Ռուսաստանի հսկա շուկան կորցնելը կլինի անմտություն
ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ բավական մտահոգիչ կանխաստեսում արեց՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 3.9 տոկոսով: Իսկ տնտեսական աճի դանդաղեցման օբյեկտիվ պատճառներից մեկը համարեց Հայաստանի առևտրային, ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչը հետևանք է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների:
Փաստորեն, ռուսական տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակը բումերանգի ուժով անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա: Հավելենք նաև, որ ԿԲ-ն զուգահեռաբար կանխատեսեց ՌԴ-ից դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների աճի տեմպերի էական նվազեցում ևս:
Այսքանն արդեն իսկ բավարար էր, որ որոշ ՙհեռատես-վերլուծաբաններ՚ սկսեն աղաղակել, թե՝ բա մենք նախազգուշացնում էինք Ռուսաստանի հետ տնտեսական սերտ հարաբերությունների հաստատման վտանգների մասին, բայց լսող չեղավ: Նկատենք, որ ոչ պակաս հոռետեսական կանխատեսումներ են հնչեցնում նաև արևմտյան երկրների տնտեսությանը քաջածանոթ մասնագետները: Բայց խնդիրն այն է, որ առաջինների բարձրացրած աղմուկը զուտ քաղաքական շահարկումների դաշտից է:
Հետևաբար, տնտեսագետները խորհուրդ են տալիս մի կողմ թողնել քաղաքական էժանագին փաստարկներն ու խնդիրը դիտարկել բոլորովին այլ հարթության մեջ: Իսկ այստեղ իրավիճակը ոչ միայն հոռետեսական չէ, այլև անգամ հուսադրող է: Եկել է ստեղծված իրավիճակից օգտվելու և անգամ տնտեսական առաջընթաց գրանցելու ժամանակը: Բանն այն է, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանը մի շարք երկրներից արգելեց գյուղմթերքի, մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը և այսօր ռուսական շուկայում ավելացել է այդ մթերքների պահանջարկը: Ստեղծված իրավիճակից կարող է խելամտորեն օգտվել Հայաստանը սեփական արտադրանքը արտահանելով ռուսաստանյան շուկա:
Հայտնի է նաև, որ օրերս Ռուսաստանի գյուղնախարարությունը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի գյուղնախախարությանը՝ նշելով , թե գործընկեր Հայաստանի արտադրանքը պահանջարկ է վայելում Ռուսաստանում և իրենք պատրաստ են աջակցելու ռուսաստանյան շուկայում հայկական արտադրանքի իրացմանը: Այսինքն, ստեղծված իրավիճակից արագ օգտվելը ներկայիս հրամայականն է: Եվ ահա, նախօրեին հայրենական արտադրողների հետ շտապեց հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վերջիններիս առաջարկելով օգտվել ստեղծված բարենպաստ պահից և մեծացնել հայրենական արտադրանքի արտահանման ծավալները: Կան ոգևորված, բայց նաև մտահոգ գործարարներ: Մինչ ոգևորված ձեռներեցները ակտիվորեն ՙկպել են գործի՚ ու հասցրել անգամ պատվերներ ընդունել, ոմանք նույնիսկ կատարում են մթերման աշխատանքներ ու անհամբերությամբ սպասում Լարսի բացմանը, ապա հոռետեսները մեկ առ մեկ ծալում են մատներն ու վարչապետի առաջ դնում խնդիրների մի խուրձ: Իսկ որո՞նք են այդ մտահոգությունները:
Ազատե՜ք գյուղացուն վարկերից, թողեք շնչի, որ կարողանա շուկա գրավել
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մտահոգվածների թվում է: Պատգամավորը նախ նկատեց, թե Ռուսաստանն արդեն իսկ արել է մի կարևոր քայլ, որպիսին մեկ այլ երկիր չէր անի, մեզ առաջարկել է ՙկանխավճարով վերցնել մեր ապրանքները՚, ու այսօր միջպետական հանձնաժողովները, գյուղփոխնախարարը աշխատում են արտահանման իրականացման ուղղությամբ: Ո՞րն է, ուրեմն, մտահոգիչը. ՙՄենք անհրաժեշտ չափով պատրաստ չենք գյուղմթերքների մեծածավալ արտահանմանը, արդյոք կկարողանա՞նք գրավել մեր դեմ բացված այդ հզոր շուկան՚:
Պատգամավորը անհանգիստ է, այն երկրները, որոնք արդեն իսկ ունեն զարգացած գյուղատնտեսություն առաջինն են շահելու, իսկ թե դրանից հետո մեզ որքա՞ն փայ կհասնի, դժվար է ասել: Մեր անպատրաստ լինելը Լյովա Խաչատրյանը բացատրեց զարգացած գյուղատնտեսություն չունենալով, ինչին նպաստում է վարկերի ու պարտքերի տակ կքած գյուղացու վիճակը.ՙՀարկավոր է գյուղացուն հանել այն վիճակից որում գցել ենք՝ մարդիկ վարկերի ու պարտքերի տակից դուրս չեն գալիս՚: Պատգամավորը դիմում է կառավարությունը՝ հիշեցնում ու շտապեցնում վարկային ՙամունիստիա՚ հայտարարել: ՙ5 տարի առաջ մարդիկ ընդամենը մի քանի հարյուր հազար գումար են վերցրել, ու արդեն մի քանի անգամ ավելին վերադարձրել այն, բայց դեռ պարտքերից չեն ազատվել: Գյուղացին տարիներով չի կարողանում պարտքի տակից դուրս գալ, ազատե՜ք գյուղացուն վարկերից, թողեք շնչի, որ կարողանա աշխատել: Եթե գյուղացին չի կարողնում ինքն իրեն կերակրել, ինչպե՞ս կկարողանա քաղաք կերակրել, որ հետո էլ մտածել նոր շուկաներ գրավելու մասին՚:
Մյուս խնդիրը պատգամավորը համարում է ոռոգման ջրի բացակայությունը. խոսում ենք գյուղատնտեսության զարգացման մասին, բայց այգիները կիսաջուր են մնացել, չունենալ ջուր, նշանակում է չունենալ գյուղատնտեսություն: Պատգամավորը բողոքում է՝ տարիներ շարունակ չստեղծեցինք արտահանման համար անհրաժեշտ պայմաններ, ու համոզված հավելում՝ միտումնավոր չարեցինք, որ.ՙՓողը գա Հայաստան, բայց փողը զոռով չեն բերում, փողը ինքն է որոշում գա՞, թե՞ չգա: Հայաստանում հարկային վարչարարությունը այնպիսին է, որ փողը պարզապես ցանկություն չունեցավ մտնել մեր երկիր՚:
Հետո կրկին դառնում ու հերթական հարցն է ուղղում կառավարությանը.ՙ40-60 տոկոս հացահատիկ ենք ներկրում, ինչո՞ւ, երբ կարող ենք պայմանագիր կնքել մեր գյուղացիների, ֆերմերների հետ ու հացահատիկը հենց նրանցից գնել՚: Այս ամենով հանդերձ, Խաչատրյանը համոզված է ՝ ունենք ներուժ, պարզապես, պետք է հնարավորություն տալ մարդկանց գործելու. ՙՉգիտեմ որքանո՞վ բախտներս կբերի ու որքանով կձգձգվեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, բայց մենք պետք է արագացնենք, Ռուսաստանի նման հսկա շուկան կորցնելը մեզ համար կլինի հանցագործություն՚:
Մեզ խանգարում էգործարարների հոռետեսությունը
Նախօրեին վարչապետ-գործարարներ հանդիպմանը մասնակցած Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը շատ ավելի լավատես է, մանավանդ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի տեսանկյունից, փոխարենը մտահոգ է գործարարների մի մասի պասիվությունից: Նրանց մեղադրելով ոչ անհրաժեշտ ճկունություն ու նախաձեռնողականություն դրսևորելու մեջ:
Պատճառներից մեկը Մակարյանը համարում է այն, որ մեր գործարաների 90 տոկոսը սկսելով զրոյից հաջողության է հասել սեփական ջանքերի շնորհից: Ու միայնակ անցնելով այդ դժվարին ճանապարհը այսօր կարծես իրեն խորթ ու անսովոր է զգում, երբ կառավարությունից օգնության առաջարկություն է ստանում: Բերեց այսպիսի օրինակներ. ՙՊահածոների գործարանները աշխատում են փոքր ծավալներով, կառավարություն ասում է՝ ձեզ էժան վարկեր կտրամադրեմ, գնացեք ավելի շատ մթերք արտադրեք, պահեստավորեք, որ ավելի շատ արտահանենք: Կամ, դեռևս 2007-ից մսամթերք արտադրող կազամակերպությունները իրենց արտադրանքը չեն կարողացել առաքել Ռուսաստան տարբեր սանկցիրաների պատճառով: Այս հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նրանց ասաց, որ ՌԴ վարչապետի հետ պայմանավորվել է ու լուծել քվոտավորման խնդիրը՚: Թվում է, թե և՜ մսամթերք արտադրողները, և՜ պահածոյի գործարանները ոգևորությամբ պետք է գործի անցնեին՝ ավելացնելով արտադրանքի ծավալները: Բայց արի ու տես, որ շարունակում են երկմտել:ՙՍևեռվել են հայկական նեղ շուկայի վրա ու, երբ նրանց առաջ դրվում է քանակ ավելացնելու խնդիր, իրենց հերթին բազմաթիվ հարցեր են դնում կառավարության առաջ: Ասում են՝ հումք է հակավոր, պահեստներ են պետք: Նրանց պահանջները իհարկե ճիշտ են, բայց չէ՞ որ վարչապետը առաջարկում է էժան վարկեր վերցնել: Դե վերցրեք ու ընդլայնեք արտադրությունը՚:
Շարունակելով գործարարների պասսիվության թեման Մակարյանը նկատեց, թե նրանց մեծ մասը նաև կաշկանդված են ու ավելի շատ նախընտրում են թաքնված աշխատել՝ ՙյոլա գնալու՚ սկզբունքով, բավարարվել փոքր չափերով՝ ՙսեփական գլուխը պահելով՚ ու չեն ուզում նաև շատ երևալ, որ հանկարծ մրցակցության առաջ չկանգնեն, դրանով իսկ հակառակորդներ չվաստակեն: Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ՙաչքը տեսածից է վախենում՚,իսկ Լևովա Խաչատրյանն էլ հավելում է.ՙ մեր ձեռներեցների ձեռքերը սանձված ենք՚, իսկ սանձատերն էլ՝ ՙհարկայինն է՚:
Չհակադրվելով ասվածին, Մակարյանը սակայն գործարարներին հիշեցնում է՝ ժամանակները փոխվել են ու եթե հայրենի կառավարությունն ինքն է այսօր ձեռք մեկնում, ուրեմն, հարկավոր է խիզախորեն ընդառաջ գնալ և չվախենալ սեփական արտադրության մասշտաբները մեծացնելուց: ՙԵթե մենք ուզում ենք ավելի լավ երկիր դառնալ պետք է գրագետ աշխատել, ինչը պահանջում է համարձակություն, նախաձեռնողականություն, թափանցիկություն, լավ մենեջմենտ, լավ արտադրանք, համապատասխան փաթեթավորում. այս կերպ կկարողանանք շուկաներ գրավել՚:
Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա գործատուների միության նախագահը տեղեկացրեց, թե շատ երկրներ՝ Թուրքիան, Արգետինան, Չիլին, Բրազիլիան, Բելոռուսը ատամները սրած պատրաստվում են իրենց գյուղմթերքներով, պահածոներով, ձկով հեղեղել ռուսական շուկան: Հայաստանը ևս ունի անհրաժեշտ ներուժ իր խոսքն ասելու. առաջին փուլում նախ կներկայանանք մեր գյուղմթերքներով ու վերամշակված ապրանքներով՝ մսամթերք, պահածո, գինի, հյութեր, ջրեր, պանիր, մուրաբա, կոնյակ և այլն, իսկ երկրորդ փուլով կարող ենք ռուսական շուկա մտնել նաև այլ ոլորտներով՝ մեքենաշինության, կարի, հագուստի: Մի բան պարզ է՝ մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ մեր տեղը գտնել ռուսական շուկայումն, իսկ եթե այսօր պահը բաց թողնենք, վաղը ուշ է լինելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












