Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ

Հոկտեմբեր 10, 2014թ. 00:21

ԵԽԽՎ լիագումար նիստում <Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը>՚ վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշման ընդունումը Հայաստանում լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Թե ի՞նչ է տեղի ունեցել ԵԽ ԽՎ-ում, <Հայոց Աշխարհ>-ին ներկայացնում է Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ

-Հայաստանյալ լրատվամիջոցները օրերս հեղեղվեցին ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի պատմություններով, թե հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում հայտնվել է <խայտառակ վիճակում>, պատվիրակության ղեկավարը հարցի քննարկումը վերածել է սկանդալի, ինչին ի պատասխան ներկաները սուլել են, թղթեր նետել:Իսկ իրականում ինչ է տեղի ունեցել ԵԽ ԽՎ-ում:

-Իսպանացի մի խավիարասեր պատվիրակ, իր ելույթից հուզված, նեղսրտած, ելույթի համար իրեն տրված <<շպարգալկան>> ճմրթեց, դեն նետեց: Թեև իրականում քննարկումը բավականին սուր էր:
ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախորդ նիստում հայկական կողմը պահանջեց, որ հանձնաժողովում քննարկվի Ղարաբաղի մասին նման զեկույց պատրաստելու աննպատակահարմարության հարցը: Դեռ ամիսներ առաջ այս խնդիրը օրակարգում էր, մեր նպատակն էր՝ ամեն ինչ անել, որպեսզի մերժվի նման զեկույց պատրաստելու որոշումը: Սակայն այն հաստատվեց բյուրոյում, ապա և լիարգումար նիստում ու մենք ստիպված էինք մեր պայքարը շարունակել քաղաքական հանձնաժողովի նիստում:

Տեղեկացնեմ, որ մինչ այդ մենք պահանջել էինք քննարկում կազմակերպել երեք հարցերի շուրջ. առաջինն ու ամենակարևորը զեկույցի մերժման շուրջ քննարկում ծավալելն էր, ապա նաև վերնագրի ու զեկուցողի ընտրության հարցերի քննարկումը:

Քաղաքական հանձնաժողովի նախագահը սկզբում համաձայնվեց այս բոլոր հարցերը քննարկել հաջորդ նիստում: Մինչդեռ, վերջինս լինելով ադրբեջանական լոբբինգի խոշոր դերակատարներից մեկը, հաջորդ օրվա նիստում շրջանցեց մեզ համար կարևոր առաջին հարցը, թողնելով միայն զեկույցի վերնագրի ու զեկուցողի հարցերը: Իրավիճակը լարվեց, երբ երևաց, որ հանձնաժողովի նախագահը բացահայտորեն դեմ է գնում մեզ համար անհրաժեշտ քննարկման ծավալմանը և ես ստիպված եղա հնչեցնել մեր փաստարկները զեկույցի աննպատակահարմարության մասին: Իմ ելույթին հակադարձեցին՝ մի կողմից այն երկրների պատգամավորները, ովքեր մտահոգ են իրենց երկրներում ակտիվացող անկախացման գործընթացներով, մյուս կողմից՝ ադրբեջանական լոբբինգի իրականացնողները, որոնք մեծ թիվ են կազմում: Եղան նաև մեր փաստարկներին ականջալուր ելույթներ, այդ թվում բրիտանացի պատգամավոր լորդ Անդերսոնը, ով նույնպես խոսեց այդ զեկույցի իմաստի, հետևանքների և կասկածելի օգուտի մասին:

Փաստորեն, ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակներին վիճակված է լուրջ պայքար մղել մի բյուրոկրատական, կոռումպացված համակարգի դեմ, որի պատգամավորների մի ստվար հատված կաշառված լինելով ադրբեջանական նավթադոլարներով դարձել են թուրք-ադրբեջանական լոբբինգի սպասարկուներ:

-Այո, իրականում լուրջ պայքար էր գնում և ես պարտավոր էի մինչև վերջ օգտագործել բոլոր հնարավորությունները պաշտպանելու իմ երկրի շահերը, ինչը և արել եմ: Մարտի դաշտում պարտված հակառակորդը՝ Ադրբեջանը, այսօր դիմում է հնարավոր բոլոր միջոցների, և՛ կաշառում է, և՛ ստում՝ ապակողմնորոշելով պատգամավորներին: Ադրբեջանը տարբեր մեթոդներով կռիվ է տալիս մեր դեմ ու մենք իրավունք չունենք ընկրկելու, նահանջելու: Եվ ես հայկական պատվիրակության պարտականությունն եմ համարում ԵԽ ԽՎ ամբիոնից հնչեցնելու մեր բոլոր փաստարկները, ներկայացնելու մեր դիրքորոշումները և իրականությունը հասցնելու պատվիրակներին: Դիմելով քաղաքական հանձնաժողովի անդամներին ասացի՝ դուք աշխատելու եք այս զեկույցի վրա, ուրեմն պետք է հստակ իմանաք, թե ի՞նչ վտանգներով է հղի նման զեկույցի ընդունումը, դուք պետք է իմանաք, որ սա չի կարող լինել բալանսավորված զեկույց, քանի որ վերանագրից արդեն իսկ ակնհայտ է միակողմանի ուղղվածությունը: Ոմանք ինձ կշտամբում են, թե 5 րոպեի փոխարեն 15 րոպե եմ խոսել, բայց ասելիքս իսկապես շատ-շատ էր: Ես փորձեցի իմ խոսքում խտացված ներկայացնել այն բոլոր փաստարկները, որոնք պետք է հնչեին հանձնաժողովի չկայացած քննակման ժամանակ:
Հարց հնչեցրի՝ ԼՂՀ-ի մասին զեկույց եք գրում ու անտեսում ԼՂՀ կարծիքը՞, այդ ժողովրդի դիրքորոշումը՞: Հիշեցրի, երբ ԵԽ ԽՎ-ն քննարկում էր Կոսովայի հարցը ներկա էր այդ երկրի ներկայացուցիչը, ասացի՝ հենց հիմա նիստին մասնակցում են Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչները, նրանց տվել եք կարծիք հնչեցնելու հնարավորություն: Իսկ ո՞ւր է ԼՂՀ ներկայացուցիչը, ինչո՞ւ չեք հրավիրում, ինչո՞ւ չեք լսում Արցախի դիրքորոշումը: Կարծում եմ, որ այսուհետ մենք պետք է աշխատանք ծավալենք ԼՂՀ խորհրդարանի մասնակցությունը ԵԽ ԽՎ-ում ապահովելու համար:
Փաստորեն, Ադրբեջանը օգտագործեց ԵԽ ԽՎ-ում իր նախագահության շրջանը, նաև այն պատգամավորների տրամադրությունները, որոնք ամնեևին ոգևորված չեն ԼՂՀ անկախացման գործընթացով, միաժամանակ գործի դրեց իր նավթադոլարները, ու Մինսկի խմբի ոչ ադրբեջանանպաստ քայլերին հակադրեց եվրոպական այս կառուցում ընդունված իր համար ցանկալի որոշումը:

-Իզուր չեն հայ պատվիակները ասում՝ ԵԽ Խվ-ն վերածվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի:

-Իրոք, այսօր լուրջ խնդիր կա, միջազգային կազմակերպությունների համակարգը գնալով ճաքեր է տալիս, ԵԽ ԽՎ-ն նույնպես որպես եվրոպական կառույց լուրջ հետնահանջ է գրանցում եվրոպական արժեհամակարգից: Երկակի ստանդարտները, կոռումպացվածությունը դարձել են խիստ տարածված երևույթներ:
ԵԽ ԽՎ քաղաքական խմբերից մեկը հաշվարկել է, որ Ադրբեջանի կողմից գնված պատգամնավորների թիվն անցնում է 130-ը: Եվրոպական, քրիստոնեական բարոյականության հիմնական սկզբունքները՝ արդարամտությունը, անկողմնակալությունը, անաչառությունը այսօր տեղի են տալիս շահամոլությանը, դրամասիրությանը: Սա մարտահրավեր է ուղղված Եվրոպային: Ու մեր երկիրը, որն ունի ղարաբաղյան խնդիր ու առավել զգայուն է այս հարցերում, ստացվում է, որ հայտնվել է այդ մարտահրավերի դեմ հանդիման: Հանուն եվրոպական իրական արժեքների պայքարը նաև հայերիս պայքարն է:

-Մինչ ԵԽԽՎ նստաշրջանը արդեն իսկ հայտնի էր, որ ադրբեջանցիները նման
զեկույց են դնելու շրջանառության մեջ, հնարավոր չէ՞ր դիվանագիտական համարժեք քայլերով կանխել հակահայկական այս որոշման ընդունումը:

-Եվոպական այդ կառույցում բախվում են հստակ շահեր, և ասել, թե հայկական պատվիրակության ղեկավարի կամ որևէ անդամի վատ ելույթի հետևանքն է այս ամենը, ընդամենը մանկամիտ մոտեցում կլինի: Իրականում աշխատանք է կատարվում, բոլոր ուղղություններով, թե՛ կուլիսներում, թե՛ հանձնաժողովներում, թե՛ քաղաքական խմբերի նիստերում: Մեր պատվիրակների խնդիրն է նաև հնարավոր բոլոր միջոցներով ավելացնել մեր համախոհների քանակը: Չէ՞ որ կաշառված պատգամավորների կողքին քիչ չեն նաև ազնիվ, սկզբունքային պատգամավորները, որոնք գիտակցում են, որ կոռուպցիայի արդյունքում վարկաբեկվում է եվրոպական այս կառույցը: Հետևաբար, մենք պետք է ակտիվացնենք և ավելի ծավալուն դարձնենք աշխատանքը այսպիսի մտածողության անձանց հետ:

-Իսկ մեր պատվիրակության անդամների մեջ կա՞ համաձայնեցված, թիմային աշխատանք, եթե այո, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք այն մեղադրանքը, թե ձեր ելույթը համաձայնեցված չի եղել պատվիրակության անդամների հետ:

-Հակառակը, փորձել ենք իրականացնել համախմբված աշխատանք, թեև պատվիրակության 8 անդամներից 5-ը օպոզիցիայի ներկայացուցիչներ են և ընդամենը 3-ն են մեծամասնության ներկայացուցիչ, այնուամենայնիվ, բոլոր որոշումները կայացվել են ընդհանուր քննարկումների արդյունքում` հաշվի առնելով բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումները, անգամ երեկոյան ուշ ժամի հավաքվել ենք ու քննարկել մեր քայլերը, լսել միմյանց տեսակետները: Նաև միասնական դիրքորոշում էր, որ եթե անտեսվեն Հայաստանին մտահոգող խնդիրները, ապա կգնանք բոյկոտի և զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու ճանապարհով: Կրկնում եմ, այս որոշումը կայացվել է բոլորի հետ համատեղ: Մի փոքր տարաձայնություն է եղել ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ, որովհետև նա գտնում էր, թե չպետք է պնդել զեկույցը հանելու շուրջ, այլ ընդամենը կենտրոնանալ վերնագրի փոփոխման վրա: Բայց մենք եկանք այն եզրահանգման, որ եթե անգամ փոփոխվի վերնագիրը, ապա նախկին փորձը ցույց է տվել, որ խիստ հավանական է, որ անգամ նեյտրալ վերնագրի տակ տրվեն ծայրահեղ և ոչ հայանպաստ գնահատականներ:

Ամփոփենք. զեկույցի որոշումն այլևս կայացված է, ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: Ի դեպ, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը <Հայոց Աշխարհ>-ին տված հարցազրույցում հստակ հնչեցրել է ԼՂՀ դիրքորոշումը. <Արցախի Հանրապետությունը նման բովան դակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում>:

-Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական ազատ պետություն է և որևէ մեկի մուտքը մեր երկիր արգելելու պրակտիկա չկա: Սև ցուցակները և մուտքի արգելքները ադրբեջանական գործելաոճ է: Այնպես որ, հիշյալ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն