Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀՂԻՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 19, 2014թ. 22:09

Փորձում են կրճատել նպաստները

Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, ըստ որի նախատեսվում է կրճատել հղի կանանց նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը: Այն Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:
Այս նախագիծն աշխատող կանայք վրդովմունքով ու դժգոհությամբ են ընդունել եւ պատրաստվում են պայքարել, որպեսզի այն նախնական ձեւով չհաստատվի Ազգային ժողովում:
Այս կապակցությամբ զրուցում ենք «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան ՆՎԱՐԴ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ փոփոխություններ են նախատեսված առաջարկվող նախագծերով:

-Եթե նախկինում աշխատող կնոջը հղիության եւ ծննդաբերության 140-օրյա արձակուրդի համար վճարվում էր իր միջին աշխատավարձի չափով ժամանակավոր անաշխատունակության նպաստ, ապա նախագծով սահմանվում է մայրության նպաստ, որի գումարի չափը կախված պետք է լինի կնոջ վերջին աշխատանքի տեղում աշխատանքային ստաժից:
Վերջին գործատուի մոտ մինչեւ 1 տարի աշխատած կնոջը նպաստ է վճարվելու իր միջին աշխատավարձի 40%-ի չափով, 1-3 տարի աշխատած կնոջը՝ 60%-ի չափով, իսկ 3 տարուց ավելի աշխատած կնոջը՝ 80%-ի չափով: Այս գումարները ենթակա են հարկման եկամտային հարկով, իսկ պետական աշխատողների համար նաեւ վճարվելու են պարտադիր սոցիալական վճարներ: Այսինքն՝ այդ դեպքում նպաստի գումարները զգալիորեն կրճատվում են:

-Լավ, իսկ կառավարությունն ինչո՞վ է պայմանավորում իր այդ որոշումը:

-Բանն այն է, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է հղիության նպաստ վճարել նաեւ չաշխատող կանանց, որը կկազմի 230.000 դրամ: Եվ բալանսը պահպանելու համար կրճատվում են աշխատող կանանց տրվող նպաստի գումարները:

-Ստացվում է, որ կառավարությունը չաշխատող կանանց լավություն է անում ոչ թե իր, այլ աշխատող կանանց հաշվին:

-Այո: Իհարկե աշխատող կանայք դեմ չեն, որ հղիության նպաստ ստանան նաեւ տնային տնտեսուհիները: Նրանց դժգոհության պատճառն այն է, որ տվյալ նախագծի ընդունմամբ ոմանք շահելու են աշխատող կանանց հաշվին, այսինքն՝ ոմանց շահերը պաշտպանվում են մյուսների շահերի ոտնահարման գնով: Ուստի պահանջում են, որ նախագիծը վերանայվի:
Փաստորեն կառավարությունն այս քայլով խթանում է, որ հղիանալ պատրաստվող կանայք չաշխատեն, քանի որ, այսպես թե այնպես, իրենք գրեթե նույնքան նպաստ են ստանալու, որքան աշխատելու դեպքում: Իսկ դա ուղղակիորեն հակասում է մեր երկրի որդեգրած քաղաքականությանը, սոցիալական պետության գաղափարին:

-Կարծեմ նախագծով առաջարկվում է նաեւ սահմանափակել մայրության համար տրամադրվող նպաստի չափը, եթե կնոջ աշխատավարձը բարձր է:

-Օրինագծով նաեւ սահմանվում է վերին շեմ միջին աշխատավարձի այն չափի համար, որից հաշվարկվելու է մայրության նպաստը: Աշխատող մոր հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը՝ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում նախագծով սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով, երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:
Այսինքն՝ 500.000 դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատող կանայք կրկնակի տուժելու են հղիության արձակուրդ գնալիս, քանի որ չեն կարողանալու ստանալ համարժեք փոխհատուցում հղիության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում:
Նշեմ նաեւ, որ այս նախագծի փաթեթում ի սկզբանե ներառված է եղել երեխայի խնամքի նպաստի տեւողության կրճատումը՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը: Ներկայիս կարգավորմամբ նպաստը վճարվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Պետությունը փաստացի ազատում է իրեն 1 տարեկանից բարձր երեխաների նկատմամբ ցանկացած պատասխանատվությունից՝ հրաժարվելով նույնիսկ ներկայումս վճարվող խորհրդանշական 18.000 դրամի նպաստի տեսքով մասնակցությունից:

-Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ պաշտպանի գրասենյակում անցկացվել է քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ, եւ պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական եւ այլ իրավունքների սահմանափակման: Ինչի՞ մասին է խոսքը, եւ ընդհանրապես իրավական խնդիրներ առկա՞ են նախագծում:

-Նախագծի ընդունմամբ անուղղակիորեն սահմանափակում են կանանց՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, որն ամրագրված է սահմանադրության 32-րդ հոդվածով՝ կախվածության մեջ դնելով նրանց մայրության նպաստի չափը վերջին գործատուի մոտ աշխատանքային ստաժից:
Նախագծում ներառված դրույթները պարունակում են խտրական տարրեր՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով աշխատող կանանց նկատմամբ, այն էլ՝ օբյեկտիվ հիմնավորում չունեցող հիմքով: Խտրական մոտեցումը նախ վերաբերում է կանանց եւ տղամարդկանց միջեւ եղած ոչ հավասար իրավունքների ստեղծմանը:
Կինը հղիության ընթացքում չկարողանալով աշխատել՝ զրկվում է ստաբիլ եկամուտից, որը նա կունենար աշխատելու դեպքում, մինչդեռ տղամարդն այդ խնդրի առաջ չի կանգնում եւ ստանում է իր ամբողջական աշխատավարձը:

-Իսկ ի՞նչ եք նախատեսում անել, որպեսզի կա՛մ նախագիծը չհաստատվի անընդունելի տարբերակով, կա՛մ ընդհանրապես չհաստատվի:

-Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կմշակի օրենսդրական առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար, ինչով փորձ կարվի կանխել օրինագծի ներկայիս տարբերակով ընդունումը:
Բացի դրանից, աշխատող կանայք պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, եւ առաջիկա հինգշաբթի առաջին ակցիան կլինի կառավարության շենքի մոտ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն