ԵՏՄ-ն կդառնա համաշխարհային տնտեսության ուժի կենտրոններից մեկը
Բաց խոսակցություն Հայաստանի ԵՏՄ անդամակցության շուրջ
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում հիշյալ կառույցին, ի՞նչպիսի քաղաքական ռիսկեր է պարունակում այս գործընթացը, ինչպիսի՞ տնտեսական հնարավորություններ են բացվում մեր երկրի առաջ ու վերջապես, ինչպե՞ս կարելի է օգտվել դրանցից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ակնկալում է ստանալ հայ հանրությոնը, ինչն էլ հետևաբար, բաց խոսակցություն է պահանջում: Եվ ահա այս նպատակադրմամբ, Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը երեկ կազմակերպել էին քննակում՝ <Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում> թեմայով, միաժամանակ տալով հասարակական քննակումների մեկնարկը:
Չզբաղվել ինքնախաբեությամբ. դիտարկել և՛ դրականը, և՛ բացասականը
Հայաստանի դեմոկրատական միության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ հակիրճ ներկայացրեց ԵՏՄ-ին անդամակցման առավելությունները. արտադրության ընդլայնում, արդիականացում, ընդհանուր տնտեսական գոտու ձևավորում, ուր զրոյացված կլինեն մաքսային վճարները, էժան էներգակիրներ, տեղական արտադրանքի խթանում, աշխատատեղերի ստեղում ր այլն: Նշեց, որ 1300 ռուսական ընկերոթյուններ գործում են Հայաստանում և արդեն 3 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել, ինչը կազմում է մեր արտաքին ներդրումների կեսը: Ապա հիշյալ փաստարկներին հակադրեց՝ ոմանց հիշեցնելով.< 2004-ից Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, բայց մեր երկիրը դրանից առ այսօր օգուտ չի քաղել>, հետևությունը թողնելով ներկաներին:
Վերջին շրջանում, չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, թե մտահոգության կարիք չկա՝ ԼՂՀ սահմանին մաքսակետ չի կարող լինել, այնուհանդերձ, այս արհեստածին հարցը նկատելիորեն տեղափոխվել է քաղաքական շահարկումների դաշտ: Անգամ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, վերստին տուրք տալով իրենց վաղեմի սովորությանը, սեփական էջերում բառացիորեն արտատպում են ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունն ու ադրբեջանցի քաղաքագետների կեղծ գնահատականները:
Թերևս հաշվի առնելով այս վտանգավոր հանգամանքը քննարկման կարզմակերպիչները երեկ հարցը խոհեմաբար մեկ այլ հարթություն տեղափոխեցին, այն հնչեցնելով հետևյալ կերպ՝ ինչո՞վ կնպաստի Հայաստանի ԵՏՄ անդամակցումը ԼՂՀ զարգացմանը: Արամ Սարգսյանը համոզված է. <Կկայունանա ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, Հայաստանի միջոցով Արցախի արտադրանքը կարտահանվի ԵՏՄ անդամ երկրների շուկաներ>:
Հատուկ անդրադարձ եղավ հաճախ շահարկվող մեկ այլ հարցի ևս՝ ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանը կկորցնի իր անկախությունը: <Մարդիկ շփոթում են, կարծում են, թե ձևավորվում է քաղաքական միություն, մինչդեռ ստեղծվողը տնտեսական է>: Դեմկուսի առաջնորդը նկատեց, թե տնտեսական անվտանգության առումով, իհարկե կորուստ կունենանք, ինչպես ունեն ԵՄանդամ երկրները, ու ներկաներին միաժամանակ հիշեցրեց՝ ԵՄ անդամ երկրների և՛ տնտեսական, և՛ քաղաքական անկախությունը Բրյուսելում է:
Ի՞նչ կարող է տալ ԵՏՄ անդամակցումը Հայաստանին. հարցն այս անգամ սեփական դիտարկմամբ փորձեց պատասխանել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, ու առաջարկեց՝ բաց աչքերով նայել իրողություններին և չզբաղվել ինքնախաբեությամբ: Եվ նախընտրեց առավելապես խոսել սպառնալիքներից. աշխատատեղերի կրճատում, արտագաղթի ահագնացում՝ արդեն օրինականացված տարբերակով, գների բարձրացում: Ուրեմն, ինչո՞ւ անդամակցել նման միությանը: Հարց հնչեցրեց տնտեսագետն ու ինքն էլ պատասխանեց. <Որովհետև այս պահին այլընտրանք չկա: Հայաստանը չի կարող մեկուսացված լինել տարածաշրջանային զարգացումներից, իսկ նման միավորումները լավագույն ձևերից են համախմբելու ուժերը և համատեղ լուծելու խնդիրները>:
ԵՏՄ-ն չի կարող լինել <միջակ միություն>, սա Մանասերյանի համոզմունքն է, և այն կդառնա համաշխարհային տնտեսության ուժի կենտրոններից մեկը: իսկ Հայաստանը ունի լիարժեք հնարավորություն ԵՏՄ-ում համակարգային բարեփոխումների առումով լիդերի դեր ստանձնելու և այս հարցում օգնելու ԵՏՄ անդամ երկրներին: Հայաստանի տնտեսության թիվ մեկ մարտահրավերը համարելով մրցունակության բարձրացումը, տնտեսագետը, սակայն համոզված է՝ կարող ենք հաջողել, եթե ճիշտ օգտագործենք մեր առաջ բացված սպառման հսկայական շուկան:
