Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ո՞ՐՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Հոկտեմբեր 17, 2014թ. 00:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների օրերս Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է քարոզչական նոր գրոհ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իբր սպասվող լուրջ առաջընթացի թեմայով։

Սրանով կարծես նոր երանգներ են հաղորդվում հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդի միջնորդությամբ Փարիզում սպասվող Հայաստան-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի հանդիպման շուրջ միջազգային հանրության սպասումների ֆոնին, որում Բաքուն փորձում է ներկայանալ «կառուցողական սպասումներով» տարված խաղաղասեր պետության հուզիչ կերպարանքով։

«Մենք եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը կառուցվածքային առաջարկությունների հիման վրա, որոնք ներառում են հողերի ազատագրումը եւ փախստականների վերադարձը։ Մենք լիովին պատրաստ ենք նոր շրջափուլին եւ նույնանման քայլ ենք սպասում Հայաստանից»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը։

Թե Ադրբեջանի արտգործնախարարությունում ի՞նչ են հասկանում «կառուցվածքային առաջարկություններ» բառակապակցության տակ՝ կարելի է միայն գուշակել՝ վերհիշելով նախկինում Բաքվի կողմից բազմիցս գործի դրված ծանոթ հնարքը՝ համանախագահների առաջարկությունների առանձին դետալները վերցնելու, իսկ մնացածը մի կողմ նետելու գործելակերպը։

Ղարաբաղյան բանակցային գործընթացում չգրված օրենքի ուժ է ստացել համանախագահների բոլոր առաջարկությունների համաձայնեցման սկզբունքը, քանզի դրանցից թեկուզ մեկի անտեսումը նշանակում է, որ ոչինչ էլ չի համաձայնեցված։ Նման «աքցանից» դուրս պրծնելու համար Ադրբեջանը գործարկել է բոլոր հնարավոր ու անհնարին հնարքները, բայց մինչ օրս որեւէ արդյունքի չի հասել, քանզի լուրջ բանակցությունների նստելու, այսինքն՝ փոխզիջման հասնելու որեւէ ցանկություն չունի։

Իսկ ժամանակն անցնում է, եւ մեր տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք մի կողմից նոր մարտահրավերներ, իսկ մյուս կողմից՝ նոր հնարավորություններ են կողմերի համար։ Դրանք առաջին հերթին պայմանավորված են Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության հետագա սրմամբ, որը դրսեւորվում է Հարավային Կովկասում հակառակորդին «կատարված փաստի» առջեւ կանգնեցնելու կողմերի ակնհայտ ձգտման տեսքով։ Այս իրողությունը նորից սրել է նաեւ ռուս-վրացական հարաբերությունները, որովհետեւ Ռուսաստանը օրերս Աբխազիային է ներկայացրել «Դաշնակցային հարաբերությունների եւ ինտեգրման մասին» համաձայնագրի նախագիծ, ըստ որի՝ փաստորեն իր ձեռքն է վերցնում վերջինիս ուժային կառույցների եւ արտաքին սահմանների վերահսկողությունը։

Արդյունքում Պրահայում սպասվող ռուս-վրացական առաջիկա բանակցությունները անցնելու են խիստ լարված մթնոլորտում, քանզի վրացական կողմը այդ համաձայնագիրը համարում է Աբխազիայի անկախացման գործընթացի փոխակերպում բացահայտ անեքսիայի։ Հակասական իրավիճակ է ստեղծվել նաեւ Սուխումում, ուր դեռեւս ուժեղ են անկախական տրամադրությունները։
Նման պայմաններում քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի ինտեգրացիոն քաղաքականության ցանկացած բնորդ Ղարաբաղյան հակամարտության վրա տարածելու պարագայում ինքը ստիպված է լինելու հրաժեշտ տալ սեփական մաքսիմալիստական կեցվածքին, Բաքուն մի կողմից ակտիվացնում է իր շփումները Մոսկվայի հետ, բայց մյուս կողմից էլ խուսափում է կոնկրետ պարտավորություններ ստանձնել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում։

Սակայն Ռուսաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք ցանկանում են հայ-ադրբեջանական երկկողմ փոխզիջումների անհրաժեշտությունը դիտարկել փուլային քայլերի համատեքստում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը համարել յուրահատուկ «խայծ»՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը անշրջելի դարձնելու ճանապարհին։ Նրանց, ինչպես նաեւ մյուս համանախագահ երկրներին ապակողմնորոշելու համար Ադրբեջանին խիստ ձեռնտու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա դետալավորումը՝ մի կողմ դնելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԼՂՀ կարգավիճակը եւ անվտանգության ապահովման մեխանիզմները։

Նման արեւելյան «բազարի» մթնոլորտ ստեղծելու համար ադրբեջանական կողմը խաղաղասիրական կեցվածք է ընդունում, միաժամանակ ցանկանում ամեն կերպ «մոռացության տալ» համանախագահների ներկայացրած Մադրիդյան սկզբունքների, այսինքն՝ փաթեթի առկայությունը։ Սա ամենեւին էլ չի նշանակում, որ Ադրբեջանը որդեգրել է մասնավորից ընդհանուրին անցնելու ինդուկտիվ մեթոդը։ Ընդհակառակը, խնդիր է դրված դետալների քննարկմանն անցնելով՝ ժամանակ ձգել ու սպասել գլոբալ ու տարածաշրջանային զարգացումների հետագա ընթացքին։

Կարծում ենք, ժամանակի գործոնն այսօր վճռական է գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի դարձող միջազգային հարաբերություններում, քանզի սրընթաց անկում են ապրում նավթի գները, ինչը հարվածում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ադրբեջանի պետական բյուջեին, իսկ պետականորեն կազմակերպվող իսլամական ահաբեկչությունը ընդհուպ մոտեցել է մեր տարածաշրջանի սահմաններին։ Ուրեմն առաջիկայում կշահի նա, ով ճշգրտորեն կհաշվարկի դեպքերի արագացող ընթացքի ուղղվածությունն ու միտումները։

Նման պայմաններում ադրբեջանական դիվանագիտության որդեգրած՝ ժամանակ ձգելու քաղաքականության քողարկման «նորագույն տեխնոլոգիաները» ոչ միայն պետք է իրենց հստակ գնահատականին արժանանան հայ դիվանագիտության կողմից, այլեւ դիտարկվեն իբրեւ առաջիկայում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ սպասվող հանդիպման բուն նպատակը շրջանցելու փորձեր։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն