Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

ՀՈՒՆՎԱՐԻՑ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿԳՈՐԾԵՆ

Հոկտեմբեր 17, 2014թ. 00:05

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածը եւ «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածը, սահմանվեց բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի նմուշի նոր նախագիծը:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող պայմանագրի ձեւանմուշի փոփոխությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման եւ մոնիտորինգի վարչության պետ ԱԲԳԱՐ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ պատասխանեց, որ փոփոխությունը կատարվել է ժամանակի թելադրանքով:
Գործող պայմանագիրը սահմանվել է 2005թ. եւ գրեթե 9 տարվա վաղեմություն ունի, իսկ մատակարար-սպառող հարաբերությունները դինամիկ են ու ժամանակի ընթացքում փոփոխություներ են լինում այդ հարաբերություններում:
Առավելություններից մեկն էլ այն է, որ նոր պայմանագիրը մատակարար-սպառող հարաբերություններն ավելի հստակ է կարգավորում, քան նախորդը եւ անհամեմատ ճկուն է, քանի որ դրա դրույթները հենվում են մատակարարման եւ օգտագործման կանոնների վրա` անմիջապես դրանց վրա հղումներ անելով:

«Գոյություն ունի մատակարար-սպառող հարաբերությունները կանոնակարգող երկու հիմնարար փաստաթուղթ` մատակարարման եւ օգտագործման կանոնները եւ պայմանագիրը: Դրանք չպետք է տարանջատ դիտարկել: Պայմանագրի օրինակելի նոր նախագծում փորձել ենք առավել նվազեցնել այնպիսի դրույթները, որոնք մատակարարման կանոններով արդեն կարգավորված են: Այսինքն` պայմանագրի ծավալը փոքրացրել ենք որոշ դրույթների կրճատման հաշվին, որոնք հնարավոր է եղել ներառել մատակարարման ու օգտագործման կանոնների մեջ:
Դա մեզ հնարավորություն կտա ամեն անգամ որեւէ խնդրի լուծման համար կանոններում որոշակի փոփոխություններ կատարելիս պայմանագրերն անփոփոխ թողնել եւ ստիպված չլինել նոր պայմանագրերի օրինակելի ձեւ հաստատել ու վերաստորագրել պայմանագրերը բոլոր բաժանորդների հետ»,- ասում է Աբգար Բուդաղյանը:

Ի դեպ, հենց մատակարարման ու օգտագործման կանոնների մեջ է ամրագրված նաեւ մատակարարվող բնական գազին ներկայացվող այն տեխնիկական պահանջները, որոնք ապահովում են դրա որակը` բաղադրությունը, կալորիականությունը, ճնշումը: Դրանք տեխնիկական կանոնակարգում ամրագրված են որպես կատարման ենթակա պարտադիր չափորոշիչներ եւ փոփոխության ենթակա չեն: Ու թեեւ պայմանագրում առանձին նշված չեն այդ չափորոշիչները, այսինքն` պայմանագրով գազի որակը չի սահմանվում, սակայն պայմանագրի դրույթներից մեկով հստակ ամրագրվում է, որ գազի որակը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգում գոյություն ունեցող չափորոշիչներին: Այնպես որ նշյալ չափորոշիչների խախտման դեպքում պայմանագիրը կարող է հիմք ծառայել գազ մատակարարող ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ Ա.Բուդաղյանի, նոր պայմանագրերում փոփոխություններից մեկը նախատեսում է ներտնային սպասարկման համար ամենամսյա վճարումներ կատարել ոչ թե կանխավճարային տարբերակով, այլ ծառայության մատուցումից հետո: Այն դեպքում, երբ ծառայությունը չի մատուցվի, բաժանորդը դրա համար չի վճարի այնքան ժամանակ մինչեւ այդ սպասարկումը կիրականացվի: Իսկ սպասարկման իրականացումը հարկ եղած դեպքում կկատարվի պարտադրանքով:

Ի դեպ, քանի որ ցանկացած պայմանագիր նախատեսում է ստորագրող երկու կողմերի շահերի եւ իրավունքների ներկայացում, մենք հետարքրվեցինք, թե սպառողների շահերը նոր պայմանագրում հաշվի առնվե՞լ են:
Աբգար Բուդաղյանի հավաստմամբ, սպառողների շահերն ու իրավունքները պայմանագրի նոր ձեւանմուշը հաստատելու համար կազմակերպված քննարկումների ժամանակ ներկայացրել են սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները` հաշվի առնելով իրենց դիմած գազսպառողների դժգոհություններն ու առաջարկները: Եվ դրանք ներառվել են պայմանագրի օրինակելի նմուշի նոր նախագծում:

Բացի դրանից, հաշվի են առնվել նաեւ նախորդ պայմանագրի գործելու ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած բոլոր քաղաքացիների մտահոգությունները գազ մատակարարող ու սպառող հարաբերություններում գոյացած խնդիրների մասին, եւ նոր պայմանագրի ձեւանմուշում փորձ է արվել դրանք հնարավորինս հարթել:

Ա.Բուդաղյանը բարձր է գնահատում նման հարցերում սպառողների մասնակցությունը։ Այս անգամ էլ նա ակնկալում էր, որ սպառողներն ավելի աշխուժորեն կմասնակցեն պայմանագրի նոր ձեւանմուշի հաստատման գործընթացին, այլ ոչ թե այդ խնդիրը կթողնեին միայն հասարակական կազմակերպություններին. «Հասարակությունը նաեւ նման փոփոխություններ կատարելու ժամանակ պետք է ավելի աշխույժ լինի, այլ ոչ միայն գազի կամ էլեկտրաէներգիայի սակագին որոշելիս, քանի որ այս փաստաթղթերով կարգավորվում են նրանց առօրյա հարաբերությունները ծառայություն մատուցող ընկերությունների հետ:
Քաղաքացին պետք է գործուն մասնակցությամբ ճիշտ ուղղորդի պայմանագրեր հաստատող մարմնին դրանք այնպես կազմել, որ նախ հաշվի առնվեն երկկողմանի շահերն ու իրավունքները, եւ հնարավորինս արդյունավետորեն կարգավորվեն մատակարար-սպառող հարաբերությունները»:

Նոր պայմանագրերը ուժի մեջ կլինեն 2015թ. հունվարի մեկից, իսկ դրանց վերակնքման համար գազի մոտ 650 հազար բաժանորդները ինն ամիս ժամանակ կունենան` մինչեւ սեպտեմբերի մեկը:
Թե ինչպես կկազմակերպվի նոր պայմանագրերի ստորագրման գործընթացը` դեռ հստակեցրած չէ, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցը վստահեցնում է, որ գազ մատակարարող ընկերությունը կգտնի բաժանորդների համար հարմարավետ տարբերակ նոր պայմանագրերը ստորագրելու համար. «Թերեւս իրենց աշխատակիցները կշրջեն բնակարաններով, սակայն եթե բաժանորդները դեմ լինեն, որ իրենց բնակարան այցելեն` այլ եղանակ կգտնեն»: Ամեն դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի ԶԼՄ-ների միջոցով:

Հիշեցնենք, որ բնական գազի մատակարարման նոր պայմանագրի ձեւանմուշը իրավաբանական անձանց համար հաստատվել էր դեռ նախորդ տարի, այնպես որ այս պայմանագրերը վերաբերում են միայն ֆիզիկական անձանց:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն