ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանեցին տնտեսական նոր պատժամիջոցներ
Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
– ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանեցին տնտեսական նոր պատժամիջոցներ։ Ուշագրավ է այս առնչությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե` «սա նոր սառը պատերազմ չէ», այլ քայլեր են, որոնք կստիպեն Ռուսաստանին ձեռք քաշել Ուկրաինայից:
-Ժամանակին հայտնի քաղաքագետ Բժեզինսկին իր հայտնի «Շախմատային մեծ տախտակ» գրքում գրեց, որ եթե Ռուսաստանին հաջողվի պահպանել Ուկրաինան, ապա կարող է Եվրոպային ներկայանալ որպես համազոր ուժ եւ նրա հետ ունենալ լուրջ համագործակցություն: Քաղաքագետը նաեւ նշում է. այն ուժը, ով կտիրանա Եվրասիային, կտիրի աշխարհը:
Բժեզինսկին սա գրել է 1997-ին, այսինքն՝ դեռեւս այն ժամանակվանից աշխարհաքաղաքական գործընթացներում լուրջ նպատակ է եղել Ուկրաինան Ռուսաստանից կտրելը ու դրանով Եվրոպա-Ռուսաստան կապերը թուլացնելը: Այսօր նաեւ արեւմտյան աղբյուրներն են նշում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, Սորոսի հիմնադրամը, եվրոպական կառույցները միլիոններ են ծախսել Ուկրաինայում ազգայնական տրամադրություններ հրահրելու, դրանով իսկ արեւմտամետ ուժերին իշխանության բերելու համար: Սա ծրագիր էր, որն իրականացավ: Ու պատահական չէ, որ Օբաման նման հայտարարություն է անում:
Ինչ վերաբերում է սառը պատերազմին, նպատակը, իհարկե, դա է. ի՞նչ է սա, եթե ոչ սառը պատերազմ:
ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ կայանա Եվրասիական միասնությունը, իրականանա Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ԱՄՆ-ի համար շատ վտանգավոր ծրագիրը, քանի որ եթե միավորվեն Չինաստանը Ռուսաստանը ու Եվրոպան մի ընդհանուր ծրագրի շուրջ, դա կլինի ԱՄՆ-ի՝ որպես գերտերության վախճանը:
-ԵՄ-ն ու ԱՄՆ-ը արգելք են սահմանում նաեւ ռուսական զենքի գնման եւ մատակարարման վրա: Սա ուշագրավ է նաեւ մեզ համար:
-ԱՄՆ-ը փորձում է իր ազդեցության դաշտում գտնվող երկրներին պարտադրել բոլոր ոլորտներում չհամագործակցել Ռուսաստանի հետ: Բայց, օրինակ, Ֆրանսիան կշրջանցի այս պատժամիջոցը. արդեն իսկ հայտնել է, որ շարունակելու է զենք վաճառել Ռուսաստանին: Նախօրեին էլ Ռուսաստանը հայտարարեց, որ մեծ քանակությամբ` 5 մլրդ դոլարի զենք է վաճառելու ասիական երկրներին: Աշխարհում շատ են այդ շուկաները, այնպես որ Ռուսաստանը կգտնի «վնասի» հատուցման մի նոր ձեւ:
Այստեղ մեզ հետաքրքրում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքը, ու այս հարցում, տարբեր մակարդակներով, բազմիցս հայտնել ենք մեր վերաբերմունքը. Հայաստանի նախագահն ասաց իր խոսքը, ՀԱՊԿ-ի նիստում ես եւս իմ վրդովմունքն եմ հայտնել: Եվ այսօր Ռուսաստանը Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ վաճառելու մտադրություն չունի:
-Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները Եվրասիական տնտեսական միության կայացման գործընթացի վրա:
-Արեւմուտքի նպատակն էլ հենց դա է` թույլ չտալ, որ կայանա Եվրասիական տնտեսական միությունը: Եվ պատահական չէր Հիլարի Քլինթոնի խոսքը, թե մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ վերականգնվի Խորհրդային Միության նմանակը: Այսինքն՝ Արեւմուտքը այդպիսին է պատկերացնում ԵՏՄ-ն, բայց սա տնտեսական միություն է, որի ստեղծումը բխում է տվյալ պետությունների զարգացման անհրաժեշտությունից ու այն պայմաններից, որ առաջարկեց Եվրոպան:
Իսկ Եվրոպան առաջարկեց Ասոցացման ծրագիր, որին միացած երկրների ճակատագիրը մեր աչքի առաջ է. խոսքս Բուլղարիայի, Ռումինիայի մասին է, Եվրոպան քանդեց նրանց արտադրական շուկան, հատկապես գյուղատնտեսական: Այդ ճանապարհը մենք կարծես թե մերժեցինք: Իսկ թե ինչպիսին կլինի Եվրասիական տնտեսական միության ընթացքը` ժամանակը ցույց կտա:
Բայց, կարծում եմ, եւս 1-2 ամիս, եւ Ուկրաինայում դեպքերը կհանդարտվեն, կգա ձմեռը, եւ բոլորի համար պարզ կդառնա, որ առանց ռուսական գազի ու նավթի Եվրոպան մեծ կորուստներ կարող է ունենալ: Պատահական չէ, որ նրանց սահմանած այդ պատժամիջոցները կոնկրետ ժամկետներ ունեն: Տվյալ դեպքում, սահմանված է երեքամսյա ժամկետ, երեւի թե հաշվարկել են, որ մինչեւ հոկտեմբեր վիճակը կփոխվի: Բայց եթե հանկարծ Ռուսաստանը որոշի նավթ չտրամադրել, ապա եվրոպական մի շարք նավթավերամշակման ձեռնարկություններ ուղղակի կանգ կառնեն, ու շուկան կունենա լրջագույն խնդիրներ: Այնպես որ ստիպված են լինելու ռուսական նավթը վերցնել:
Վերադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ, իհարկե, ԵՏՄ կայացման գործընթացներում կլինեն որոշակի դժվարություններ, կլինեն նոր մոտեցումներ։ Դա հասկանալի է, բայց եթե ԵՏՄ հիմնադիրները մտադիր են լուրջ հակակշիռ ձեւավորել, ապա ստիպված են ամեն ինչ անել՝ հասնելու ԵՏՄ-ի կայացմանը: Իսկ եթե «ոմանք» փորձեն ենթարկվել արտաքին թելադրանքին, ապա հնարավոր է՝ որոշակիորեն հետաձգվի միության կայացումը: Սակայն այս ամենը զուտ կանխատեսումների դաշտից է:
-Պատժամիջոցների արեւմտյան ցուցակում կան ընկերություններ, որոնք կարեւոր են Հայաստանի համար, դրանք մեր երկրում ունեն տնտեսական լուրջ դերակատարում։ Խոսքս «Գազպրոմբանկի», ՎՏԲ-ի, «Ռոսնեֆթի» մասին է: Ըստ լուրերի, ԱՄՆ-ը զգուշացրել է, որ Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել այս ընկերությունների հետ ծրագրերի իրականացումը: Եթե դա իրականություն է, կնշանակի՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Հայաստանի վրա:
-Դե, դա իրենց քաղաքականությունն է, քանի որ մենք իրենց քաղաքական կուրսում չենք տեղավորվում, ուրեմն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Պատահական չէ, որ Հայաստանում աշխուժացել են որոշ «էլեմենտներ», որոնք փորձում են նախամայդանյան տրամադրություններ հրահրել: Անգամ հասել են նրան, որ կոչեր են արվում` ոչնչացնել ոչ գաղափարակիր անձանց:
Դառնալով Ռուսաստանի բանկերին՝ ասեմ, որ նրանք հիմա բավական հզոր են, ունեն մեծ հնարավորություններ, ՌԴ կենտրոնական բանկն ունի անհրաժեշտ ռեզերվներ, որոնք կնպաստեն, որ բանկը պահպանի իր կայունությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, ապա այս ընկերությունները Հայաստանում իրականացնում են ֆինանսական տեսանկյունից փոքր ծրագրեր, եւ դրանք շարունակելու հարցում դժվարություններ չեն ունենալու:
Իսկ պատժամիջոց իրականացնողները պետք է իմանան, որ այդ քայլերը բումերանգի էֆեկտ են ունենալու ու մի օր հարվածելու են հենց իրենց: Եվ այսօր արդեն եվրոպական լուրջ վերլուծաբանները հայտարարում են, որ իրենք պարտավոր են դուրս գալ ԱՄՆ պարտադրանքի տակից: Այնպես որ պարզ չէ, թե այս զարգացումները ինչով կավարտվեն:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












