ԿԼԿԼՈՑՆԵՐ ԵՎ ԿԱՆԱՑԻ ԿՐՔԵՐ
Ինչպե՞ս են ներկայացնում հեռուստաընկերությունները մշակութային կյանքը:
Պատասխանելով այս հարցին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Մեր հանձնաժողովը հետեւում է զուտ օրենսդրական դաշտին, եւ բնականաբար բովանդակային մասով չենք կարող որեւէ դիտարկում ունենալ: Սակայն որպես բեմադրիչ բազմիցս շեշտել եմ, որ, իհարկե, մեր պատկերացումները, ցանկությունները եւ այն, ինչ հեռարձակվում է, հաճախ չեն համապատասխանում միմյանց:
Ցավոք, նույնիսկ շատ արժանի, հրաշալի մշակութային հաղորդումներ այսօրվա այս ընդհանուր դաշտի մեջ կարող են անտեսվել, խամրած երեւալ կամ առհասարակ չերեւալ: Մենք այս իմաստով ոչ թե հեռուստատեսության հետ, այլ հասարակության մեջ ունենք մշակութային արժեւորման խնդիրը: Մշակութային արժեքը չի դառնում երեւույթ, մինչդեռ նախկինում, օրինակ, յուրաքանչյուր նոր բեմադրություն դառնում էր իրադարձություն ամբողջ հասարակության կյանքում»:
Ինչ վերաբերում է ռաբիսին, այսպես կոչված, 6/8 ոճին, որն իշխող է դարձել հեռուստաեթերում, ապա, ըստ մեր զրուցակցի, ռաբիսը ազգային ամենամեծ ողբերգությունն է, այն, ցավոք, երաժշտություն չէ, մտածողություն է. «Մտածողություն, որը կարող է դրսեւորվել ե՛ւ կենցաղում, ե՛ւ փողոցում, ե՛ւ երաժշտության ու ճարտարապետության մեջ: Ու դա աղճատում, ուժասպառ է անում առողջ մշակութային միտքը: Սա ավելի շատ ամբողջ հասարակության, այլ ոչ թե միայն հեռուստատեսության լուծելու խնդիրն է: Պիտի այդ հարցում համընդհանուր սկզբունքային մոտեցում լինի»:
Մենք հիշեցրինք, որ Արցախում, օրինակ, մեկ-երկու ամիս առաջ տեղի չէր ունեցել Արմենչիկի համերգը տոմսերը չվաճառվելու պատճառով: Մինչդեռ մեզ մոտ նա Մարզահամերգային համալիրն է «լցնում»:
«Այդ մասին խոսել եմ ԼՂՀ մշակույթի նախարարի հետ եւ գիտեմ, որ նախարարությունը հստակ որոշել է դահլիճներ չտրամադրել ռաբիս երգիչներին: Սա գուցե ոմանց կսթափեցնի ինչ-որ իմաստով: Ի դեպ, ժամանակին եթերում ռաբիսը առհասարակ արգելված էր, ինչը խթան հանդիսացավ քաղաքային երաժշտության ծնունդի համար: Եվ ծնվեցին Օրբելյանը, Սաթյանը, Ամիրխանյանը, հրաշալի այլ կոմպոզիտորներ, որոնք հրաշալի քաղաքային երաժշտություն բերեցին:
Այն, իհարկե, ընդհանուր անվանում էին էստրադային երաժշտություն (այն ժամանակ մոդայիկ բառը դա էր), բայց առհասարակ ժամանակակից հայ երաժշտությունն էր, որը զերծ էր այդ կլկլոցներից: Իսկ կլկլոցը հոգեբանություն է, որը պետք է արմատախիլ անել անպայման»,- համոզված է Ժ.Դադասյանը:
Բայց ո՞վ պետք է արմատախիլ անի հեռուստաեթերից ոչ միայն կլկլոցը, այլ անճաշակությունը, գռեհկությունը, ի վերջո, լեզվական խախտումները:
Այս հարցերն առաջացան օրերս, երբ դիտեցինք մի հատված «Հայաստանի ձայն» հեռուստանախագծից: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե երգիչ-երգչուհիների ելույթներին, նրանց մասնագիտական հմտություններին, ձայնային տվյալներին, այլ նրանց, այսպես կոչված, մարզիչներին:
Երբ հեռուստանախագծում ելույթ ունեցավ իսպանացի երգիչ Դավիթ Ռոդրիգեսը, իսկական մենամարտ սկսվեց այդ մարզիչներից երկուսի` ռուսական շոու-բիզնեսում հայտնի (գուցե անհայտ) երգչուհիների միջեւ: Նրանցից մեկը հիմնականում խռպոտ ձայնով ու «Մեր բակը» ֆիլմից հիշվող Սոնան էր, իսկ մյուսը` մի քանի տարի առաջ Հայաստանում անհայտ, բայց ոչ անհայտ գործարարի կամքով մեր երկիրը «Եվրատեսիլում» ներկայացրած Եվա Ռիվասը:
Հիշեցնենք, որ մարզիչներն ընտրում են երգիչ-երգչուհիների, որոնք հետագայում ներկայացնում են նրանց թիմը, եւ, բնական է, հաղթելու դեպքում կարեւորվում է նաեւ մարզչի դերը: Իսկ այն, որ իսպանացի երգիչը, որը, ի դեպ, Հայաստանում հայուհի հարսնացու ունի, լավ երգեց, գրեթե բոլորն են խոստովանում:
Սակայն այս դեպքում կարծես թե երկու մարզիչների միջեւ ծագած կռիվը ոչ այնքան լավ ձայնային տվյալներ ունեցող երգչի, այլ ավելի շատ արուի համար էր: Երբ երգչին հարցրին, թե ինչն է նրան բերել Հայաստան, եւ վերջինս պատասխանեց, որ ցանկանում է իր փորձն ու նաեւ էմոցիաները մատուցել ոչ միայն դահլիճում գտնվողներին, այլեւ ընդհանրապես բոլորին, Սոնան անմիջապես նետեց` ինձ է տեսել, որ եկել է:
Եվա Ռիվասն էլ սկսեց պատմել, թե որքան դժվար է եղել, երբ Մոսկվայից եկել է Հայաստան, ուստի ինքը լավ է հասկանում իսպանացի երգչին, այսինքն` կարող է օգնել նրան հաղթահարելու անծանոթ երկրում գտնվելու դժվարությունները: Ապա կրքոտ հոգոցով հավելեց. «Իսկ ինչ վերաբերում է իսպանական երաժշտությանն ու տղամարդկանց, ապա ավելի լավ է լռեմ»:
Դա դուր չեկավ Սոնային, որը բառացիորեն ասաց. «Եվայի համար էլ եմ պերեժիվատ անում, ուզում եմ` իր կողքին սիրուն տղաներ լինեն, որպեսզի ավելի հեշտ լինի ըստեղ դիմադրել»: Եվան չդիմացավ. «Ուզում ես ասել, որ իմ միակ զենքը գեղեցկությո՞ւնն է, եւ ես չե՞մ կարող ինչ-որ բան սովորեցնել, երգե՞լ»: Սոնան նետեց` ամեն ինչ էլ կարող ես…
Այդ պահին Եվան ոտքի կանգնեց իր 1 մետր 90 սանտիմետր հասակով, ինչը մեզ հիշեցրեց ոչ միայն նրա կիսամերկ լուսանկարները «Մաքսիմ» ամսագրում, այլեւ այն, որ երգչուհին երկու տարի բռնցքամարտով է զբաղվել: Երկուսն էլ սկսեցին միմյանց մեղադրել նյարդային լինելու համար, բայց բարեբախտաբար գործը ձեռնամարտի չհասավ։
Մենք ներկայացրինք այդ անմոռաց երկխոսության, այսպես կոչված, բովանդակային ու բարոյական կողմը, բայց չենք կարող չնշել նաեւ, որ, այսպես կոչված, երգի քննարկումներն ու երկխոսությունը տեղի էին ունենում հիմնականում ռուսերեն: Ընդ որում՝ Սոնայի ռուսերենն էլ, մեղմ ասած, ռուսերեն չէր: Եվ այդ ֆոնին պարզապես ուրախացրեց իսպանացու անվարժ հայերենը:
Ի վերջո իսպանացին, ամենայն հավանականությամբ, վախենալով այդ կրքոտ կանանց խանդի դրսեւորումներից, ընտրեց կոմպոզիտոր, երգիչ Հայկոյին, որը ժամանակին իսպանական երգ էր կատարել:
Վերջում հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնի» չորրորդ մարզիչն էլ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ












