Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՃԵՆԸ

Հոկտեմբեր 15, 2014թ. 23:10

Վերջերս Երեւանում՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆ.Նանսենի անվան պուրակում, բացվեց հայ լրագրողին նվիրված հուշարձանը

Արձանի պատրաստմանը ֆինանսապես աջակցել է վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների անունը կրող բարեգործական հիմնադրամը, որի միջոցներով էլ, ի դեպ, նաեւ ստեղծվել է Նանսենի անվան պուրակը:
Հուշարձանը նվիրվել է Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած, ինչպես նաեւ այսօր լրագրողի առաքելությունը կատարող լրագրողներին:

Երեւանում այդպիսի հուշարձանի պակասը կար, քանի որ լրագրողի աշխատանքը հեշտերից չէ` հաշվի առնելով այն ռիսկերը, որոնց գրեթե ամեն օր նա առնչվում է մասնագիտական պարտքը կատարելիս: Հուշարձանի կողքին փակցված է ցուցատախտակ, որի վրա գրված է` «Լրագրողի արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքի նվիրյալի կերպարը, մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988թ. հայտնի իրադարձություններից»:

Արձան կանգնեցնելու գաղափարն իհարկե ողջունելի է: Ու ակնհայտ է, որ արձանն էլ քանդակելիս հեղինակները փորձել են հնարավորինս յուրօրինակ ներկայացնել լրագրողի կերպարը. պատից դուրս եկող տղամարդ լրագրողը, որը մի ձեռքում ամուր պահել է լուսանկարչական ապարատը, իսկ մյուսը համարձակորեն վեր բարձրացրել` մատներով ցույց տալով հաղթանակ խորհրդանշող «Վ» տառը:

Թե ինչու են քանդակի հեղինակներ` ճարտարապետ Ա. Սոխիկյանը, Գ.Հակոբյանը եւ Ս.Պետրոսյանը արձանի համար նախընտրել պատից դուրս եկող մարդու կերպարը, ԱԼԲԵՐՏ ՍՈԽԻԿՅԱՆԸ, որը նաեւ արձանի գաղափարի հեղինակն է, այսպես պատճառաբանեց. «Քանի որ լրագրողի գործը բավական դժվար է, խոչընդոտներով լի` մենք նախընտրեցինք նրան ներկայացնել պատը ճեղքելիս: Այդ պատը հենց առկա խոչընդոտներն են:

Իսկ այն, որ նա այնուամենայնիվ դուրս է գալիս այդ պատի միջից, նշանակում է, որ լրագրողին ոչինչ չի կարող խանգարել իր մասնագիտական գործունեությունը կատարելիս, եւ նա միշտ դժվարին իրավիճակներից հաղթանակած է դուրս գալիս, ինչի մասին էլ վկայում է նրա վեր պարզած ձեռքի մատների դիրքը»:
Մեր այն հարցին, թե ինչու են հեղինակներն իբրեւ հավաքական կերպար տղամարդու ընտրել` ճարտարապետը պատասխանեց, որ դժվար է պատկերացնել պատը ճեղքող կնոջ, դա կնոջ ուժերից վեր է, ուստի ընտրվել է տղամարդու կերպար:

Ըստ նրա, արձանի համար որեւէ նախատիպ չի եղել, արձանի կերպարը վերացական է` հորինված: Թեեւ սոցցանցում ոմանք սկսել են կատակել` ասելով, թե արձանի համար իբր նախատիպ է ծառայել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հաշվի առնելով, որ արձանի ձեռքին առաջին պլանում լուսանկարչական խցիկն է, իսկ բարձրախոսը, որը հենց լրագրողի առաջին գործիքն է, չգիտես ինչու, փակցված է պատին:

Ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքով լրագրողի կերպարն ավելի ամբողջական կլիներ, եթե ֆոտոխցիկի փոխարեն արձանի ձեռքին գոնե ձայնագրիչ լիներ: Թե չէ մեր իրականության մեջ դեռեւս պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողներ չկան, հիմնականում լրագրողներ են, իսկ ֆոտոխցիկներով կադրեր որսալու առաքելությունն ավելի շուտ պարբերականներում աշխատող լուսանկարիչների գործն է, ոչ թե լրագրողների:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ քանդակագործ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԸ համարում է, թե արձանը օտար մտածելակերպի ու ապրելակերպի սինթետիկ պատճենում է: «Այնպիսի տպավորություն է, թե այն ոչ թե Հայաստանում են քանդակել, այլ դրսից են բերել, քանի որ հայկականության շունչ չկա: Լրագրողի կերպարը մեր իրականությունից չի վերցված: Իսկ աղյուսե պատը ամերիկյան ոճ է, հայկական չէ: Այն արեւմտյան մտածելակերպի չհաջողված ադապտացիան է Երեւանում»,- ասում է քանդակագործը:

Բացի դրանից, քանդակագործի հավաստմամբ, արձանի գաղափարն ինքնաբուխ չէ, այն վերցված է այլ երկրներում արդեն կիրառված կաղապարից: Քանդակագործը մեր լրագրողի արձանը նմանեցնում է դրանցից մեկի` ֆրանսիացի գրող Մարսել Էմեի արձանին: Առաջին անգամ պատից դուրս եկող արձանի գաղափարը կիրառել է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Մարեն` գրող Մարսել Էմեի արձանը կերտելիս: Այսօր այդ արձանը տեղադրված է Մոնմարտրի Մարսել Էմեի փոքրիկ հրապարակում:

Դերասանը ֆիլմերում նկարահանվելուց եւ թատրոնում խաղալուց բացի` սիրում էր քանդակագործությամբ զբաղվել, ինչի շնորհիվ էլ ծնվեց այդ յուրօրինակ քանդակը` Մարսել Էմեի պատմվածքի հերոսներից մեկի մոտիվներով: Այդ հերոսը կարողանում էր պատերի միջով անցնել:

Աշխարհում այդ արձանն իր տեսակով այլեւս եզակի չէ: Լոս Անջելեսում հայտնի է գլուխը պատի մեջ մխրճած գրագրի արձանը, Սանտա-ֆեյում այդպես մայթի մեջ է մխրճվել կնոջ արձանը, Հոլանդիայում հատակից դուրս եկող ջութակահարն է, իսկ Թբիլիսիում տեղադրվել է պատից դուրս եկող սաքսաֆոնահարի արձանը:
Բայց լրագրողի երեւանյան արձանը լուծումներով իսկապես նման է Ժան Մարեի քանդակին: Ահա ինչու Դավիթ Մինասյանն այն պլագիատ` գրագողություն է համարում. «Կոմպոզիցիան էլ վերցված է ուրիշից, սեփականը չէ: Ինչպես ստեղծագործության սյուժեն են գողանում գրականության մեջ, այդպես էլ կոմպոզիցիան է գողացվել այս արձանը քանդակելիս»:

Թեպետ Ալբերտ Սոխիկյանը համաձայն չէ այդ ձեւակերպման հետ: Նա ընդունում է, որ աշխարհում այդ գաղափարով իրագործված մի քանի արձաններ կան, բայց համոզված է, որ գաղափարի կիրառումը որեւէ ազգի կամ որեւէ ճարտարապետի մենաշնորհը չէ: Այնպես որ այդ գաղափարը մեկ անգամ եւս կյանքի կոչելը չի կարելի որպես գրագողություն դիտել:

Բայց, Դավիթ Մինասյանի դիտարկմամբ, անգամ եթե գաղափարը կրկնելու, պատճենելու փորձ է արվել, դա չպետք է կիրառվեր լրագրողի արձանի դեպքում, քանի որ լրագրությունն այն ոլորտը չէ, որը ներկայացնելու համար պետք էր շաբլոնից օգտվել: Հարկավոր էր սեփական ազգային դիմագծի, ծանրակշիռ գաղափարի ու խոր բովանդակության համադրությամբ հավերժացնել այդ մասնագիտության նվիրյալի կերպարը:

Քանդակագործի հերթական դիտողությունը վերաբերում է քանդակի համամասնություններին, որոնք, ըստ նրա, խախտված են. «Ամեն ինչ անճաշակ ու անգրագետ է արված, քանդակի համամասնությունները խախտված են` ձեռքը ոտքի համեմատ մեծ է, ֆոտոխցիկով ձեռքն էլ սխալ թեքությամբ է արված, անբնական է»:

Քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ նույնպես հավաստում է, որ արձանի մասերն անհամաչափ են, քանդակագործության չափորոշիչները խախտված են: Եվ ընդհանուր առմամբ արձանն անճաշակություն է համարում, որի մեջ ճիշտ չեն համադրվել բրոնզն ու աղյուսը: Այդ պատճառով արձանն արհեստական տեսք ունի: «Հեղինակներն ուզեցել են լավ բան անել, լրագրողի արձանը քանդակելու գաղափարը լավն է, բայց չեն կարողացել այն ճիշտ իրագործել»,- ասում է նա:

Քանդակագործները նաեւ սխալ են համարում արձանը տեղադրելու վայրը: Դավիթ Մինասյանի կարծիքով՝ Նանսենի անվան պուրակն այն տեղն է, ուր մարդիկ գնում են հանգստանալու, լիցքաթափվելու, սիրահար զույգերն են զբոսնում, տատիկներն իրենց թոռնիկների հետ: Եվ այդ միջավայրում լրագրողի արձանն ավելորդություն է. «Արձանը պետք է տեղադրվեր խորհրդանշական միջավայրում: Մի՞թե Երեւանում չկան այնպիսի վայրեր, որտեղ լրագրողները սխրանքներ են գործել, ի ցույց են դրել իրենց մասնագիտական հմտությունները, վայրեր, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն լրագրողների հետ: Նման տեղերը շատ են, եւ ես չեմ հասկանում, թե ինչու են այդ արձանը տարել ու թաքցրել Նոր Նորքի հեռավոր պուրակում»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն