ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՆՔ «ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈ՞ՒՄ
Վերջին օրերին նորից սկսում են բարդանալ ռուս-վրացական հարաբերությունները։
ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման Վրաստանի մտադրությունը կասեցնելու փորձերին օրերս գումարվել է նաեւ Աբխազիային Մոսկվայի ներկայացրած «Համագործակցության եւ ինտեգրացիայի» պայմանագրի նախագիծը, որով փաստորեն սկսվում է այդ հանրապետության ուղղակի ( եւ ոչ թե՝ ԵՏՄ-ով միջնորդավորված) ինտեգրումը Ռուսաստանի կազմի մեջ՝ ընդհանուր պաշտպանական, տնտեսական ու մշակութային համակարգերի ձեւավորման ճանապարհով։
Հոկտեմբերի 13-ին Աբխազիայի խորհրդարան մուտք գործած այս փաստաթղթով փաստորեն անկախացման գործընթացը փոխակերպվում է Ռուսաստանի հետ միավորման գործողության:
Վրաստանի արտգործնախարարության ու պաշտպանական գերատեսչության ղեկավարները արդեն խոստացել են «բավական ագրեսիվ քայլեր» ձեռնարկել Ռուսաստանի հանդեպ, բայց շուտով ճշտել են, որ իրենց խոսքն ամենեւին էլ ռազմական ոլորտին չի վերաբերում։
Ռուս-վրացական հակասությունների նոր թնջուկը ձեւավորվում է այն պայմաններում, երբ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործած Հայաստանը ինտենսիվ խորհրդատվություններ է սկսել իր անմիջական հարեւանի հետ՝ Եվրամիության հետ նրա ունեցած սերտ հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին «սինխրոնացնելու» նպատակով։ Հայաստանում Վրաստանի դեսպան Թ.Շարմանաշվիլին օրերս տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանին, որ այդ խնդրի լուծման համար նոյեմբերի 11-12-ը Երեւան է ժամանելու իր երկրի էկոնոմիկայի նախարարը։
Հայ-վրացական հարաբերությունների շրջագծում միանգամայն իրական դարձող փոխշահավետ լուծումներ գտնելու հեռանկարի գոյության պայմաններում վերստին զգալ է տալիս ռուս-վրացական հարաբերությունների չկարգավորվածությունը։
Այս համատեքստում Հայաստանում Վրաստանի դեսպանն իր վերջին հարցազրույցում կատարել է էական նշանակություն ունեցող վերապահում՝ «Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ մենք չենք խոսի։ Հայաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ խոսելու ենք Երեւանի հետ։ Մեր երկկողմ հարաբերությունները մեր երկկողմ հարաբերություններն են, իսկ թե հետո ինչ-որ մեկը կցանկանա ինչ-որ բան հստակեցնել իր դաշնակցի հետ, դա արդեն իր գործն է»,- բազմանշանակ եզրափակել է Թ.Շարմանաշվիլին։
Ստացվում է, որ, մի կողմից, կարելի է վստահ լինել հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրությանն ու կայունությանը, բայց, մյուս կողմից էլ, պետք է նախապես նկատի ունենալ ռուս-վրացական հարաբերություններում հնարավոր լարվածության նոր դրսեւորումները։
Հայ-վրացական հարաբերությունները կարող են իդեալական լինել, բայց եթե շարունակվի խորանալ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման հարցով սկսված եւ ռուս-աբխազական «Համագործակցության եւ ինտեգրացիայի» պայմանագրի դրույթներով թեժացած երկկողմ բանավեճը, ապա արդեն առաջիկա ձմռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք հերթական անգամ հայտնվել «անմեղ մեղավորի» կարգավիճակում։
Որովհետեւ եթե նախկինում Լարսի ռուս-վրացական սահմանադռան ժամանակավորապես փակվելը դիտվում էր սոսկ որպես երկկողմ դիմակայության արտահայտություն, ապա այժմ այն կարող է վերածվել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամի փաստացի շրջափակման։ Եվ անկախ Հայաստանում Վրաստանի դեսպանի վերջին հավաստիացումներից՝ նման վտանգ իսկապես գոյություն ունի, քանի որ ռուս-աբխազական պայմանագրի նախագիծն արդեն քննարկվել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպման ժամանակ։
«Ես փորձեցի բացատրել ռուսաստանյան կողմին, որ այդպիսի որոշումը Վրաստանում գնահատվելու է որպես Վրաստանի տարածքի անեքսիա՝ միջազգային ասպարեզում դրանից բխող բոլոր հետեւանքներով»,-նախազգուշացրել է Զ. Աբաշիձեն։
Դժվար չէ հասկանալ, թե Ռուսաստանին անեքսիայի մեջ մեղադրող Վրաստանը հասկանալի պատճառներով ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու դեպքում ինչպես է «պատժելու» Մոսկվային։ Հասկանալի է, որ կարող են կրկին սառեցնել բոլոր մակարդակի երկկողմ շփումները, իսկ ահա հայաստանյան բեռնափոխադրողներին նորից «գործուղել» դեպի Փոթիի ու Բաթումի նավահանգիստներն ու նրանցով իրականացվող ծովային փոխադրումների դժվարին ուղին։
Ուրեմն չպետք է ոգեւորվել, որ հայ-վրացական հարաբերություններում միշտ էլ գտնվում են փոխզիջումային լուծումներ։ Հարկավոր է իրավիճակին նայել ավելի լայն ու համապարփակ եւ այսօրվանից մտածել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամի կարգավիճակը Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի վերակենդանացման համար օգտագործելու մասին, մանավանդ որ ներկայումս Թեհրանում է գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։
Եթե նախկինում այդ երկաթգծի շինարարության համար անհրաժեշտ մոտավորապես 1,5 միլիարդ դոլարը խոշոր գումար էր համարվում մեր երկրի ու նրա պոտենցիալ գործընկերների համար, ապա ներկայումս հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մասշտաբներն ու հնարավորությունները, դա հավասար է Ռուսաստանի կողմից Բելառուսի կամակոր նախագահին պարբերաբար տրվող «մեկանգամյա կաշառքի» գումարին։
Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ Իրանի ու նաեւ Եվրասիական տնտեսական միության ասիական հատվածի համար նման նախագիծը կարող է գրավիչ լինել Հայաստանում առկա տնտեսական հզորությունները գործարկելու եւ մի կողմից՝ դեպի սեփական տարածք, իսկ մյուս կողմից էլ դեպի հարավային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
Այնպես որ պատժամիջոցների ու շրջափակումների բազում սխեմաների գործարկման հեռանկարներով հագեցած առաջիկա ձմեռը հարկ է նոր հնարավորություններ փնտրելու պատեհ առիթ դարձնել։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