Թերևս եկել է ժամանակը փոքր ինչ շունչ քաշելու, քանի որ կարծես թոթափում ենք մեզանում մեկ տարի շարունակ շրջանառված՝ <և...և՞>, <թե...թե՞>, ԵՏՄ-ը՞, թե՞ ԵՄ ոչ պակաս արհեստածին հարցադրումից: <Կարծես միտում ունի այն հանգուցալուծվելու>, Մանասերյանը դրանում համոզվել է հետևելով Բրյուսելից ու Մոսկվայից հնչող կոչերին: Իսկ սա նշանակում է , որ Հայաստանը կարող է իսկապես հայտնվել շահեկան վիճակում օգտվելու և՛ ԵՏՄ շուկայից, և՛ Եվրամիության:
Տնտեսվարողներ, մի՛ մտահոգվեք
ԵՏՄ պայմանագրում հստակ գրված է՝ ԵՏՄ անդամ երկրների միջև չի լինելու մաքսային սահմա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվող, ինչպես նաև այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները չեն մաքսազերծվելու: Նախագահի Խորհրդական ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ նաև իրազեկեց՝ մեր դեպքում, սակայն, ավելանում է մեկ փաստաթուղթ.<Դա տրանզիտային դեկլարացիան է, որը հարկավոր կլինի հայկական բեռները Վրաստանի տարածքով անցկացնելիս , բայց դա չի ենթադրում մաքսային այլ հետևանքներ: Դիմելով հայ տնտեսվարողներին նախագահի խորհրդականը նկատեց՝ անհանգստանալու խնդիր չկա, քանի որ ԵՏՄ պայմանագիրը գործարարներին պաշտպանող տարբեր միջոցառումներ է նախատեսում, դրանցից մեկն էլ այն է, որ ապրանք փոխադրող տրանսպորտային միջոցի կամ այլ տարրաների վրա նշվելու է՝ <տեղափոխվում է ԵՏՄ ապրանք>, ասել է թե, այն մաքսազերծման ենթակա չէ: Պայմանագրում տեղ են գտել բզմաթիվ այլ <գործիքներ> ևս, որոնք պաշտպանելու են մեր տնտեսվարող սուբյեկտներին, ուրեմն, իրոք, <պետք չէ մտավախություններ ունենալ>:
Հայաստանը՝ տարանցիկ երկիր
Քննարկման ներկաներին ոչ պակաս հետաքրքրող հարցերի շարքում էին նաև աբխազական երկաթուղու վերագործարկման, հայկական Ատոմակայանի ու Իրան-Հայաստան հարաբերությունների հարցերը՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցման ֆոնին:
Իրանը շահագրգռված է ակտիվ աշխատել ԵՏՄ անդամ երկրների հետ ու այդ առումով կարևորում է Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը, որը նրան հնարավորություն կտա Հայաստանի միջոցով մուտք գործել ԵՏՄ շուկաներ: Իսկ այն, որ Եվրազիական տնտեսական բանկն արդեն իր մասով ֆինանսավորում է Հյուսիս-Հարավի կառուցումը, Կարինե Մինասյանը համարեց ևս մեկ ազդանշան այն բանի, որ ԵՏՄ-ն շահագրգռված է ճանապարհի կառուցմամբ ու Իրանի հետ համագործակցությամբ:
<Չնայած 2015-ի հունվարի 1-ին է վերջնականապես Հաայստանը դառնում ԵՏՄ անդամ, սակայն երկու բան արդեն այսօր հստակ է՝ հայկական Ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու նպատակով Ռուսաստանը Հայաստանին նախ կփոխանցի 30 միլիոնի գրանտ՝ անհատույց, ապա ևս 3000 մլն դոլարի վարկ կտրամադրի>: Այս տեղեկատվությունը փոխանցելուց հետո քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ հարց ուղղեց ներկաներին՝ մեր անկախության 24 տարում, բացի Ռուսաստանից այդ ո՞ր երկիրն է նման հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման հարցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևոր՝ աբխազական երկաթուղու վերաբացմանը, ապա դրանում գրեթե համոզված է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ: Ու վստահեցրեց՝ անձամբ տեղյակ է, որ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունները դրանում շահագրգռված են, ուրեմն երկաթուղին վաղ, թե ուշ բացվելու է:
Արամ Սարգսյանը պատահական չհամարեց Ռուսաստանի շահագրգռվածությունը հայկական երկաթուղու արդիականացմամբ , 200 մլն դոլարի ներդրում անելով Ռուաստանը մեր երկաթուղին հանեց <հողին հավասարված վիճակից>, այժմ էլ պատրաստվում է ներդնել ևս 500 մլն դոլար: Քանզի Ռուսասատանի նպատակն է՝ Հայաստանը ծառայեցնել որպես տարանցիկ երկիր՝ Պարսից ծոց, դեպի Եվրոպա դուրս գալու համար: <Հայ-իրանական սահմանը, Երևան-Թեհրան բարիդրացիական հարաբերությունները թույլ են տալիս Հայաստանին դառնալ ԵՏՄ-ի տարանցիկ միջանցք՝ ելք դեպի Պարսից ծոց ու Եվրոպա>: Սրանք քայլեր են, որոնք կմեծացնեն Հայաստանի դերը տարածաշրանում, միաժամանակ հանգեցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի շրջափակման ճեղքմանը:
Քննակման մասնակիցները իրենց լավատեսական գնահատականները ավարտում էին հետևյալ մտքի շեշտադրմամբ՝ Հայաստանի համար բացվում են նոր հնարավորություններ, դրական դաշտ ու շատ բան կախված կլինի նրանից, թե մենք որքանո՞վ կկարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից, թե որքանո՞վ մեր քաղաքական էլիտան կկարողանա կրկնապատկել իր ուժերն ու իրականացնել բարձրորակ քաղաքականություն:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












