ԵՎՍ ԿԵՍ ՔԱՅԼ՝ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում այսուհետ կգործի Արցախի հետ բարեկամության խումբ, որը կգլխավորի ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը։
Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում այս նախաձեռնությունը Արցախի Հանրապետության, արցախահայության առջեւ, ինչ հեռանկար է խոստանում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման առումով։ Մեր հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
-Սա Եվրախորհրդարանի պատգամավորների եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» համատեղ աշխատանքի արդյունքն է. ինչպես գիտեք, եվրախորհրդարանականները այցելել էին Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ հասկանալու խնդրի էությունը։
Այսինքն՝ նրանց գիտելիքները հիմնված չեն մի քանի կիլոգրամ սեւ խավիարի կամ նավթադոլարային ինչ-ինչ շահագրգռությունների վրա. մարդիկ ամեն ինչ տեսել են սեփական աչքերով, հասկացել են Արցախում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական այլ արժեքների տարածմանը աջակցելու կարեւորությունը։ Արդյունքում ձեւավորել են այս բարեկամական խումբը, որը հնարավորություն է տալիս աշխարհին մատուցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը հենց եվրոպացի պատգամավորների աչքերով։
Նկատի ունենալով, որ սա արդեն երրորդ նմանատիպ խումբն է՝ Արցախի հետ բարեկամական խմբեր ստեղծված են նաեւ Լիտվայի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում, հուսով եմ, որ այս գործընթացը շարունակական կլինի՝ նման խմբեր կձեւավորվեն եվրոպական այլ երկրների պառլամենտներում, եւ Արցախը կկարողանա իր անկախության ճանաչման գործընթացում օգտագործել նաեւ խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները։
-Սա կարո՞ղ ենք համարել եւս մեկ՝ թեկուզ փոքր քայլ, կես քայլ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում։
-ԼՂՀ միջազգային ճանաչումն առաջ է գնում, նախ եւ առաջ, նահանգային մակարդակով. ամերիկյան մի քանի նահանգներ արդեն բանաձեւեր են ընդունել ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ։ Նույնաբովանդակ որոշում կայացրել է Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկը, նման գործընթաց մեկնարկել է Իսպանիայում, վաղը դա կարող են անել եվրոպական երկրների խորհրդարանները։
Մեր եվրոպացի գործընկերները քիչ-քիչ սկսում են հասկանալ, որ հանրային քաղաքականության մեջ լինելով՝ պարտավորություններ ունեն աշխարհի առջեւ՝ ներկայացնելու ճշմարտությունը Ղարաբաղի մասին։ Եվ քանի որ դա տեսել են սեփական աչքերով, ներկայացնում են իրողություններն ինչպես կան։ Սա անկասկած դրական քայլ է, որ հետեւողական աշխատանքի դեպքում, վստահ եմ, տալու է իր արդյունքը՝ բերելու է նրան, որ ոչ թե երեք, այլ եվրոպական շատուշատ այլ խորհրդարաններում ստեղծվեն Արցախի հետ բարեկամական խմբեր։
-Համագործակցության ի՞նչ նոր մեխանիզմների մասին կարող է այդ դեպքում խոսք գնալ։
-Վստահ եմ, որ կլինեն համագործակցության տարբեր ձեւաչափեր տարբեր մակարդակներում։ Եվրախորհրդարանում բարեկամական խումբ ունենալ՝ նշանակում է ունենալ հավելյալ հնարավորություններ՝ եվրոպական այդ հեղինակավոր ատյանում ներկայացնելու ԼՂՀ իշխանությունների մոտեցումները. կազմակերպել քննարկումներ, ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ, եւ այդ շրջանակներում Արցախի մասին ճիշտ տեղեկություններ մատուցել Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք քվեարկում են Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող այս կամ այն բանաձեւի օգտին՝ շատ դեպքերում ընդհանրապես խորամուխ չլինելով խնդրո առարկայի մեջ։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախը ներկայացված լինի նաեւ Եվրոպայի խորհրդում՝ ունենա իր պաշտոնական ներկայացուցիչը ԵԽ ԽՎ-ում, ինչի մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը քաղաքական հարցերի հանձնաժողովի վերջին նիստում։ Ի վերջո, եթե այդ կառույցում Ղարաբաղի հետ կապված որոշումներ են կայացվում, ինչո՞ւ ԼՂ ներկայացուցիչը չպետք է մասնակցի այդ քննարկումներին։
-Առաջին անգամ չէ, որ ԵԽ ԽՎ-ում նման տեսակետ է հնչում, եւ դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, կասկած չի հարուցում։ Բոլորի համար պարզ է՝ եթե որեւէ մեկը ցանկանում է Ղարաբաղի հետ ինչ-որ առնչություն ունենալ, առաջին բանը, որ պետք է անի, ԼՂ պաշտոնական ներկայացուցիչներին լսելն է։ Ավելին՝ Ղարաբաղ այցելելը եւ հասարակ մարդկանց հետ հանդիպելը։
Նման հարցադրումներ, մասնավորապես, տարբեր զեկույցների հետ կապված, եղել են ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում՝ գնալ տարբեր տարածաշրջաններ եւ տեղում ուսումնասիրել իրավիճակը։ Կոնկրետ՝ Ուոլթերի հետ կապված, մի բան կարող եմ ասել. եթե ուզում է օբյեկտիվ եւ իրական պատկեր ստանալ, այսինքն՝ նպատակը ադրբեջանական շահերն առաջ տանելը չէ, այլ իրական մտահոգությունը մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների տարածման համար, առաջին հերթին պետք է հայտարարի, որ չի պատրաստվում առաջնորդվել սկզբնական փուլում զեկույցի անվանման մեջ ներդրված կարծրատիպերով՝ կլինի տեղում եւ իր աչքով տեսածի հիման վրա կկազմի իր զեկույցը։ Միգուցե նաեւ քաջություն ունենա փոխելու որոշման մեջ օգտագործված ձեւակերպումը։
-Արցախից հայտարարություններ եղան, թե անհնար է, որ զեկուցողը նման ձեւակերպմամբ ոտք դնի Արցախ։ Հայաստանի պատվիրակությունն էլ «հաստատեց», որ չի պատրաստվում համագործակցել անգլիացի պատգամավորի հետ։ Չհամագործակցե՞լն է ճիշտ, թե՞ միասին աշխատելով՝ զեկույցի շեշտադրումները հնարավորինս «բարեփոխելը»։
-Կարծում եմ, խնդիրը մի փոքր այլ կերպ է դրված՝ այդ ձեւակերպմամբ զեկուցողի հետ համագործակցություն չի լինելու։ Բայց ոչինչ չի խանգարում, որ Ուոլթերը վաղը փոխի զեկույցի անվանումը եւ դարձնի, ասենք՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»։
-Զեկուցողը իրավունք ունի՞ միանձնյա փոխել ձեւակերպումը, որին հավանություն է տվել քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնությունը։
-Երկու տարվա մեջ շատ հանգիստ կարող է փոխել, կարող է ընդհանրապես չգրել զեկույցը՝ հեղինակն ինքն է։ Իր իրավասությունների շրջանակում է՝ հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, փորձել հասկանալ նրանց մոտեցումները, պատկերացումները հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ, ուսումնասիրել փաստերը եւ ճշգրտել իր անելիքները։
Իմ խորհուրդն է նրան, որ հենց ինքը հրաժարվի զեկույցը նախապատրաստելու առաքելությունից՝ հասկանալով, որ իր թեկնածությունն ընդունելի չէ մեզ համար։ Իսկ եթե ոչ՝ գոնե հրաժարվի անվանումից։
Լիլիթ Պողոսյան












