Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է «ՀԱԳԵՑՆԻ» ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՈՎԸ

Օգոստոս 29, 2014թ. 15:38

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ հետ

-Կենտրոնական բանկը կանխատեսեց Հայաստանի տնտեսական աճի նվազում, որի պատճառներից մեկը համարեց Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը, ինչն իր հերթին հետեւանք է ՌԴ-ի դեմ իրականացվող արեւմտյան պատժամիջոցների: Ի՞նչ կասեք այս կանխատեսման առնչությամբ:

-Դժվար է չհամաձայնել Կենտրոնական բանկի հիշյալ կանխատեսման հետ: Ընդհանրապես փոքր տնտեսությունները շատ զգայուն են ցանկացած փոփոխությունների հանդեպ, լինեն դրական, թե բացասական: Եվ բնական էր, որ Հայաստանի առեւտրային, ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն անպայմանորեն պետք է անդրադառնան մեր տնտեսության վրա:
Կարող է լինել նաեւ տրանսֆերտների հոսքի նվազում, ինչպես նաեւ ներդրումների կրճատում: Այնպես որ մենք սրանց պետք է պատրաստ լինենք:

-Բայց կան տնտեսագետներ, որոնք նկատում են, թե ընդամենը 3,9 տոկոսի տնտեսական աճ էլ կարող է չունենանք, եթե չլինեին Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցները, քանի որ ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Հայաստանը ու խթանել տնտեսական աճը:

-Հասկանալի է ասվածի տրամաբանությունը: Մենք հայտնվել ենք մի նոր իրավիճակում, որն ունի նաեւ իր դրական կողմերը: Եվ դա այն է, որ մեր առջեւ բացվել է ռուսական հսկայական շուկան իր լայն հնարավորություններով:
Այն ավելի մատչելի է դարձել մեզ համար, դրանով իսկ մեծացել է հայկական ապրանքների արտահանման հնարավորությունը: Այսօր Ռուսաստանն ինքն է հանդես գալիս կոնկրետ առաջարկով, ու դրա օրինակը ՌԴ գյուղնախարարության նամակն է՝ ուղղված մեզ:

-Փաստորեն կառավարությունից, գործարարներից պահանջվում է ճիշտ օգտվել ստեղծված բարենպաստ հնարավորությունից. եւ այդ նպատակով վարչապետը հանդիպել է հայրենական արտադրողների հետ ու նրանց առաջարկել մեծացնել արտահանման ծավալները ռուսական շուկա մուտք գործելու համար: Բայց ոգեւորության փոխարեն կա մտավախություն: Ինչո՞ւ:

-Վարչապետի առաջարկը շատ լավն է, գիտենք, որ մեծ շուկա է բացվել, ու պետք է ապրանքներ արտադրել: Բայց իրավիճակից օգտվելու, արտադրության ծավալները մեծացնելու համար փող է հարկավոր, ինչի սղությունը շատ զգալի է:
Մեզ առաջարկվում է մտնել մեծ շուկա, բայց հարց է առաջանում. ֆինանսական սուղ միջոցների պայմաններում ինչպե՞ս կազմակերպել Ռուսաստանի համար պահանջարկված ապրանքների արտադրություն: Ասեմ, որ այսօր պակասել են նաեւ վարկավորման համար լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները:

-Հիշատակածս հանդիպման ժամանակ վարչապետը գործարարներին ասել է՝ ձեզ էժան վարկեր կտրամադրենք, գնացեք ավելի շատ մթերք արտադրեք, պահեստավորեք, որ ավելի շատ արտահանենք:

-Այ, դա արդեն ողջունելի մոտեցում է: Եթե էժան վարկերի խնդիրը լուծվի, ու դրանք տրամադրվեն գործարարներին, ապա բիզնես համայնքն այլեւս չի վարանի ու հանգիստ կօգտագործի ընձեռված առիթը: Այսինքն՝ ցանկության հետ մեկտեղ պետք է պայմաններ ստեղծվեն: Այդ դեպքում արդեն մեր գործարարները շահագրգռված կլինեն:

-Ի դեպ, բացի այս առաջարկից, վարչապետը մսամթերք արտադրողներին տեղեկացրել է, որ ՌԴ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ու լուծել քվոտավորման խնդիրը: Բայց ձեռներեցները դարձյալ շարունակում են վարանել: Սա պասիվությո՞ւն է, թե՞ իրատեսություն:

-Չէ, պասիվություն չէ, ավելի շատ զգուշավորություն է, իսկ բիզնեսում այն միշտ պետք է լինի: Մարդիկ քննարկում են, գցում-բռնում, երբեմն ընդունում, երբեմն տարբեր պատճառներով պայմանավորված մերժում: Սա բիզնես համայնքի կողմից դրսեւորվող նորմալ վարքագիծ է:

-Արտադրանքի ծավալների մեծացումը երկարատեւ աշխատանք է պահանջում, գուցե տարիների, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ պարտադրված ենք արագ գործել: Կհասցնե՞նք ավելի նախաձեռնող լինել ու արագ կազմակերպել անհրաժեշտ ծավալներով հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա
:
-Նայած թե խոսքը ի՞նչ արտադրատեսակների մասին է: Եթե գյուղատնտեսական, ապա, ինչպես տնտեսագետներն են ասում, այդտեղ «լագը» մեծ է, այսինքն՝ բավական երկար ժամանակ կպահանջվի, մինչեւ արդյունք ստացվի: Բայց կան ոլորտներ, որտեղ կարող ենք արագ արձագանքել:
Իսկ մինչ այդ հարկավոր է մանրամասնորեն ուսումնասիրել ռուսական դաշտը, պարզել, թե որ ապրանքների մասով որքա՞ն դեֆիցիտ կա: Այստեղ մեծ գործ ունի անելու Հայաստանի կառավարությունը, նա պետք է կատարի ուղղորդիչ դեր: Ռուսաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր գործադիրը պետք է պարզի, թե ի՞նչ պահանջարկ ունի Ռուսաստանի շուկան, հրապարակի այն ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ են այդ երկրին, եւ այն շուտափույթ տրամադրի հայաստանյան բիզնես հանրությանը: Միայն այդ դեպքում վերջիններս ավելի հեշտ կկողմնորոշվեն ու չեն երկմտի: Չէ՞ որ նախարարությունները նաեւ տեղեկատվության տրամադրման շտաբներ են:
Մինչդեռ, առիթից օգտվելով շեշտեմ, որ կա տեղեկատվական սով, ոչ մի գործարար չունի այն ամբողջական պատկերը, թե Ռուսաստանի տարբեր մարզերում ինչպիսի պահանջարկ կա: Այ, եթե այս աշխատանքը լավ կատարվի, համոզված եղեք, որ մնացած հարցերում գործարարներն իրենք կկողմնորոշվեն:

-Այս պահին կա հետեւյալ տեղեկատվությունը, արեւմտյան պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանը մի շարք երկրներից արգելել է գյուղմթերքի, մսամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը, ու ռուսական շուկայում ավելացել է հենց այդ մթերքների պահանջարկը:

-Սա պահանջված ապրանքների ընդամենը մի մասն է, բայց չէ՞ որ կան մեծաքանակ այլ ապրանքատեսակներ, որոնց ներմուծումը Ռուսաստան Արեւմուտքն է արգելել: Եվ մենք այդ տեսականու վրա եւս պետք է աշխատենք, իսկ նման ապրանքների շրջանակը շատ մեծ է՝ սկսած մեքենաշինությունից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ: Բայց թե կոնկրետ ի՞նչ ապրանքատեսակների մասին է խոսքը, հայ գործարարը տեղեկացված չէ:
Բացի դրանից, հայ գործարարի համար անհայտ են պահանջարկի ծավալները, հայտնի չեն կոնկրետ «պարտնյորները», թե ո՞ւմ հետ պետք է համագործակցեն: Կառավարությունն այստեղ էլ մեծ անելիք ունի, եւ շուտափույթ պետք է գործարարներին հասցնի այդ ամբողջ տեղեկատվությունը:

-Համաձա՞յն եք այն գնահատականին, թե մեր գործարարները սեւեռվել են հայկական նեղ շուկայի վրա ու առավելապես նախընտրում են «յոլա գնալու» սկզբունքով աշխատելը՝ բավարարվելով փոքր չափերով, հետեւաբար նոր փոփոխությունների կարծես պատրաստ չեն:

-Դա, իհարկե, կա, բայց պետք չէ այդ կարծիքը հասցեագրել բոլոր գործարարներին, քանի որ կան այնպիսիք, որոնք տարիներ շարունակ ձգտում են դուրս գալ արտասահմանյան շուկաներ, բայց չի ստացվում: Իսկ չհաջողելու պատճառն այն չէ, որ չունեն մասնագիտական անհրաժեշտ ունակություններ, պատճառն այն է, որ չունեն տարրական կապեր: Դրանց ստեղծման համար մեզանում պետք է գործեն տարբեր կառույցներ, այդ թվում եւ կառավարական:

Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՏՄ-ին, ուրեմն անդամ երկրների շուկաների մասին տեղեկատվությունը եւս պետք է հասու դառնա մեր գործարարներին: Խոսքս նաեւ տարբեր տենդերների մասին է, որոնց կազմակերպման մասին մինչ հիմա մեր երկիրը տեղեկացված չի եղել: Բայց հույս ունեմ, որ այսուհետ այդ հարցերը կլուծվեն: Հույս ունեմ, որ ԵՏՄ անդամ երկրներում հեշտությամբ կլուծվեն նաեւ իրավաբանական հարցերը՝ սկսած ձեռնարկությունների հիմնումից, վերջացրած աշխատուժի արագ տեղաշարժով:

Այսինքն՝ բացվում են մեծ հնարավորություններ մեր առաջ: Իհարկե փոխվում են նաեւ խաղի կանոնները, դե, գործարարի հմտությունն էլ հենց այն է, որ կարողանա արագ գլխի ընկնել ու հարմարվել: Իսկ այստեղ դարձյալ կա մեր կառավարության աջակցման անհրաժեշտությունը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն