Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԴՈՒԴՈՒԿԻ ԿԵՆՏՐՈՆ ԼԻՆԻ

Հոկտեմբեր 21, 2014թ. 00:48

Դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ օրերս է վերադարձել Պորտուգալիայից, որտեղ գտնվում էր «Գյուլբենկյան» կենտրոնի հրավերով: Նա հոկտեմբերի 12-ին հանդես է եկել «Շողակն» համույթի կազմում, իսկ հոկտեմբերի 17-ին կատարել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի երկու ստեղծագործությունը:

-«Շողակն» համույթի մենակատարներ Հասմիկ եւ Ալիկ Հարությունյանների հետ ներկայացրինք Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառների, շրջանների պարերը, օրորոցային, ժողովրդական, աշուղական երգերը:
Իսկ դասական երաժշտության համերգի ժամանակ ինձ նվագակցում էին հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը` Մարո Մուրադյանի տղան, որը վաղուց ապրում է Լիսաբոնում, ինչպես նաեւ տեղաբնակ Նարինե եւ Մարինա քույրերը: Նրանք Հայաստանից արտագաղթել են 15-20 տարի առաջ, իսկ այսօր նվագում են Լիսաբոնի «Գյուլբենկյան» հիմնադրամից ֆինանսավորվող նվագախմբում, շատ հայտնի, հարգված երաժիշտներ են Եվրոպայում:

-Հիմնադրամի ղեկավարները հայե՞ր են:

-Պորտուգալացիներ են, բայց կա փոքրիկ հայկական բաժանմունք, որը ինչ-որ ծրագրեր է իրականացնում, որքան գիտեմ, օրինակ, Հայաստանի ԳԱԱ-ին է համեստ օգնություն տրամադրում… Իսկ հիմնադրամի միջոցներով հայկական համերգ վերջին շրջանում միայն անցյալ տարի էր եղել: Վերջերս փոխվել է հայկական բաժանմունքի ղեկավարը, որը հաճելի տպավորություն թողեց, ու ես հասկացա, որ մարդու անձից էլ է շատ բան կախված:

-Ինչպե՞ս ընդունեցին դուդուկի կատարումները:

-Աշխարհի ամենալավ դահլիճներում նվագել եմ, բայց կհամարձակվեմ ասել, որ հնչողության առումով այդպիսի դահլիճ չէի տեսել: Նվագել ենք առանց միկրոֆոն, դասական գործիքներով, ու երաժշտությունը բոլոր նրբերանգներով լսվում էր դահլիճի ցանկացած անկյունում (ես նաեւ որպես հանդիսատես եմ եղել դահլիճում): Ե՛վ նվագողն էր մեծ բավականություն ստանում, ե՛ւ հանդիսատեսը: Մի խոսքով` գումարներ չեն խնայել, որ դահլիճը կատարյալի հասցնեն:
Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա, եվրոպական շատ երկրների, ԱՄՆ-ի համեմատ, զարմանալիորեն դուդուկի մասին շատ բան չգիտեին, եւ պորտուգալացիներից շատերի համար դուդուկը հայտնություն էր: Սակայն շատ լավ ընդունեցին, հանդիսատեսը ջերմ էր, առանձնահատուկ: Պորտուգալացիներն ընդհանրապես հայի նման զգացմունքային են` պոռթկումներով հանդերձ: Նեղ երաժշտական շրջանակները գիտեն դուդուկի մասին, բայց լայն հասարակությունը տեղյակ չէ, դրա համար պետք է շատ շփումներ, համերգներ լինեն աշխարհի տարբեր երկրներում:

-Իսկ մեզ մոտ հավուր պատշաճի, պրոֆեսիոնալ մակարդակով դուդուկը ներկայացվո՞ւմ է:

-Այստեղ միայն դուդուկի մասին չէ խոսքը, կան բաներ, որոնք կարելի է ավելի լավ անել: Չեմ ուզում բողոքողի, գանգատվողի տպավորություն թողնել, վատ գույներով ներկայացնել վիճակը, բայց չի կարելի զարմանքով չնկատել, որ Երեւանում դուդուկի ակադեմիա, դպրոց չկա: Մինչդեռ, օրինակ, Լիոնի կոնսերվատորիայում դուդուկի բաժին է բացվել, Ֆրանսիայում ցանկանում են դուդուկի փառատոն անցկացնել:

-Մեզ մոտ էլ փառատոն անցկացվեց:

-Դա շատ քիչ է: Հայաստանում պետք է դուդուկի կենտրոն լինի, որովհետեւ աշխարհի շատ երաժիշտներ, դուդուկահարներ հետեւում են Հայաստանի գործընթացներին:
Հասկացանք` դուդուկի արմատները ոչ միայն մեր հողում, այլեւ մեր հոգում են, բայց պետք է այդ ամենին ավելի գործնական, ավելի, այսպես ասած, պրագմատիկ տեսք տրվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ մեծ կենտրոն, համերգային դահլիճ, հարուստ գրադարան, ձայնագրման ստուդիա, պետք է ուսուցողական դասընթացներ անցկացվեն: Աշխարհի շատ կոմպոզիտորներ դուդուկի համար գործեր են գրում, եւ հարկավոր է դրանք փորձարկել մասնագիտորեն, ընտրել լավագույնները: Այսինքն` անհրաժեշտ է աշխատանքային գործընթաց:
Մինչդեռ շատ դեպքերում պարզապես խմում ենք դուդուկի կենացը, եւ ուտել-խմելու մակարդակով էլ վերջանում է ամեն ինչ: Կենաց խմելուն դեմ չեմ, բայց երաժշտասեր հասարակությունը թե՛ ներսում, թե՛ դրսում լուրջ քայլերի է սպասում: Դուդուկը միայն կենցաղային տաշի-տուշիներով չի սկսվում ու ավարտվում: Թող դա էլ լինի, թող տարբեր առիթներով նվագեն, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց պետք է դուդուկահարներ պատրաստվեն, աշխատանք տարվի վաղվա օրվա համար:
Թե չէ վաղը, մյուս օրը շատ այլ երկրներում կբացվեն դպրոցներ, գուցե կենտրոններ, մենք էլ կասենք` վայ, դուդուկը մերն է եղել: Ու կսկսենք գրել թերթերում, խոսել այդ մասին հեռուստաեթերից: Քամանչան էլ է մերը եղել, բայց եթե արդեն նվագող չկա, ի՞նչ անես: Երբ խոսում ենք այս մասին, ահազանգում, ոմանք պատասխանում են` դեռեւս դրա ժամանակը չէ: Իսկ ժամանակը շատ արագ է գնում, ինչո՞ւ, ինչի՞ սպասենք: Չէ՞ որ դուդուկը ոչ միայն գործիք է, այլեւ պատմություն է, ռազմավարություն, ինչու ոչ, դիվանագիտություն:
Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչեց դուդուկը որպես հայկական ոչ նյութական արժեքների գլուխգործոց, գրեթե նույն ժամանակահատվածում Ադրբեջանի մուղամը ճանաչվեց այդ երկրի ոչ նյութական արժեք: Եվ մուղամի կենտրոն ստեղծելու նպատակով Ադրբեջանը յոթհարկանի շենք հատկացրեց ժամանակակից բոլոր պայմաններով:

-Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող միջոցառումներին` ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր, որ կարելի է, օրինակ, Ապրիլի 24-ին 50 դուդուկահարով ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

-Եթե 50 կամ նույնիսկ 60 դուդուկահարի մասին է խոսքը, շատ լավ առաջարկ է: Գաղափարը լավն է, ես էլ նման մի բան մտածում էի:

Ի դեպ, մեր հարգարժան վարպետ Ջիվան Գասպարյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ սեպտեմբերի 27-ին` Լոզանում, որտեղ երկուսս էլ համերգի էինք մասնակցում. մի բաժնում ինքն էր նվագելու, մյուս բաժնում` ես: Մեր զրույցը շատ կարճ էր: Ամեն դեպքում ես պատրաստ եմ նրա հետ մեծ սիրով ներկայացնել մեր դուդուկը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն