Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Հոկտեմբեր 21, 2014թ. 00:34

Հետաքրքիր է, բայց անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ իբրեւ թե մաքսակետ տեղակայելու միանգամայն շինծու հարցը շատ ավելի հաճախ արծարծվեց մամուլում ու զանազան-զարմանազան կայքերում, քան աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Հարկավ, այդ օրը հեռուստալուրերով անդրադարձեր եղան, լրահոսում հիշատակվեց փաստը եւ՝ վերջ: Կարելի է կարծել, թե օրումեջ Հայաստան ու Արցախ այցելում են համաշխարհային մեծության նման հայտնի դեմքեր, համերգներ ու հանդիպումներ ունենում ու դա ընթացիկ, սովորական մի բան է: Խոսքը միայն լրատվական մատուցման մասին չէ, այլ ընդհանուր հանրային ընկալման, արժեւորման եւ գնահատականի:
Անհեթեթ է, բայց մի հեռուստանախագծում սովորական մի երգչուհու ոտքի շարժումն, օրինակ, երեկ սոցցանցերում թիվ մեկ թեմա էր ու քննարկման, ավելին՝ ապշեցուցիչ լրջության «վերլուծությունների» առարկա: Իսկ նույն Մոնսերատ Կաբալիեի իսկապես կարեւոր ու վստահաբար մեծ նշանակություն ունեցող այցը՝ այնպես, թեթեւակի հիշատակման առիթ:
Իսկապես, որքան հեղհեղուկ կարող է լինել արժեքային կողմնորոշման նշագիծը՝ զանգվածային ընկալումների կամ արծարծումների առումով:
Ի դեպ, այսպես կոչված, «մաքսակետի» մասին:
Թեման հայտնի է. առանձին վերլուծաբաններ, ծանոթանալով ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծին, հանգել են եզրակացության, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ պիտի լինի: Ոչինչ, որ տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ նման բան չկա: Վերլուծաբանները հենց նեղն են ընկնում, «օգնության» են կանչում Ղազախստանի նախագահ Նազարբաեւին ու նրա ալիեւահաճո արտահայտությունները:
Ինչեւէ: Երբ հետեւում էի այդ «թեմայի» զարգացումներին, այնպիսի տպավորություն էր, որ հենց Հայաստանում մարդկանց մի շրջանակ, իշխանություններին «քլնգելու» այլ թեմա չունենալով կամ գուցե մեկ այլ պատճառով, շատ ավելի շահագրգռված է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ լինի, քան, ասենք, նույն Նազարբաեւը:
Չէ, իսկապես հարց է ծագում. մեզ այդքան անհրաժե՞շտ է «քչփորել» այդ՝ արհեստականորեն հյուսված թեման, թե՞, հակառակը, պետք է համատեղ ջանքերով «քնեցնել» այն: Եվ այնպես, որ ցանկացած օտարի համար առավել քան հասկանալի դառնա՝ ի՜նչ մաքսակետ-մուքսակետ, չլինող բան է, որովհետեւ հայերը Հայաստանի ներսում մասքակետ չեն դնի, դնեն էլ՝ դա բուտաֆորիա է լինելու, եւ ընդամենը:
Նման հարցերում, ախր, ո՛չ կուսակցական պատկանելության խնդիր կա, ո՛չ իշխանության-ընդդիմության: Բայց չէ: Մերոնց հացուջուր մի տուր, թեթեւ «ցեց» գցիր ու տես, թե նրանք դրանից մի ի՜նչ համաշխարհային պրոբլեմ կսարքեն: Եվա Ռիվասի ոտքի շուրջ երեկվա սեւեռուն դրսեւորումները որպես օրինակ:
Իսկ մինչ այս, մինչ այն, տեղի են ունենում իրադարձություններ, որ իրենց մշակութային, քաղաքակրթական, ինչո՞ւ ոչ, նաեւ քաղաքական բովանդակությամբ, ներուժով բազմապատիկ ավելի կարեւոր են, քան ինչ-որ մի մաքսակետ կամ որեւէ օտար պետության որեւէ ղեկավարի մի ինչ-որ արտահայտություն: Ինչ արժե, ասենք, Եվրախորհրդարանում Արցախի բարեկամների խմբի ստեղծումը, որ նույնպես էական ձեռքբերում է, անկասկած:
Սակայն քարոզչական բադիկների հետեւից ընկած քանքարները նման «մանրուքներ» նկատելու գլուխ չունեն: Կամ էլ ժամանակի հետ արդեն գրեթե ռեֆլեքս է դարձել գերազանցապես երկրորդական հանգամանքները կարեւորելը: Բայց դա թողնենք:
Գալով հիմնականին՝ թույլ տանք մեզ նկատել, որ Մոնսերատ Կաբալիեի այցը ինքնին էական էր, նախ այն տեսանկյունից, որ, ինչպես հիշում եք, անցյալ տարվա հունվարին Արցախ մեկնելուց հետո, ադրբեջանական իշխանություններն այնքան անուղեղ գտնվեցին, որ աշխարհահռչակ երգչուհուն, որը նաեւ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, ներառեցին իրենց տխրահռչակ «սեւ ցուցակի» մեջ: Նման «ցուցակագրումն» ինքնին ծիծաղելի է:
Իսկ Մոնսերատ Կաբալիեն, որ դեռ նախորդ այցի ժամանակ տպավորվել էր Արցախ աշխարհի քրիստոնեական ժառանգությամբ, բնությամբ եւ մարդկանցով, պարզորոշ ու գործնականում հասկացրեց, թե ինչն է իրեն համար ավելի կարեւոր, եւ որ ինչ-որ սեւ ցուցակներում իր անունը գրելը բացարձակապես որեւէ արժեք չունի:
Եթե կուզեք, ապա Արցախի միջազգային ճանաչման տեսանկյունից նման քայլերն անհամեմատ ավելի մեծ արժեք ունեն, քան այս կամ այն քաղաքական գործչի որեւէ արտահայտություն: Համենայն դեպս Մոնսերատ Կաբալիեի քայլը հուշում է, որ մշակույթի, արվեստի համաշխարհային մեծությունների ներգրավման առումով կարելի է եւ պետք է քայլեր ձեռնարկել, օգտագործել այդ հնարավորությունը:
Առավել եւս, որ Հայոց միջնաբերդ Արցախը թե՛ մշակույթի, թե՛ արվեստի, թե՛ ճարտարապետության, թե՛ առհասարակ քաղաքակրթական առումներով ներկայանալու շատ բան ունի: Եթե կուզեք, դա մեր ամենագործուն հակակշիռն է ադրբեջանական նավթադոլարների դեմ: Ի վերջո, կան բաներ, որ ոչ մի նավթադոլարով չեն գնվում եւ վաճառվում:
Մոնսերատ Կաբալիեի արարքը ասվածի ամենավառ ու թարմ ապացույցն է: Հարցը միայն Արցախ այցելելը չէ: Նախորդ այցի արդյունքը եղավ անցյալ տարվա դեկտեմբերին երգչուհու թողարկած «Հայաստան-Արցախ. քրիստոնեության կղզյակ» երաժշտական ալբոմը, որտեղ, ի լրումն, ներկայացված է նաեւ Արցախի 7 վանքերի ու եկեղեցիների պատմությունը: Ու հենց այդ շնորհանդեսի ժամանակ էլ, որ տեղի էր ունեցել Փարիզում, Մոնսերատ Կաբալիեն խոստացել էր եւս մեկ անգամ այցելել Արցախ՝ այս անգամ նաեւ համերգային ելույթ ունենալու համար:
Եվ դա տեղի ունեցավ: Ստեփանակերտի կենտրոնում բացված տեսարանը, երբ հազարավոր ունկնդիրներ լցրել են Վերածննդի հրապարակը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանի գլխավորությամբ, իսկ բեմից, Մոնսերատ Կաբալիեի ուղղակի հիասքանչ կատարմամբ հնչում է Կոմիտասի «Կռունկը», մի տեսակ մոգական ու անդիմադրելի լիցք կամ ավելի շուտ ազդակ ուներ: Դա իսկապես հզոր դրսեւորում էր:
Առավել եւս, որ Մոնսերատ Կաբալիեն ոչ միայն համերգով հանդես եկավ, այլեւ ներկա գտնվեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վերաբացմանը (նորոգումից հետո): Այստեղ, հասկանալի է, թերեւս, երգչուհու անունը կրող դասարան է նաեւ բացվել, ու հետաքրքիր է, որ Մոնսերատ Կաբալիեն խոստացել է լավագույն մասնագետների հրավիրել Արցախ, որպեսզի նրանք վարպետության դասեր անցկացնեն քոլեջի սաների հետ:
Չգիտեմ, թե այլոց դեպքում ինչպես, բայց կոնկրետ Մոնսերատ Կաբալիեի այս այցը, Ստեփանակերտում ունեցած համերգը, ընդհանուր ֆոնն ու մթնոլորտը, որ կար հանրահայտ երգչուհու այցի ընթացքում, իսկապես ոգեւորիչ մեծ լիցք ունեն:
Մնում է միայն, որ մենք էլ, մեր մեծամասնության մեջ, կարողանանք կարեւորը, էականը զատել անկարեւոր ու անէականից:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն