Մենք դեմ ենք բաժանարար գծերին. Շավարշ Քոչարյանը՝ ԵՏՄ–ի և ԵՄ-ի հետ համագործակցելու մասին
ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե Ասոցացման համաձայնագրի համար ձևավորված աշխատանքային խումբն արդյո՞ք դեռ գոյություն ունի և նաև հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման համար աշխատանքներն արդյո՞ք սկսվել են։
Շավարշ Քոչարյանը նշեց, որ քանի դեռ համագործակցության ոլորտները հարցականի տակ էր ԵՏՄ անդամակցության պատճառով, թե ինչ պարտավորություններ են վերցնում, այդ իսկ պատճառով սպասողական վիճակ էր և նոր-նոր են սկսում հստակեցնելուց հետո առաջ գնալ:
«Ինչ վերաբերում է այդ հանդիպումներին, հենց այսօր փորձագիտական խումբ է եղել, որը հանդիպում է ունեցել ԱԳ նախարարությունում, նաև տիկին Զոհրաբյանի հետ է հանդիպում եղել, դա ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ՝ առաջ շարժվելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդհանուր դիտարկմանը, ապա Շավարշ Քոչարյանը նշեց, թե չափազանց կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցությունը:
«Մենք միշտ դեմ ենք եղել և դեմ ենք բաժանարար գծերին,տվյալ պարագայում, իհարկե, մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում, և կան որոշակի բացասական միտումներ այդ առումով, բայց ապագան մենք դիտարկում ենք համագործակցության շրջանակում, խոսում ենք ԵՏՄ –ԵՄ ասոցացման համագործակցության մասին, երկու հզոր տնտեսական միավորումներին և բնական է՝ չի կարող չլինել փոխադարձ համագործակցություն այդ երկու տնտեսական միավորումների միջև: Այնպես որ, այնումենայնիվ, ապագան համագործակցություն է, և Հայաստանը կարող է դրա համար ճանապարհ տվող լինել»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը:












