Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»
Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունն իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը:
Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը:
1. Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահը օգտագործել է «1915-ի դեպքեր» ասելաձևը:
2. Քննադատել է իր նախորդների դասական ուրացման ռազմավարությունը:
3. Հստակ է դարձրել, որ իր պետությունը առանձնահատուկ եղանակով պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցերով:
4. Թուրք գիտնականներին կոչ է ուղղել ուսումնասիրելու 1915-ի դեպքերը:
5. Կանխել է այդ ուսումնասիրությունների արդյունքը` հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանությունը»:
Հինգ կետերն էլ հիմնական նորություն չեն բերում Անկարայի ժխտողական քաղաքականության դրսևորումների ընդհանուր հոլովույթին: «1915-ի դեպքեր» ասելաձևը վաղուց է, որ օգտագործվում է ժխտողականության բառապաշարում և առանց ուղղակի հայտարարելու, ուրացման դասական մոտեցումը արդեն իսկ ենթարկվել էր մարտավարական հիմնական փոփոխության: Չխոսելու փոխարեն ավելի համարձակ մարտահրավեր նետել ուսումնասիրողներին և մինչև իսկ պաշտոնական առաջարկներ կատարել հայ և թուրք պատմաբանների միացյալ հանձնախումբ ստեղծելու` քննարկումների անժամկետ գործընթաց սկսելու և այդպիսով ճանաչման արշավը խոչընդոտելու:
Վերջին կետը ևս մինչև այժմ տարբեր մակարդակների վրա օգտագործված հակազդեցություն էր: Սակայն եթե պահենք իրադրությունների քաղաքական տրամաբանության հետևողականությունը, կարող ենք հանգիստ ընդգծել հիմնական հակասությունները:
Դեռևս երեկ էր, որ իր վարչապետության վերջին շրջանում Էրդողանը խոսում էր ընդհանուր ցավի մասին, ընդհանուր զոհերին ցավակցություն էր հայտնում և նշում, որ իրենք գիտակցում էին, որ ապրիլի 24-ը հայության համար ամբողջ աշխարհում կարևորություն ներկայացնող օր է: Հիմա Թուրքիայի նախագահը ակունքների վերադարձ է կատարում: Հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանություն»: Պետք է վերաշարադրել նշանավոր ցավակցագիրը և այն հասցեագրել միայն թուրքերին, որոնք զոհ գնացին հայերի կողմից գործադրված ցեղասպանությանը: Սա հակասում է միայն ցավակցագրով դրսևորված մարտավարությանը. կա ավելին:
Անկարան երկար ժամանակ է, ինչ միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ իբրև հարցի լուծման համար առաջարկ կատարող և հայկական կողմից համապատասխան ընդառաջում չստացող կողմ: Խոսքը վերաբերում է պատմաբանների միացյալ հանձնախմբի ստեղծմանը:
Թավշյա ժխտողականության մոտեցումը այն է, որ փոխանակ ասելու, թե ցեղասպանություն եղել է, չի եղել, հարցը իրավական և քաղաքական դաշտից տեղափոխենք պատմագիտական դաշտ և սկսենք անվերջանալի ուսումնասիրությունների, փաստարկ-հակափաստարկ ունայն շրջագծի (vicious circle) մեջ դառնալու խաղին:
Էրդողանը գուցե չի անդրադարձել, որ այս խաղը ինքն է ավարտում այս ձևով: Կանխվել է եզրակացությունը: Ցեղասպանություն եղել է, այո՛, սակայն շրջված ձևով, ըստ իհարկե, Թուրքիայի նախագահի: Պետական բարձրագույն գործիչն իր ազգակից գիտնականներին պատվիրում է այդ եզրահանգումը:
Հիմա հայկական կողմը հանգիստ կարող է շրջել միացյալ հանձնախմբի ծուղակը: Եթե կանխաեզրակացվել է հարցը, ի՞նչ պիտի քննարկել:
Սրանով էլ դեռևս չի ավարտվում Էրդողանի առաջ քաշած թեզը: Անտեսանելի 7- կետ կա. Անկարան 100-ամյակի գործողությունները ուզում է պահել 1915-ի դեպքերի բնութագրման ոլորապտույտում, հատուցման և պահանջատիրության դաշտից հեռացնելու համար աշխատանքները և նախաձեռնություն-հակազդեցություն պարանաձգության խաղի մեջ ներքաշել հայկական կողմը, որը թվում է, թե այլևս չի ուզում մասնակցել այդ խաղին: Պետական և հասարակական մակարդակներով մենք անցել ենք արդեն հատուցման իրավական թղթածրարի պատրաստությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր












