ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՏՄ-ԻՆ
Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։
Ընդ որում՝ նախքան անդամակցության փաստաթղթերի ստորագրումը մեր քաղաքագետներն իրավացիորեն մատնանշում էին, որ՝
ա) Ղարաբաղյան հակամարտության պատճառով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը նախ եւ առաջ անվտանգության ապահովման հարց է,
բ) Ադրբեջանն ամեն ինչ անում եւ անելու է Հայաստանի անդամակցությունը կասեցնելու համար՝ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաեւի, ապաեւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի միջոցով օգտագործելով Ղարաբաղի հարցը։
Սակայն այժմ՝ հոկտեմբերի 10-ից հետո, ոմանք նշում են ճիշտ հակառակը՝
ա) Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումով Ղարաբաղը դրվեց Ն. Նազարբաեւի գծած մաքսային սահմաններից դուրս, այսինքն՝ «դարձավ» անորոշ կարգավիճակ ունեցող տարածք,
բ) առաջիկայում Ադրբեջանն ամեն ինչ անելու է ԵՏՄ-ին անդամակցելու միջոցով Հայաստանի կողմից «լքված» Ղարաբաղը վերադարձնելու համար։
Ի՞նչ շահեցինք Ղարաբաղի հարցում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով անդամակցելով ԵՏՄ-ին, եւ ի՞նչ կորցրինք այդ ամենի հետեւանքով, եթե Ռուսաստան-Ադրբեջան սիրախաղի ծավալումն իսկապես որ ակնհայտ է ու անվիճելի, իսկ Ղարաբաղի կարգավիճակը իրականում վիճելի էր ե՛ւ մինչեւ հոկտեմբերի 10-ը, ե՛ւ դրանից հետո։
Այստեղ արդեն մեր քաղաքական միտքը տարանջատվում է ըստ արտաքին-քաղաքական կողմնորոշումների. արեւմտամետները զբաղվում են Ղարաբաղի «մոտալուտ վաճառքի» մասին կանխագուշակումներով, իսկ ռուսամետները՝ ղարաբաղա-հայաստանյան սահմանագծին մաքսատան ստեղծման հեռանկարը համարում են պարզ ձեւականություն՝ դրա փոխարեն կարեւորելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆորմատի պահպանումը։
Նման հակադիր հարցադրումների ֆոնին հարկ է մի փոքր հետահայաց նետել նախքան հոկտեմբերի 10-ը եւ դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի մեկնարկային հնարավորությունների ու հավանական քայլերի հաջորդականության վրա։ Առ այդ՝ ակնհայտ կդառնա, որ եթե Ադրբեջանին ձեռնտու լիներ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ապա մինչեւ վերջին պահը ամեն ինչ չէր անի այն կասեցնելու համար։
Ադրբեջանի նպատակն էր ընդհանրապես կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ինչպես որ միջազգային ցանկացած այլ կազմակերպության՝ օգտագործելով Ղարաբաղի հարցը, այսինքն՝ մեր երկիրը դնել լիակատար մեկուսացման մեջ։
Մինսկը ցույց տվեց, որ դա նրան չհաջողվեց։ Ընդհակառակը, Հայաստանը ԵՏՄ-ում հայտնվեց «նոր տան» փայատիրոջ կարգավիճակում, ուստիեւ հունվարի 1-ից կարող է ուղղակի արգելք դնել Ադրբեջանի անդամակցության առջեւ, եթե վերջինս համարձակվի որպես «մուտքի վճար» պահանջել Ղարաբաղը։
Ուրեմն այսուհետեւ Բաքուն կա՛մ պետք է գնա բանական փոխզիջման, կամ էլ իր հայացքն ուղղի դեպի Արեւմուտք, որտեղ նրա պաշտոնյաների դեմ իրար հետեւից սանկցիաներ են մշակվում ադրբեջանական իրավապաշտպաններին զանգվածաբար ձերբակալելու եւ «հայկական լրտեսներ» հռչակելու համար։
Կարծում ենք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումով փակվեց Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման այն տեսական հնարավորությունը, որը ադրբեջանական կողմը կապում էր ինտեգրացիոն նախագծերից լիովին դուրս դրված «անտեր» Հայաստանին պատժելու հարցում սպասվող «Մոսկվայի դաբրոյի» հետ։ Այսուհետեւ նման «դաբրոն» ուղղակի բացառվում է, իսկ փոխզիջումը, ինչպես գիտենք, ներկայումս բացառվում է հենց իր՝ Բաքվի կողմից։
Եթե Ռուսաստանը ձգտում է սերտացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ եւ նրան անվտանգության որոշակի երաշխիքներ տալ «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքներից, ապա դա դեռ չի նշանակում, որ նույն հաջողությամբ Մոսկվան կարող է ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց «ափսեի վրա» Բաքվին մատուցել Լեռնային Ղարաբաղը։ Որովհետեւ նա այլեւս դա չի կարող անել առանց ԵՏՄ-ի մյուս անդամ Հայաստանի համաձայնության։
Ավելին՝ Հայաստանի նախագահը, օրերս ընդունելով իր սերբ գործընկերոջը, հստակորեն հայտարարեց, որ ԵՏՄ-ին անդամագրվելով մեր երկիրը չի փակում Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղին։ Այսինքն՝ ձեռք բերելով անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն միավորման կազմում, Հայաստանը պահպանում է նաեւ Եվրամիության ու ողջ Արեւմուտքի հետ իր համագործակցության «պատուհանները»։
Հաշվի առնելով, որ Արեւմուտքն ավելի ու ավելի հարմարավետ է «տեղավորվում» մեր հարեւան Վրաստանում՝ ոչ միայն տնտեսական-քաղաքական, այլեւ ռազմական առումով, Հայաստանի համար նման քաղաքական այլընտրանքի առկայության փաստը ոչ միայն պահպանվում է, այլեւ է՛լ ավելի է ընդգծվում։
Հարց է առաջանում. իսկ ի՞նչն է «ընդգծվում» Ադրբեջանի համար՝ Արեւմուտքից՝ խորթանալու, իսկ Ռուսաստանից՝ ոչինչ չստանալու հետեւանքով, երբ Թուրքիան իր հերթին դանդաղորեն ներքաշվում է «Իսլամական պետության», քրդերի ու արաբների հետ երկարատեւ եւ հյուծիչ դիմակայության մեջ։
Մեր կարծիքով, առայժմ ընդգծվում է ընդամենը մի բան՝ Բաքվի ունեցած նախորդ խաղաքարտերի արժեզրկումը՝ նորերի ձեռքբերման ճանապարհին ուրվագծվող բազում արգելքների ֆոնին։ Ադրբեջանի ղեկավարությանը մնում է Ռուսաստանի՝ Հայաստանի հետ համաձայնեցված պայմաններով ԵՏՄ մուտք գործելու կամ էլ տագնապալից սպասումներով անորոշության մեջ հայտնվելու տարբերակը՝ մինչեւ որ իսլամական արմատականությունը թափանցի իր երկրից ներս։
Կարծում ենք, գուշակություններով զբաղվելու փոխարեն այսօրվանից հարկավոր է մտածել ոչ թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետեւանքով Ղարաբաղին սպառնացող անմիջական վտանգի, այլ մեկուսացման ու տնտեսական ճգնաժամի սպասելիքների մեջ հայտնվող եւ անկանխատեսելի դարձող Ադրբեջանի հնարավոր քայլերին դիմակայելու մասին։
Եվ ամենակարեւորը. հարկ է ուշադրությամբ հետեւել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին Արեւմուտքի կողմից հասցվող նման շոշափելի հարվածի հետեւանքով գնալով ավելի ու ավելի բարդ կացության մեջ հայտնվող Ռուսաստանի քաղաքականության գրեթե անխուսափելի դարձող փոփոխությանը՝ կարծրացման կամ մեղմացման ուղղությամբ։ Որովհետեւ Ղարաբաղի հարցի լուծման «բանալիները» շարունակում են մեծապես կախված մնալ ոչ թե Բաքվի ու Մոսկվայի, այլ Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերությունների հետագա ընթացքից։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












