Ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնեինք ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը՝ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ընդգրկվեց Եվրասիական բանկի գիտական խորհրդի կազմում, խորհրդ, որի անդամներն են ԱՊՀ երկրների 15 հեղինակավոր գիտնականներ:
Իսկ մինչ ԵՏՄ անդամակցման պայմանագրի ստորագրումը Աշոտ Թավադյանը ելույթ է ունեցել Եվրասիական զարգացման բանկի 9-րդ միջազգային համաժողովում ու ներկայացրել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական դրդապատճառները:
Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
-Պարոն Թավադյան, քաղաքական գործիչներին, մասնավորաբար, ընդդիմադիր պատգամավորներին խորհուրդ եք տվել ընթերցել ձեր ելույթի այն հատվածը, որում փաստարկված տալիս եք հետևյալ հարցի պատասխանը՝ ի՞նչ իրավիճակում կհայտնվեր Հայաստանը, ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնեինք, եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին: Կխնդրեի հակիրճ ներկայացնել դրանք:
-Այո, մեր քաղաքական գործիչները՝ դիմադիր, թե ընդդիմադիր, սա շատ լավ պետք է գիտակցեն: Եվ այսպես, ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգներ Հայաստանը ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում: Առաջին, կունենայինք էներգակիրների գների կտրուկ աճ. ընդհուպ մինչև 400 դոլար: Երկրորդ, կնվազեին ուղղակի ներդրումները, քանզի դրանց 40 տոկոսից ավելին իրականցնում է Ռուսաստանը: Հասկանալի է, չէ՞, որ ուղղակի ներդրումներ Ռուսաստանը իրականացնելու է առաջին հերթին ԵՏՄ անդամ երկրներում: Երրորդ, կունենայինք արտահանման որոշակի անկում: Հայկական պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը հիմնականում արտահանվում է Ռուսաստան ու, եթե չհանվեին մաքսատուրքերը, և հակառակը՝ կիրառվեին այսպես կոչված՝ ՙսանիտարական՚ ստանդարտներ, ապա արդյունքում կգրանցվեր արտահանման անկում և աշխատատեղերի կրճատում: Չորրորդ, կունենայինք տրանսֆերտների զգալի կրճատում, երկիր մուտք չէր գործի մոտ 200 մլն դոլար: Հիշեցնեմ, որ Հայաստանը 2 միլիարդից ավելի տրանսֆերտ է ստանում Ռուսաստանից, որը կազմում է բոլոր տրանսֆերտների 85 տոկոսը:
Եվ վերջապես՝ հինգերորդ. միգրացիայի խստացման հետևանքով մենք կարող է ունենայինք պարտադրված ներգաղթ, որը հայաստանյան գործազրկության առկայության պարագայում կհանգեցներ սոցիալական լարվածության: Գուցե որոշ մարդկանց համար լավ է՝ երկրում որքան վատ իրենց համար այնքան լավ, բայց մենք խոսում ենք երկիրի շահերից: Ու սա պետք է գիտակցեն մեր քաղաքական գործիչները: ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում մենք ոչ թե կհայտնվեինք զրոյական վիճակում, այլև ուղղակի հետընթաց կունենայինք:
-Լավ, իսկ անդամակցությունն ի՞նչ առավելություններ է խոստանում:
-Առավելությունները ես ևս դասակարգել եմ: Դրանք են, առաջին, ստանում ենք էժան էներգակիրներ. կներմուծվեն չմշակված ադամանդ, էժան նավթամթերք, որի արդյունքում կմեծանա մրցակցությունը, իհարկե, հօգուտ մեր տնտեսության: Երկրորդ, կլինեն տնտեսության աճին նպաստող ուղղակի ներդրումներ, որի մասին ամենաբարձր մակարդակով արդեն իսկ խոստացվել է: Իհարկե, այս հարցում որոշակի ռիսկայնություն է առաջացել ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով, բայց ես կարծում եմ, որ հիմնական ներդումները կիրականցվեն, որովհետև դրանք նպաստելու են ԵՏՄ-ի կայացմանն ու զարգացմանը: Այդ պայմանավորվածությունների շարքում է ՙՆաիրիտ՚-ի վերգործակումը: Նաև որոշակի գումարներ կներդրվեն ստարտեգիական նշանակության գործարանների ուղղությամբ: Ուղղակի ներդրումներ կարվեն ճանապարհների կառուցման, մասնավորաբար, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման վրա, Աբխազիայի երկաթուղու վերաբացման ուղղությամբ:
-Վերջինիս վերագործարկման հարցում կան զուտ քաղաքական պատճառներ, կարծում եք, հնարավոր կլինի՞ շրջանցել քաղաքական հարցերն ու առաջնահերթ դարձնել տնտեսականը:
-Մենք մեծ ակնկալիքներ ունենք: Վրաստանի նոր իշխանությունը պրագմատիկ է ու կարողանում է իր ժողովրդի շահերից ելնելով տարանջատել քաղաքականոությունը տնտեսական հարցերից: Այսօր Վրաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցելու և դրա ապացույցն է այն, որ երբ Ռուսաստանը թուլացրեց Վրաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, վերջինս եռապատկեց իր արտահանման ծավալները դեպի Ռուսաստան: Այս մասին, ի դեպ, վերջերս անձամբ հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ ՄԱԿ-ի գագաթաժողովում հնչեցրած իր ելույթում: Այնպես որ, Վրաստանը շահագրգռված է այդ երկաթուղու վերագործարկմամբ:
Սրանք ԵՏՄ անդամակցման առավելություններն են ու դրանց իրականացման համար մենք պետք է վճռականորեն հետամուտ լինենք որպեսզի կատարվեն տրված պայմանավորվածությունները: Այդ դեպքում մենք կարող ենք ունենալ մոտ 2 տոկոս լրացուցիչ համախառն ներքին արդյունքի աճ և այն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը:
-Ասվածին զուգահեռ անդրադառնանք մտահոգություններին: Դրանցից մեկն էլ ոչ ՄՄ անդամ երկրներից Հայասատան ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի կիրառումն է: Այս նպատակով Հայաստանը սկսեց բանակցությունները առաջիկա տարիներին 900 ապրանքատեսակների վրա նոր մաքսատուրքեր չկիրառելու շուրջ: Սակայն պայմանագրում 770 անուն ապրանք է միայն նշված: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
-Իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանքների, նաև դեղամիջոցների վրա մաքսատուրք չդնելն արդարացված է: Բայց որքան շատ լինի նման ապրանքների ցանկը, այնքան քիչ գումար կմտնի մեր բյուջե: Քանի որ մեխանիզմն այսպիսին է. մաքսատուրքերը հավաքվելու են մեկ տեղում ու ընդհանուր մաքսային հավաքագրումների համապատասխան էլ հանրապետությունները տոկոս են ստանալու: Հետևաբար, որքան շատ լինի չմաքսազերծվող ապրանքատեսակների ցանկը, այնքան մեր բյուջեն գումարներ կկորցնի: Ճիշտ է, գների որոշակի բարձրացում կարող է լինել, բայց չէ՞ որ տարբերությունը մտնելու է բյուջե: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր տեղական արտադրողին ու շտկել այն վրիպումը, որ թույլ տվեցինք Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասվող ռիսկերը մեծ կլինեն, եթե Հայաստանը չկարողանա բարձրացնել երկրի մրցունակությունը և մեծացնի արտաքին ներդրումների ծավալը:
-Իհարկե, բայց սա մեր ներքին խնդիրն է, մեր պետության ու մեր ժողովրդի լուծելիքը, ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Կան բոլոր հնարավորությունները՝ ցածր էներգակիրներ, ներդրումներ հաջողության հասնելու համար: Ուրեմն, մենք պարտավոր ենք այս հարցերը լուծել օգտվելով ստեղծված բացառիկ առավելություններից: Եվ շատ բան կախված կլինի նրանից, թե մենք որքանո՞վ կկարողանանք ճշգրիտ քաղաքականություն իրականացնել:
– Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան Հայաստան ԵՏՄ անդամակցման առավելությունների շարքում ընդգծեց, թե այն նոր հնարավորություններ կբացի ավանդական արտադրության համար, նոր շուկաներ՝ հայ արտադրողների առաջ: Մինչդեռ Հայաստանում կա այն մտայնությունը, թե հայ գործարարները պատրաստ չեն նոր իրողություններին՝ և՛ իրենց մտածողությամբ, քանի որ սովորել են աշխատել փոքր շուկայի պայմաններում, և՛ ֆինասների բացակայության պատճառով չեն կարող մեծացնել արտադրության ծավալները:
-Ամենևին չեմ ընդունում նման մոտեցումները, ի՞նչ է նշանակում պատրաստ չեն: Կա հնարավորություն, ուրեմն պետք է շտապ վերակառուցվել ու լինել պատրաստ: Հայ ժողովուրդը բավական բարձր մակարդակ ունեցող, աշխատաղեր ժողովուրդ է ու շատ արագ կփոխի իր մտածողությունը: Սրանք հարցեր են, որոնց լուծումն ուղղակիորեն կախված է մեզանից, ոչ մի ինտեգրացիոն գործընթաց չի լուծելու քո ներքին կազմակերպչական հարցերը: Հարկավոր է մեր դրամավարկային քաղաքականության մեջ ճշգրտումներ մտցնել, արտահանման հարցերում աջակցել տեղական գորածարարին, այսինքն, առանց պետության աջակցության մենք լուրջ արդյունքների չենք հասնի:
-Ի դեպ, ԵՄ անդամ երկրների գործարարների շրջանում արդեն իսկ նկատելի է հետաքրքվածությունը ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի նկատմամբ: Փաստորեն, կարող է իրականություն դառնալ՝ <<Հայաստանը ԵՄ-ի համար պատուհան՝ դեպի ԵՏՄ տարածք>> գաղափարը, որը շատերը որակում էին զուտ անիրականանալի լավատեսություն:
-Դա անհիմն լավատեսություն չէ: Մենք մեծապես կարող ենք շահել, եթե հաջողենք լուծել ներքին մի կարևոր խնդիր՝ ձերբազատվենք կոռուպցիայից: Եթե նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ապա մեր եվրոպացի գործընկերները Հայաստանը կնախընտրեն այլ ԵՏՄ երկրներից ու շատ գործարքներ, ծրագրեր կիրականացնեն հենց Հայաստանում, հարկերն էլ այստեղ կվճարեն: Ուղղակի պետք է հետևողականորեն աշխատել ու վստահություն ձեռքբերել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












