ՈՐՔԱՆ ՔԻՉ ՀԱՅԵՐԵՆ, ԱՅՆՔԱՆ ԼԱ՞Վ
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը դիմել է մի շարք ատյանների, այդ թվում՝ նաեւ ՀՌԱՀ նախագահին՝ ներկայացնելով Հ2-ով հեռարձակվող «Գլենդել լայֆ շոու» հաղորդման ժամանակ իրենց նկատած խախտումները
Այդ կապակցությամբ մենք երեկ զրուցեցինք ՀՌԱՀ անդամ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Նախ ուզում եմ ասել, որ մեր առաջին եւ կարեւոր գործառույթը ոչ թե պատժել եւ վերահսկելն է, այլ հեռուստառադիոդաշտը կարգավորելը, որպեսզի այն լինի բազմազան, ազատ եւ առանց գրաքննության։
Ինչ վերաբերում է կոնկրետ հաղորդմանը, որտեղ, ըստ նախաձեռնության անդամների, կան էրոտիկ դրվագներ, ապա «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքում պարզ նշվում է, որ էրոտիկ բնույթի հաղորդումները, որոնց մեջ առկա անցանկալի դրվագները կարող են անչափահասների դաստիարակությանը, առողջությանը վնաս հասցնել, պետք է եթեր հեռարձակվեն ժամը 24։00-ից մինչեւ առավոտյան 6։00-ն:
Այդ հոդվածի վերջին պարբերությունում նշված է, որ համապատասխան չափորոշիչները պետք է սահմանվեն օրենքով: Որպես իրավաբան ասեմ` պետք է լինի դիսպոզիցիա, այլ ոչ թե հանձնաժողովը ինքնակամ որոշի` սա էրոտիկա է, որն ազդում է անչափահասի դաստիարակության վրա, իսկ սա` ոչ:
-Իսկ չափորոշիչները չկա՞ն:
-Ժամանակին նույն օրենքով չափորոշիչներ սահմանելու լիազորությունը վերապահված էր ՀՌԱՀ-ին, եւ համապատասխան մասնագետների հետ աշխատելով, հանրային քննարկումներից հետո բավական հաջող փաստաթուղթ պատրաստեցինք: Բայց, ելնելով մեր միջազգային պարտավորություններից, ըստ որի` արգելք պարունակող ցանկացած փաստաթուղթ պետք է լինի ամրագրված օրենքով (իսկ հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնության հնարավորություն չունի), չափորոշիչները համարվեցին առ ոչինչ:
-Իսկ ժամը 00-ին ՀՀ օրհներգը չհնչեցնելը խախտում չէ՞:
-Մի շարք հեռուստաընկերություններ ուղիղ եթերով հեռարձակում են միջազգային մշակութային, մարզական միջոցառումներ եւ այդ առումով հանդիպում են դժվարությունների: Բայց ամեն դեպքում, եթե կա խախտում, դրան պետք է հետեւի պատիժը: Այսօր գործում է մոտ 60 վերգետնյա հեռուստաընկերություն, եւ մեր հանձնաժողովը ֆիզիկապես ի վիճակի չէ տոտալ մոնիտորինգ անցկացնել: Սակայն ամեն դեպքում դա արվում է, ու մենք այս պահի դրությամբ նման խախտումներ չենք հայտնաբերել:
-Որոշ հաղորդումներ տրվում են ռուսերեն կամ այլ լեզվով՝ առանց թարգմանության: Դա «Լեզվի մասին» օրենքի խախտում չէ՞:
-Օրենքից բացի, կան միջպետական պայմանագրեր, օրինակ, ազգային փոքրամասնությունների լեզվի մասին, որտեղ կա նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի բաժինը: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզու են ճանաչվել ռուսերենը, եզդիերենն ու քրդերենը` միասին, հունարենը, ասորերենը եւ վրացերենը: Եվ այդ լեզուներով հաղորդումներում իրավունք չունենք լեզվի մասին օրենքի խախտում արձանագրել:
Ըստ Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ, «Ռադիոյի եւ հեռուստատեսության՝ մասին» օրենքը ունի նաեւ լեզվին վերաբերող հոդված, որն ավելի է հստակեցնում «Լեզվի մասին» օրենքի պահանջները.
-Այնտեղ նշված է, որ հեռուստահաղորդման լեզուն գրական հայերենն է, բացառություն է արվում ազգային փոքրամասնությունների համար, որոնց լեզուներով որոշակի ժամաքանակի հաղորդումներ պետք է հեռարձակվեն: Ռադիոյի եթերում դա ինչ-որ չափով կարգավորված է, ինչը չես ասի հեռուստատեսության մասին, որտեղ սկզբունքորեն ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդումներ չկան:
Եվ պարզապես զավեշտալի է որոշ հեռուստաընկերությունների արդարացումը, թե, իբր, ռուսերեն տրվող որոշ հաղորդումներ ուղղված են ազգային փոքրամասնություններին: Եթերը պետք է լինի հայալեզու, այն էլ` գրական մաքուր հայերենով: Մինչդեռ առանձին հեռուստաընկերություններ ոչ միայն կինոնկարներ են ցուցադրում ոչ հայերենով, այլեւ երբեմն ալարում կամ հարկ չեն համարում այլ լեզվով հանդես եկող մարդկանց խոսքը թարգմանությամբ ներկայացնել:
Ոչ մեկը չէր պատկերացնում, թե հնարավոր է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարը ներկայացնել հայերեն, բայց դա արվեց: Սակայն դրա կողքին «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչներից երկուսը խոսում են ռուսերեն: Եթե չեն տիրապետում հայերենին, պետք է ապահովվի համաժամանակյա թարգմանություն: Ընդ որում, այդ հաղորդումները տեսագրվում են, եւ մոնտաժի ժամանակ կարելի է դա ապահովել թարգմանությամբ: Պետք է մեզ հարգենք, հարգենք մեր լեզուն, մեր եթերի լեզուն:
Ավելի խայտառակ է ռադիոեթերի վիճակը: Կարծես մրցավազքի մեջ են. որքան քիչ հայերեն, այնքան լավ: Վերջերս հեռուստառադիոյի եթերի հետազոտություն ենք անցկացրել: Կան հայերենով հաղորդումներ, սերիալներ, որոնց լեզուն գուցե ավելի շատ է վնաս տալիս, քան թե որեւէ օտար լեզվով տրված հաղորդում: Այստեղ էլ լուրջ խնդիրներ ունենք` կապված գրական, մաքուր, վճիտ հայերենի հետ:
-Իսկ տեսչությունը կարո՞ղ է պատժել խախտողներին:
-Օրենքով վերահսկողական ամբողջ դաշտը պատկանում է ՀՌԱՀ-ին: Մենք ենթադրում էինք, որ այդ վերահսկողական գործառույթներից լեզվական մասը մեզ պետք է փոխանցվի, եւ այդ ճանապարհով պիտի կարողանանք իրականացնել օրենքների դրույթները: Արդեն երկու տարի է, ինչ շրջանառված օրենսդրական նախաձեռնություն ունենք, որը միտված է այս վիճակը շտկելուն, բայց այդ նախաձեռնությունը, ցավոք, շրջապտույտի մեջ է, առաջ չի գնում: Դե, իսկ հեռուստաընկերություններն էլ օգտվում են նման իրավիճակից:












