Գլխավոր » Infowar, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ «ՍԻՎԻԼԻԹԱՍԸ» ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26

Դեռ տարիներ առաջ էր կանխատեսվում, որ 2015-ին ընդառաջ ականատես ենք լինելու թուրքական քաղաքական, դիվանագիտական խորամանկության դրսևումների, որոնք կարտահայտվեն հասարակական բոլոր մակարդակներում, ինչպես ասում են՝ վերից վար:

Անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից, մասանգիտությունից թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին լծվելու են պետության ժխտողական քաղաքականության իրացմանը: Եվ սա ամենևին պատահական չէ. թուրք հասարակության մեջ առկա հայատյացության արմատները խորն են, դրա պատճառը շատ հակիրճ տվել է թուրք գրողը՝ Թաներ Աքչամը, ասելով.<Թուրք հասարակությունը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը>:

Սրանով ամեն ինչ ասված է՝ ներկայիս թուրքերի նախնիները թուրքական պետության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցներն են: Թուրք զանգվածը իր զինվորներին հավասար ամենադաժան միջոցներով խոշտանգել ու սպանել է հայերին, յուրացրել նրանց ունեցվածքը, հայրենիքը: Ներկայումս Թուրքիայի հարուստ ընտանիքները ցեղասպանության տարիներին հայերի ունեցվածքը բռնազավթածների ժառանգներն են: Սա ապացուցված փաստ է: Քյամիլ Քոչը, Նեժատ Էջզաջըբաշին, Սագըփ Սաբանջին, սրանք այն թուրքերն են, այսօր ներառված են աշխարհի 100 հարուստների ցանկում, ովքեր հարստացել են թալանելով հայերին: Նաև սրանով է բացատրվում այն, որ եթե թուրք հասարակությունն այլ հարցերում տարակարծություններ կարող է ունենալ իշխանությունների հետ, ապա ցեղասպանության հարցում մեկ մարդու պես համակարծիք է վարվող ժխտողական քաղաքականությանը:

Մինչդեռ մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:

Եվ ահա, հայաստանյան որոշ հկ-ներ, լրատվամիջոցներ, մշակութային ու բիզնես ոլորտներ ներկայացնող կառույցներ, հսկայական գրանտներով ոգևորված, դարձել են մասնակիցը թուրքիական քարոզչության իրականացման: Հայաստան-Թուրքիա երկխոսության հաստատման ուղղությամբ գործում է մի հսկայական ցանց: Այն Հայաստանում ներկայացնում են Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, իսկ Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Հրանտ Դինք հիմնադրամը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբը:

Եվրոպական միությունը 2014-ի սկզբին վերոհիշյալ կազմակերպություններին տրամադրեց 2 միլիոն եվրո և հունվարից սկսվեց՝ “Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին” ծրագրի իրականացումը: Ուշադրություն դարձրեք՝ ծրագրի տևողությունը մինչև 2015-ի ապրիլի 24-ն է: Եվ ուրեմն, փողը տրված է՝ գործը սկսված:
Սրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվության տարածմամբ զբաղված են ցանցի քարոզչության սպասարկու կայքերը, որոնց թվում է նաև ամերիկյան Change.org կայքը:

Ասենք, որ մեկը մյուսին հաջորդում են տարբեր միջոցառումներ: Հրանտ Դինք հիմնադրամը (ի դեպ, վերջինս համարվում է ԵՄ-ից ստացած փողը մյուս կառույցներին բաժանողը) Թուրքիայի համալսարաններում իրականացրեց հայերենի ուսուցման դասընթացներ, այդ նպատակով Հայաստանից Թուրքիա տանելով հայերենի մասնագետների: Մեկ այլ՝ փորձի փոխանակման նախագծի շրջանակներում էլ օրերս ավարտվեց հայ-թուրք լրագրողական փոխադարձ այցելությունները: Որին ի դեպ, մասնակցել է հայ լրագրողների 40 հոգանոց խումբը:

Թերևս, կլինեն մարդիկ ովքեր կարող են հակադարձել՝ ի՞նչ վատ բան կա սրանում, հարևաններ ենք, բա չերկխոսե՞նք: Շատ լավ, բայց գոնե պետք է՞ գիտակցենք, թե երկխոսություն ասելով իրականում ի՞նչ է հասկանում հարևանը, ազնի՞վ են, արդյոք, այդ նպատակները, ի՞նչ է թաքնված Հայոց ցեղասպանությունը ժխտող պետության նման ջերմեռանդ քայլերի հետևում: Եվ վերջապես, ի՞նչու է այսքան շռայլորեն բացվել թուրքական, նաև ամերիկյան ու եվրոպական “սպոնսերների” դրամապանակները:

Պատասխանը շատ պարզ է: Թուրքական լայնածավալ քարոզարշավը հենց այնպես չի կազմակերպվել, թուրքերը ակտիվորեն պատրաստվում են դիմավորել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 2015-ին ընդառաջ հայոց պահանջատիրության ձայնը խլացնելու նպատակով Թուրքիան բարձրացնում է հայ-թուրքական բարեկամության, անցյալը մոռանալու “շաքարաջրային” աղմուկ: Ցավալին ու մտահոգիչն այն է, որ դա արվում է տեղական կազմակեպությունների հետ ձեռք ձեռքի տված: Ուշադրություն դարձնենք այն համագամանքի վրա, որ երկու միլիոն եվրոյի շրջանակում կատարվող ծրագրերը նախատեսված են իրականացնել մինչև 2015-ի ապրիլի 24-ը: Ինչն էլ շատ բան է ասում թուրքական “ազնվության” մասին:

Ինչպես ասացինք, 40 հայ լրագրողներ տարվել են Թուրքիա, ի դեպ, ընդգծենք՝ տարվել են Թուրքիայի զբոսաշրջային, առողջարանական գոտիներ՝ Անթալիա, Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Կապադովկիա, Կլեոպատրայի բաղնիքներ կոչված հանգստավայր, այսինքն, ներկայացվել է Թուրքիան իր ողջ հմայքներով: Ուրեմն, պարզ չէ՞ այս գայթակղիչ ճամփորդության կազմակերպման նպատակը, հայ լրագորղներին կուրորտներով ման ածելու թուրքական նենգ մտադրությունը: Իսկ ինչո՞ւ հենց կուրորտներ, ինչո՞ւ ծրագրից “պատահաբար” դուրս է մնացել այցելությունը Արևմտյան Հայաստան:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տեղին արձագանքեց՝ այդ կուրոտային վայելքներով անցած լրագրողը չի կարող բացասական հոդվածներով հանդես գալ: Ահա թե ո՞րն է գայթակղեցնելու ողջ նպատակը: Մնում է սպասել, թե 40 հայ լրագրողները Թուրքիայում գրանտային հանգիստ վայելելուց հետո ինչպիսի բոցաշունչ հոդվածներով պետք է գովերգեն Թուրքիան ու հայ-թուրքական երկխոսությունը: Չնայած, մինչ պատվիրված հրապարակումների իհայտ գալն էլ դժվար չէ կռահել դրանց բովանդակությունը:
Ինչ վերաբերում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպվածին՝ թուրքական համալսարաններում հայերենի դասավանդմանը, որը դարձյալ ներկայացվում է որպես հայ- թուրքական երկխոսության փորձ, Ռուբեն Մելքոնյանն ասաց. “Ես չեմ հասկանում, թե դա ինչո՞վ է նպասելու երկխոսությանը՝ 2015-ին ընդառաջ՚, բայց վտանգ տեսնում է՝ ՙհայ մասնագետները գնում են թուրք ՙռազվետչիկներին՚՝ ագենտներին դասավանդելու հայերե՞ն, սա է՞ երկկխոսությունը”:

Առջևում դեռ շատ նոր ծրագրեր են սպասվում: Սիվիլիթաս հիմնադրամը տրամադրում է ճամփորդական գրանտներ: Այսինքն, երկու երկրներ այցելելու համար հայ և թուրք այցելուները ստանում են անվճար ուղևորատոմսեր, փոխարենը, նրանցից պահանջվում՝ վերադառնալուն պես հաշվետվություն ներկայացնել, թե սույն ճամփորդությունը որքանո՞վ է նպաստել հայ-թուրքական երկխոսությանն ու բարեկամությանը: Եվ դարձյալ նույն ձեռագիրը. անվճար ուղևորատոմս ստացած ուղևորը հաստատ իր գոհունակությունն է հայտելու, և ուրիշ ոչինչ:

Ի դեպ, հայ-թուրքական երկխոսության կայացման գործում մեծ դերակատարում ստանձնած Սիվիլիթաս հիմնադամը ակտիվորեն համագործակցում է հայտնի Անադոլու Կուլտուր կազմակերպության հետ: Վերջինիս ղեկավար, Թուրքիայում բնակվող Օսման Քավալաը, ով ծագումով հրեա է, արդեն երկար տարիներ ընդգրկված է հայ-թուրքական երկխոսություւնների մեջ: Լինելով թուրքական քաղաքական վերնախավում ընդունված անձ, նրան է վստահվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված որոշ պլանների իրագործումը, նաև դրանց ֆինանսավորումը:

Թուրքագետ Մելքոնյանը նկատում է՝ ամենավտանգան այն է, որ այդ ծրագրերի մեծ մասը ներկայացվում է չեզոքության քողի տակ, անգամ որպես հայանպաստ ծրագրեր: Իբրև թե երկու ժողովուրդներին ծանոթացնում են մեկմեկու մշակույթի հետ, նպաստում մարդկային կապերի զարգացմանը, տնտեսական ու գործարար կապերի ընդլայնմանը, սակայն հայերը լինելով գաղափարախոսական առումով շատ թույլ, հեշտությամբ հայտնվում են այս քարոզչական ծուղակում:

Մի փաստ ևս. պարզվեց, որ այս ծրագրերից դուրս չեն մնացել հայ և թուրք միասեռականները: Փաստորեն, հայ-թուրքական երկխոսության ջատագով կառույցները ակտիվորեն աջակցում են նաև թուրք և հայ գեյերի համախմբմանը: Քանի որ գեյ-շքերթների կազմակերպումը Հայաստանում հանդիպում է հասարակության լուրջ դիմնադրությանը, որոշել են ՙհայ՚ գեյերին տանել Թուրքիա՝ միասեռականների շքերթին մասնակցելու համար: Ու տարել են: Իսկ իրենց հայաստանցի լինելը տեղական գեյերը ապացուցել են հայերեն պաստառներ պարզելով: Ահա այսպիսի բաներ:

Ամփոփենք, ու արձանագրենք հետևյալը. եթե ոմանք 2015-ը լկտիաբար օգտագործում են զուտ սեփական գրպանի համար, ապա բուն ֆինասավորողների նպատակները շատ հեռու են գնում, նրանք զբաղված են քաղաքական հստակ նպատակների իրացմամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Infowar, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն