Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, մենք ընդամենը վերահաստատել ենք, որը ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ-ի տարածքի մաս. Շավարշ Քոչարյան

Հոկտեմբեր 30, 2014թ. 15:42

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ փոխզիջման մասին էր խոսում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, պատասխանեց, թե փոխզիջման մասին խոսք լինել չի կարող։

«Եղել է հետևյալը. Նազարբաևի կողմից բարձրացվում էր հարցը, որ հստակեցվի՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ միասի՞ն, թե ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որը ՀՀ-ն ունեցել է անկախությունից ի վեր, որ ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ-ի տարածքի մաս: Մենք ընկալում ենք ԼՂՀ-ն որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները հորիզոնական, դե յուրե չճանաչելով կապված բանակցային գործընթացի հետ: Այնպես որ, մենք որևէ զիջման չենք գնացել, ընդամենն արձանագրել ենք այն դիրքորոշումը և շարունակում ենք ունենալ»,-ասաց նա։

Շավարշ Քոչարյանը նկատեց, թե ՀՀ-ն հարգում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը կամ նրա կամարտահայտումն այն մասին, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է:

Իսկ թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե ոչ, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի հարց չկա, և պայմանագրում որևէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք դնել: Որտեղ մենք կդնենք մաքսակետ, ու դա վերաբերում է բոլոր անդամ-պետություններին, մեր սուվերեն կամքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա դա դիտարկվել է և՛ անդամ-պետությունների, և՛ ԵՏՄ հանձնաժողովի կողմից և համարվել է, որ մենք պատրաստ ենք այդ մաքսակետով, որևէ այլ խնդիր այդ ուղղությամբ և որևէ պահանջ գոյություն չունի»։

Քանի Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, դա եղել և շարունակում է խոչընդոտ մնալ առաջընթացի համար, սա է իրավիճակը. պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ արդյունքներ կարող է արձանագրել Ֆրանսիայում կայացած եռակողմ հանդիպումից՝ ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դրա համար պետք չէ առանձնապես տեղեկացված լինել՝ հասկանալու, որ առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկը ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ։ Բնական է, որ հայկական կողմը դրան չի գնա»,-ասաց նա:

Փոխնախարարը փաստեց, թե ավելին՝ առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ որոշակի վսահություն։ «Իսկ ինչ վստահության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերը համար մեկ թշնամիներն են, երբ որ դիվերսիաներ են կազմակերպվում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի սահմաններում, երբ դիպուկահարներին հետ չեն քաշում և այլն, և այլն: Հետևաբար այստեղից անկնհայտ է՝ ինչ առաջընթացի մասին կարելի է խոսել»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նկատեց, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին չափազանց կարևոր է, որին Ադրբեջանը որևէ ձևով չի համաձայնում. «Բանակցային սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է ԼՂ Հանրապետությանը»:


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն