ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կարող է գրավիչ շուկա դառնալ իրանցի գործարարների համար
Նորաստեղծ <<Հայք>> վերլուծական-տեղեկատվական կենտրոնը սկսում է իր ամենշաբաթյա քննարկումները Հայաստանին վերաբերող կարևորագույն խնդիրների շուրջ:
Հոկտեմբերի 11-ին Կենտորնի կազմակերպած անդրանիկ քննակման թեմաներ էր` <Հայաստան-ԵՏՄ. նոր իրողություններ>: Քննակմանը մասնակցում էին` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեյնին:
ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կարող է գրավիչ շուկա դառնալ Իրանցի գործարարների համար, Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցը քաղաքական գործիչները եւ վերլուծաբաններն այսօր քննարկել են Իրանի հետ համագործակցության նոր հեռանկարի համատեքստում։
Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։ “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը համաձայն չէ իրանցի փորձագետի հետ եւ հռետորական հարց բարձրացրեց, թե ի՞նչն էր խանգարում երկու տարի առաջ նման ներդրումներ անելու համար։ “Իրանի վրա էմբարգո է գործում մինչեւ 40 միլիոն դոլարի ներդրում անելու հարցում։ Հենց նման քայլեր լինեն, ճնշումներ կլինեն Արեւմուտքի կողմից թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի վրա”,- ասաց Արա Պապյանը։ “Հիմա նաեւ էմբարգո կա Ռուսաստանի վրա, եւ կարող է իրավիճակ փոխվել”,- նշեց Փույա Հոսեինին։ “Հայաստանի գործատուների միության” նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, Իրանի համար “Եվրասիական տնտեսական միությունը” շահավետ կարող է լինեն։ “Իրանի համար մի մեծ տնտեսական եւ քաղաքական բլոկ է ստեղծվում իր կողքին։ Կարծում եմ, նաեւ Արեւմուտքն այուհետ կփորձի թուլացնել ճնշումներն Իրանի վրա՝ շահելով նրան, որպեսզի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները չամրապնդվեն”,- ասաց Մակարյանը։
Ինչ վերաբերում է այդ միության կազմում Հայաստանի շահին, “Հայաստանի դեմոկրատական կուսակցության” նախագահ Արամ Սարգսյանը նախ նկատեց, որ շատ բան կախված է Հայաստանի իշխանություններից, որպեսզի ձեռքերը ծալած չնստեն եւ իրական քայլեր ձեռնարկեն այս ամենից մեզ համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ “Աշխարհաքաղաքական նոր բեւեռ է ստեղծվել, որին նաեւ կարող են միանալ Չինաստանը, Հնդկաստանը։ Դրա համար Արեւմուտքին այն դուր չեկավ, Ռուսաստանին ագրեսոր անվանեցին”,- ասաց Արամ Սարգսյանը։
Արա Պապյանն ավելի հոռետեսական է տրամադրված։ Հիշեցրեց Ցյուրիխյան արձանագրությունները։ “Մենք դեռ լիիրավ անդամ չենք, եւ այնպես չէ, որ 2015-ի հունվարի 2-ից մենք այդ կառույցի անդամ ենք։ Այդ պայմանագրերը դեռ պետք է վավերացվեն։ Հիշենք, որ 2009 թվականի նույն հոկտեմբերի 10-ին կնքվեցին նաեւ հայ-թուրքական արձանագրությունները, բայց դրանք դեռ վավերացված չեն։ Չի բացառվում, որ Ղազախստանն ու Բելառուսը պարբերաբար նոր պահանջներ ներկայացնեն”,- ասաց Արա Պապյանը։












