Գլխավոր » Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԵՏՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 14, 2014թ. 02:14

Հոկտեմբերի 11-ին <<Հայք> վերլուծական-տեղեկատվական կենտրոնը կազմակերպել էր իր անդրանիկ հանդիպումը: Մեր զրուցակիցն է քննարկման մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ

-Պարոն Մակարյան, մինչ ԵՏՄ-ին անդամագրվելը շատ էր խոսվում, որ մեր գործարարները պատրաստ չեն մեծ շուկայում գործունեութուն ծավալելուն: Որքանո՞վ են այդ մտահոգությունները հիմնավորված:

-Մենք պետք է ամեն ինչ անենք` այս իրավիճակն օգտագործելով տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու եւ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ այդ գործում իհարկե շատ կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը` գործարար բանակին ճիշտ ուղղորդելու համար, ինչպես նաեւ գործարարների ճկուն ու ճիշտ կողմնորոշումը նոր իրավիճակում:
Այս առումով ահռելի անելիք ունենք, քանի որ հայաստանցի գործարարները իսկապես պատրաստ չեն նոր մարտահրավերներին:
Նրանց մի մասը աշխատում է Ռուսաստանի հետ, բայց կիսատ-պռատ` չկանոնակարգված տարբերակով: Իսկ Եվրասիական համագործակցության համատեքստում նման անկանոնություններն աններելի են:
Ռուսաստանում խոշոր սուպերմարկետների զարգացման քաղաքականություն է տարվում, իսկ այդ սուպերմարկետների մի մասը եվրոպական ցանցեր են: Հետեւաբար դրանցում ապրանք վաճառելու համար հարկավոր է մթերքի անվտանգության միջազգային սերտիֆիկատ ունենալ, ապրանքի որոշակի քանակության մատակարարումը պարբերաբար ապահովելու հնարավորություն:
Հայաստանի ընկերությունների մեծ մասը դրան պատրաստ չէ: Նախ` չունեն միջազգային սերտիֆիկատներ, չեն էլ առաջնորդվում դրանց չափորոշիչներով: Եթե ոմանք էլ ունեն` դրանք ձեւական են պահում, մի օր օգտագործում են, հետո մոռանում դրանց մասին: Մեր ընկերությունների արտադրանքն այն ծավալների չէ, որ կարողանան Ռուսաստանի պես խոշոր շուկայում ապրանքների մատակարարման պարբերականությունն ապահովել:
Բացի դրանից` սուպերմարկետների հետ համագործակցելու համար պետք է նախ համագործակցել միջնորդային մարկետինգային կառույցների հետո, որոնք բավական գումարներ են պահանջում, կամ իրենք պետք է մարկետինգի ուսումնասիրություններ կատարեն, ինչը նույնպես զգալի գումարներ ու համապատասխան գիտելիքներ, կարողություններ է պահանջում: Իսկ այդ ոլորտում որակյալ մասնագետների բացակայությունը Հայաստանում ակնհայտ է:
Կա եւս մի խնդիր` ստվերում աշխատելու վնասակար սովորությունը: Քանի որ Հայաստանում գնողունակությունը ցածր է, գործարարը եկամուտներ է փորձում ապահովել ստվերի հաշվին, կոռումպացվածության հաշվին: Իրենք սովորել են արդեն այդ մոդելով աշխատելուն եւ եթե փորձեն նույն կերպ աշխատել այլ երկրների հետ` չի ստացվի: Իրենք լուրջ խոչընդոտների կհանդիպեն:
Հետեւաբար մեր գործարարներին ձեռնտու է մնալ Հայաստանի շրջանակներում` խնդիրներից ու գլխացավանքներից խուսափելու համար:
Իզուր չէր, որ երբ մեկ ամիս առաջ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կառավարությունը փորձեց ձեռք մեկնել գործարարներին` նրանց համար դեպի Ռուսաստան արտահանման պայմաններ ստեղծելու հարցում, բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդվզեցին, ինչ է՝ չարտահանեն իրենց ապրանքը: Պատճառն այն է, որ իրենք պատրաստ չեն դրան` ո’չ հոգեբանորեն, ո’չ իրենց մարքեթինգով, ո’չ մատակարարման ռեժիմներով, ո’չ ապրանքի որակով:

Բայց չէ՞ որ ավելի շահավետ է հսկայական շուկան` լայն հնարավորություններով, հետեւաբար նրանք պետք է որ պատրաստ լինեն բացը լրացնել:

-Տարիներ շարունակ իրենք աշխատել են պղտոր ջրում, անգամ լավ պայմաններ առաջարկելու դեպքում դրանից հրաժարվելն այնքան հեշտ չէ:
Մեր բիզնեսմենին գրագիտությունն է պակասում, բարեկրթությունը, ինչն էլ խանգարում է նրան նոր` բարեկիրթ պայմաններին հարմարվելուն: Մինչդեռ ժամանակն է, որ քաղաքակիրթ բիզնես մշակույթ ձեւավորվի այդ աշխարհում, որտեղ առաջնայինը ոչ թե փողը կդիտվի, այլ հեղինակությունը, հարգանքը, գործարար կապերը, ապրանքանիշի հանդեպ վստահությունը: Իսկ այստեղ դեռ այդ ամենը զոհաբերվում է ընչաքաղցությանը, ամեն ինչ փողի վերածելու, հանուն փողի ամեն քայլի գնալու պատրաստակամությանը:
Եվրասիական տնտեսական միությունը գուցե այն հարթակն է, որ խթան կդառնա, որպեսզի հայ գործարարը սկսի փոխվել: Տգիտությունը պետք է վերանա:

-Հայաստանը բիզնեսի ո՞ր ոլորտներում կարող է մրցունակ լինել եվրասիական տնտեսական միության երկրների կողքին:

-Ցավոք, գերակայող ոլորտներն այնքան էլ շատ չեն, որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել ու արտադրանք առաջարկել միության երկրներին:
Ամենաշահավետ ոլորտը տնտեսական համագործակցության շրջանակներում համարում եմ զբոսաշրջությունը: Այն կարող է հսկայական գործիք լինել մեր տնտեսությունը զարգացնելու, հետեւաբար մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար: Եվասիական տնտեսական միության երկրների համար Հայաստանը` որպես զբոսաշրջության երկիր, գրավիչ է` իբրեւ առաջինը քրիստոնեությունն ընդունած, հնագույն քաղաքակրթությունների բնօրրան համարվող, հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող երկիր: Բայց պետք է նաեւ զարգացնենք առողջարանային զբոսաշրջությունը, որը շատ աշխույժ էր Խորհրդային Միության տարիներին: Մեր երկիրն այդ առումով մեծ ներուժ ունի:

Մյուս ոլորտը, որը ԵՏՄ համագործակցության շրջանակներում այլ երկրներին ծառայություններ առաջարկելու հեռանկարներ ունի, տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Մենք այդ ոլորտում այնպիսի ներուժ ու այնպիսի մասնագետներ ունենք, որոնք կարող են մրցունակ արտադրանք առաջարկել ԵՏՄ երկրներին:

-Իսկ հանքարդյունաբերության ոլորտում մի՞թե Հայաստանը այդ երկրների մեջ չի կարող մրցունակ դառնալ:

-Այդ հարցում մենք լուրջ մրցակից ունենք` Ղազախստանը, որը անհամեմատ հարուստ է հանքարդյունաբերական հումքով: Հանքարդյունաբերությունը համարվում է Ղազախստանի տնտեսական գերակայություններից մեկը: Այնպես որ Ղազախստանը կպայքարի այդ շուկան իր ձեռքում պահելու համար:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն