեզ <<հյուրընկալող>> ադրբեջանահաճ պատգամավորին:
-Կա երկու տարբերակ. նախ, գոյություն ունի պարտադիր արարողակարգ, համաձայն որի, եթե տվյալ անձը ուզում է ինչ-որ հետազոտություն իրականացնել, ապա պարտավոր է դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին ու ստանալ նրանց համաձայնությունը: Առանց որիանհնար կլինի նրա մուտքը Արցախ: Երկրորդ, եթե զեկույցի բովանդակությունը շարադրվելու է վերնագրի տրամաբանոթյամբ, ապա շատ ավելի նպատակահարմար կլինի, որ ԵԽԽՎ պատգամավորը ուղիղ Բաքու գնա, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահի աշխատակազմում արդեն իսկ պատրաստված է հիշյալ զեկույցի տեքստը, թող վերցնի այն ու դրանով իր միսիան համարի ավարտած: Քանի որ պատրաստի վիճակում զեկույցը ձեռք բերելը բավական էժան կնստի իր վրա, կտնտեսի Արցախ գալու ծախսերը, ու այդ տնտեսված գումարները ևս կդնի սեփական գրպանը:
-Ի դեպ, մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս ակնարկել է, թե այդ զեկույցը վաղուց արդեն պատրաստ է, ու գրված է ոչ թե ԵԽԽՎ-ում, այլ Լոնդոնում՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի բլանկի վրա:
-Դրա համար էլ Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում: Ուրեմն, թող բոլորի համար հստակ լինի, որ Արցախի Հանրապետությունը կաշառված անձանց հետ չիկարող գործ ունենալ: Այլ բան է, եթե ԵԽԽՎ-ն որոշի փոխել այդ զեկույցի տրամաբանությունը: Օրինակ, պատրաստի զեկույց չճանաչված պետությունների մասին, թե ինչպե՞ս են այդ երկրներում ընթանում պետականաշինության գործընթացները, կամ զեկույց Ադրբեջանի կողմից գործընթացները ապակայունացնելու մասին, որովհետև այս երկիրը մի կողմից ամեն օր խախտում է զինադադարը, մյուս կողմից՝ կաշառում եվրոպական կառույցներին ու հենց նրանց ներսից իրականացնում ահաբեկչություն Արցախի Հանրապետության դեմ: Եվ ուրեմն, եթե ԵԽԽՎ-ն սրբագրի իր սխալը՝ փոխի զեկույցի տրամաբանությունը ու այդ մասին հրապարակավ հայտարարի, միայն այդ ժամանակ Արցախի Հանրապետությունը կքննարկի իրավիճակն ու կհայտարարի իր քաղաքական դիրքորոշման մասին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












