«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԿԼՈՐ ՇԵՆՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ Է ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ
Օրերս DOCOMOMO international-ի (շինությունների, տեսարժան վայրերի եւ քաղաքաշինության օբյեկտների փաստագրման եւ կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքի բարձր կոչում եւ վաստակ ունեցող ճարտարապետները հանդես են եկել կոչով՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի շենքի պահպանման համար, քանի որ այդ շինության արժեքը ժամանակակիցների եւ սերունդների համար անառարկելի է։ Ճարտարապետներն իրենց մտահոգությունն են հայտնել այն կապակցությամբ, որ շենքի ճակատագիրն այսօր էլ անորոշ է, չնայած շենքը չքանդելու մասին կառավարության որոշմանը:
Նամակում ճարտարապետները բարձր են գնահատել շինության դերն ու նշանակությունը համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ՝ համարելով, որ շինությունը ներառված է ողջ մարդկությանը պատկանող ճարտարապետական եւ մշակութային ժառանգության ոսկե ֆոնդում. «Ռուսաստանի եւ աշխարհի ճարտարապետական հանրությունը ծայրահեղ մտահոգված է իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունից։ «Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն Երեւանի եւ ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշն է, այլեւ խորհրդային մոդեռնիզմի ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է ողջ աշխարհում։
«Զվարթնոց» օդանավակայանը՝ անկասկած XX դարի ճարտարապետների մեծագույն նվաճումներից մեկը, ստացել է ողջ աշխարհում ճարտարապետության ոլորտի մասնագետների բացարձակ եւ արժանի ճանաչումը, դրա նախագիծը բազմիցս հրապարակվել է ժամանակակից ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցների թվում»:
«Զվարթնոցի» շինության հանդեպ միջազգային մասնագիտական հանրության հետաքրքրությունն ու դրա ճակատագրով մտահոգությունը նոր չեն: Դեռ այն ժամանակ էլ, երբ քննարկվում էր շենքի լինել-չլինելու հարցը, մի շարք միջազգային կառույցներ նամակներ էին հղում Հայաստանի կառավարությանը՝ հորդորելով ավելի սրտացավ լինել սեփական մշակութային արժեքների հանդեպ եւ տուրք չտալ բիզնես շահերին: Գուցե նաեւ այդ նամակների շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել ուղեւորային հին համալիրի քանդման գործընթացը:
Բայց անգամ այդ դեպքում այսօր շենքը, կարելի է ասել, հանձնված է բախտի քմահաճույքին. ո՛չ պետությունը, ո՛չ օդանավակայանը 30 տարով վարձակալելուց հետո դրա հոգածությունը ստանձնած սեփականատերը չեն զբաղվում շենքի վերանորոգման ու արդիականացման հարցերով՝ այդպիսով վտանգելով նրա գոյությունը:
Բավական ժամանակ է անցել այն օրվանից, երբ ճարտարապետների, հանրության եւ Հանրային խորհրդի միջամտությամբ կառավարությունը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը պարտադրեց հրաժարվել շինությունը հողին հավասարեցնելու մտադրությունից:
Քաղաքային իշխանությունները նույնպես դեմ եղան շենքը քանդելուն, եւ նրանց նախաձեռնությամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր շենքը եւ եզրակացություն տար, թե ինչ գործառույթով կարելի է այն շահագործել, եւ թե ինչ շինաշխատանքներ պետք է այնտեղ կատարվեն՝ կլոր շենքին ավելի ապահով ու արդիական տեսք տալու համար:
Սակայն մինչ օրս աշխատանքային խումբը որեւէ եզրակացություն չի ներկայացրել ո՛չ ճարտարապետների միությանը, ո՛չ էլ «Հայնախագիծ» ընկերությանը, որոնք իրենց մասնագիտական աջակցությունն են առաջարկել շինության վերանորոգման ու վերակառուցման հարցում:
«Հայնախագծի» փոխտնօրեն ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԻ հավաստմամբ՝ աշխատանքային խումբն առայժմ ոչ մի էական ու գործնական քայլ չի իրականացրել, եւ այդ ծրագիրը սառեցված է. «Խումբն իբր բանակցություններ է վարում քաղաքաշինության նախարարության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, քաղաքապետարանի հետ, բայց այդ բանակցությունները հետկուլիսային են եւ ոչ պաշտոնական, ասել է թե՝ որեւէ լուրջ ծրագիր իրագործելուն միտված չեն»:
Փաստորեն աշխատանքային խումբը ստանձնած պարտավորությունները չի կատարում, ինչին, Սաշուր Քալաշյանի կարծիքով, խանգարում է կոնցեսիոների բիզնես շահը: Հավանաբար նա խոչընդոտում է, որ կլոր շենքի հետ կապված որեւէ ուսումնասիրություն իրականացվի եւ հետագայում իրեն պարտադրվի շենքը վերանորոգելու եւ այլ գործառույթով շահագործելու պարտավորությունը:
Բանն այն է, որ կառավարության՝ շենքը չքանդելու որոշումից հետո բանավոր հանձնարարություն եղավ կոնցեսիոներին եւս մեկ անգամ քննարկել շենքի պահպանության հարցը, թեեւ մինչ այդ օդանավակայանի սեփականատերը հայտարարել էր, որ ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման համար, ինչպես նաեւ պատասխանատվություն չի կրի որեւէ վթարի դեպքում:
Եվ երբ հայ ճարտարապետները քննարկման համար հանդիպեցին սեփականատիրոջ հետ, նա խոստացավ, որ կմտածի այդ մասին եւ իր առաջարկը կներկայացնի: Գրեթե կես տարի է անցել այդ օրվանից, բայց դեռ որեւէ տրամաբանական առաջարկ չի ներկայացվել:
«Հայնախագծի» փոխտնօրենը կարծում է, որ այդպես օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ժամանակ է շահում, մինչեւ կլոր շենքի շուրջ բոլոր կրքերը կհանդարտվեն, եւ հասարակությունն էլ կմոռանա դրա մասին, ու ինքը կկարողանա վերջապես իրականացնել իր ծրագիրը։ Գաղտնիք չէ, որ պարոն Էռնեկյանը օդանավակայանն ընդլայնելու եւ տրանզիտային գոտի հիմնելու ծրագիր ունի, իսկ հին ուղեւորային համալիրը ոչ մի կերպ չի տեղավորվում իր այդ ծրագրի մեջ:
Մյուս կողմից էլ ճարտարապետի համար մտահոգիչ է, որ կլոր շենքը հանելով պատմամշակութային շինությունների ցանկից՝ այն ոչնչացնելու մտադրությամբ, նորից չեն ներառել այդ ցանկում: Դա եւս խոսում է կլոր շենքի գլխին պատուհաս բերելու հեռահար մտադրությունների մասին: Գուցե նաեւ դիտավորությամբ է ժամանակը ձգձգվում համալիրը վերանորոգելու համար, քանի որ այն տարիներ շարունակ չշահագործվելու ու պատշաճ մակարդակով չպահպանվելու պատճառով անմխիթար վիճակում է հայտնվել, եւ ամեն անցնող օր ի վնաս շենքի է: Այդպես ժամանակը ձգձգելով՝ մի օր իսկապես «Զվարթնոցն» այն վիճակում կհայտնվի, որ այն վերանորոգելն անիմաստ կդառնա:
«Շենքը վերացնելով՝ շահում է ե՛ւ օդանավակայանի սեփականատերը, ե՛ւ կառավարությունը, տուժողը միայն հասարակությունն է: Ուստի հարկավոր է այսօր էլ հասարակական բողոքի ալիք բարձրացնել ու ճնշում գործադրելով պահանջել տեր կանգնել հին ուղեւորային համալիրին՝ առանց ժամանակ կորցնելու: Այլապես շինությունը քանդելուց փրկելու համար բոլորիս նախաձեռնությունն անավարտ կմնա:
Պետք է շենքի օգտագործման համար լավագույն բիզնես պլանի մրցույթ հայտարարել: Եվ քանի որ կառավարությունը այդ շինությունն անարժեք է համարում, ուստի կարծում եմ՝ իր համար դժվար չի լինի այդ «անարժեք» շինությունը նվիրել բիզնես պլանի հեղինակին՝ նախապայմանով, որ շենքը շահագործվելու է ըստ պատշաճի ու նշանակության»,- ասում է Սաշուր Քալաշյանը:
Միայն թե հարց է առաջանում. եթե կոնցեսիոներն օդանավակայանի ողջ տարածքի հետ կապված այլ ծրագրեր ունի՝ կհանդուրժի՞ այլ սեփականատիրոջ ներկայությունը իր տարածքում: Հավանաբար ոչ։
Ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ հավաստում է, որ հին ուղեւորային համալիրը հիմա էլ կարող է ծառայել փոքր ավիացիայի զարգացմանը: Քանի որ կառավարությունը հեռահար նպատակ ունի վերաբացելու մարզերում ժամանակին կառուցված փոքր օդանավակայանները, ուստի կլոր շենքը կարող է ծառայել այդ օդանավակայաններին սպասարկելու համար:
Բացի դրանից, նա համոզված է, որ այդ շինությունը կարող է կիրառելի լինել Հայաստան-Ռուսաստան չվերթերի դեպքում՝ սպասարկելով Ռուսաստանից ժամանած օդանավերին: Եվ այդ գործընթացը կվերահսկի պետությունը, քանի որ կլոր շենքը պետության հոգածության տակ է: Ուստի ճարտարապետն անհեթեթություն է համարում շինությունն այլ գործառույթով կիրառելը, երբ կարելի է այն շահագործել իր բուն նպատակով եւ դրանից եկամուտներ ստանալ պետական գանձարանի համար:
Բայց նա համոզված է, որ օդանավակայանի ներկայիս սեփականատերը նման մրցակցություն չի հանդուրժի եւ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ շինությունն օգտագործվի պետական կարիքների համար՝ լավ հասկանալով, որ այսօր չվերթերը հիմնականում դեպի Ռուսաստան են, ու շահույթի առյուծի բաժինը հենց այդ չվերթերն են ապահովում: Ուստի, ըստ ճարտարապետի, կոնցեսիոների համար լավագույն լուծումը կլինի այն, որ շինությունը պարզապես քանդվի, իսկ փոխարենը կառուցվեն տարածքներ, որոնք ավելի շատ եկամուտներ կապահովեն գործարարի համար:
Ինչպես իրենց նամակում նշել են ռուս ճարտարապետները՝ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի համալիրները կարող են ադապտացվել եւ վերասարքավորվել նոր պահանջների ու պայմանների համաձայն, ինչի օրինակները կան ողջ աշխարհում: Եթե ոչ որպես օդանավակայանի մասնաշենք, ապա գոնե որպես թանգարան:
Այդպես ժամանակին վերափոխեցին ու այլ գործառույթների համար ծառայեցրին Վաշինգտոնի օդանավակայանը, որն ավելի հին էր, քան մեր «Զվարթնոցը»: Իսկ Փարիզում գործող երկաթուղային կայարանը, երբ դադարեց գործել իր նշանակությամբ, վերածեցին գեղանկարչության եւ քանդակագործության թանգարանի: Այսօր այն հայտնի է որպես Օրսեի թանգարան եւ համարվում է Ֆրանսիայի երրորդ, իսկ աշխարհի տասներորդ թանգարանը՝ իր մշակութային արժեքով:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












